Վերականգնվեց քաղաքացու խախտված իրավունքը

Վերականգնվեց քաղաքացու խախտված իրավունքը



2012 թ. սեպտեմբերի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Օլյա Կոզաեւայի ներկայացուցչի բողոքը:



 



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ դատարանը անվավեր է ճանաչել արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման հարկադիր կատարողի որոշումը, աճուրդը որպես հետեւանք՝ աճուրդի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության եւ Վահագն Կապլանյանի միջեւ կնքված առքուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Դատարանը վերականգնել է նաեւ Վանաձոր քաղաքի Կնունյանց 49 ա հասցեում գտնվող տնատիրության նկատմամբ Սուրեն Մովսիսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:



 



2008 – 2011 թթ. ընկած ժամանակահատվածում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պաշտպանել է Օ. Կոզաեւայի խախտված իրավունքները:



 



Օ. Կոզաեւային պատկանող բնակարանն անօրինական կարգով պարտադիր աճուրդով իրացվել էր: Կազմակերպությունը պահանջում էր վերացնել 2004  թ. փետրվարի 4-ին Օ. Կոզաեւային պատկանող գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին որոշումը եւ անվավեր ճանաչել աճուրդի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության եւ Վահագն Կապլանյանի միջեւ կնքված առքուվաճառքի պայմանագիրը ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:



 



2010 թ. հոկտեմբերի 11-ին Ա. Չիլինգարյանի կողմից դիմում է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ի լրումն հայցադիմումի, որով խնդրել է անվավեր ճանաչել  աճուրդը եւ առքուվաճառքի պայմանագիրը, տան նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը:  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցը:



 



Ա. Չիլինգարյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թ. փետրվարի 16-ի որոշման դեմ:



 



Դատարանը բավարարել է բողոքը` բեկանելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ գործն ուղարկել է նույն դատարան` նոր կազմով քննության:



 



Առաջին ատյանի դատաքննության ընթացքում Կոզաեւայի ցանկությամբ դատարանում փոխվել է ներկայացուցիչը եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանի փոխարեն, գործով ներգրավվել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հ. Սաֆարյանը: