ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որ Արման Սահակյանը մրցակից չունենա

ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որ Արման Սահակյանը մրցակից չունենա
ՀՀԿ-ԲՀԿ-ի միջեւ առուծախի առարկա դարձած երբեմնի մշակութային քաղաք Գյումրիի ԱԺ թիվ 35 ընտրատարածքի պատգամավորի թափուր տեղում կարծես թե մրցապայքար չի սպասվում: Քանի որ իշխանությունը ԲՀԿ շարքերից Սամվել Բալասանյանին որոշեց կարգել քաղաքապետ, բնականաբար, ազատված տեղն էլ պետք է համալրի յուրայինով: Ավելի հարմար թեկնածու, քան նախորդ անգամ ԲՀԿ-ական թեկնածուին պարտված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր եւ բազում այլ բիզնես-գործունեություն ծավալող Արման Սահակյանն է, չկա:



 



Վերջինս խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել թիվ 34 ընտրատարածքում եւ պարտվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: Սա  իշխանության ամոթն էր, քանի որ նա Սերժ Սարգսյանի փեսայի ընկերն է, եւ իշխանությունն ամեն ինչ արել էր, որ նա հաղթեր: Եվ ահա թիվ 35 ընտրատարածքից պատգամավորի մանդատն այս անգամ բաժին կհասնի Արման Սահակյանին: Լուրջ մրցակից դեռ չկա, ինչը նշանակում է սահուն հաղթանակ: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ մեզ փոխանցեց, որ մեծամասնականով թեկնածու առաջադրելու հարցը դեռ չեն քննարկել: Առաջադրվելու հարցը վերջնական որոշված չէ նաեւ Բալասանյանների ընտանիքում, որտեղ որոշվել էր, որ հորից հետո նույն ընտրատարածքից պատգամավոր է դառնալու որդին՝ Միսակ Բալասանյանը: Այս մասին պաշտոնապես չի հայտարարվել, բայց ընտանեկան խորհուրդը հարցը դեռ փակված չի համարում՝ սպասում են իշխանությունների հրահանգին:



 



Թեեւ Արման Սահակյանի առաջադրումը ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, եւ դա ինքնին ենթադրում է, որ Բալասանյանի որդին չպետք է առաջադրվի: Երեկ այս հարցով հետաքրքրվեցինք Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից, ով ասաց, որ որդին Հայաստանում չէ, եւ միայն վերադառնալուց հետո պարզ կլինի: Թերեւս ԲՀԿ-ի այս անորոշությունը պայմանավորված է Սերժ Սարգսյանի այն հայտարարությամբ, որ ինքն է առաջարկել Բալասանյանին առաջադրվել Գյումրիի քաղաքապետի պաշտոնում, եւ նրա դիմաց ոչ մի թեկնածու չեն դրել, ինչը Բալասանյանին պարտքի տակ է թողել: Իսկ «պարտքը» Արման Սահակյանի ընտրվելուն աջակցելն է: Եթե ԲՀԿ-ն պատգամավորի թեկնածու չառաջադրի, ուրեմն կհաստատի, որ «չորս հարյուր հազարանոց  էլեկտորատ» ունեցող կուսակցության հրահանգները տրվում են Բաղրամյան 26-ից: Անկախ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններից, ուշագրավն այն է, որ Գյումրիում խոսակցություններ կան, թե Մարտուն Գրիգորյանը, նախկին հակառակորդի առաջընթացը խոչընդոտելու համար, թեկնածու է  առաջադրելու նրա դեմ:



 



Սակայն երեկ մեզ հետ զրույցում նա հավաստիացրեց, թե ոչ մի «շահագրգռվածություն չունի նման քայլի գնալու համար, ինչպես նաեւ նման թեկնածու չունի»: «Ես Արման Սահակյանի հետ թշնամություն չունեմ, եղել է ընդամենը ընտրապայքար, որի արդյունքում ես հաղթել եմ»,- ասաց նա:  Ինչ վերաբերում է իր նախկին մրցակցի հավանական հաղթանակին, կարծիք հայտնեց, թե «Բարգավաճ Հայաստանի» կողմից թեկնածու լինելու դեպքում ԲՀԿ-ի շանսերն ավելի մեծ կլինեին: Իսկ թե ինչու է Արման Սահակյանը որոշել կրկին առաջադրվել Գյումրիում, որտեղ ԱԺ ընտրություններում պարտություն կրեց, չկարողացանք պարզել, քանի որ նա համառորեն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նախընտրում է հանդես գալ միայն սեփական տերիտորիայից՝ իրեն պատկանող լրատվամիջոցից: Վարդան Ղուկասյանի կիրքը եւս մարել է՝ նա երեկ շնորհավորել է Սամվել Բալասանյանին եւ, ասում են՝ ԱԺ թափուր տեղի համար թեկնածու չի առաջադրելու, ինչն առավել հավանական է դարձնում Արման Սահակյանի հաղթանակը: Այլ կուսակցություններ եւս որեւէ հայտարարություն չեն արել թեկնածու առաջադրելու մասին: