Դիրքային պատերազմ

Դիրքային պատերազմ
Քաղաքական լարումը երկրում մեծանում է: Եվ դա պայմանավորված է նրանով, որ նախընտրական անորոշ վիճակը չի հստակվում: Իշխանությունը սպասում է ընդդիմության դիրքորոշմանը՝ հնարավոր միջոցներով արագացնելով պրոցեսները եւ փորձելով պառակտում մտցնել նրանց շարքերում: Ընդդիմությունը թեեւ չի համախմբվում, սակայն համախմբման փորձեր է բեմադրում եւ իշխանությանը պահում լարվածության մեջ: Այս դիրքային պատերազմը կարող է շարունակվել ընդհուպ ընտրություններ:



 



Եթե ընդդիմության դիրքորոշումը մեզ՝ շարքային մահկանացուներիս, ինչ-որ տեղ հասկանալի է եւ տրամաբանության շրջանակներում է, ապա իշխանությունների խուճապը չի հասկացվում: Եթե իսկապես այնքան ուժեղ եք ու ինքնավստահ, որ ամեն քայլափոխի հայտարարում եք, թե ձեր թեկնածուն արդեն «հաղթած» ունի, եւ ոչ մի միասնական թեկնածու նրան մրցակից չէ, ապա ինչո՞վ բացատրել այդ տագնապը, ԲՀԿ-ին ուղղված մեսիջները, նրան ձեր դաշտ տանելու ձգտումն ու համընդհանուր լարումը, որ աչք է ծակում: Եթե հետեւենք հանրապետականների մտքի ընթացքին, ապա ԲՀԿ-ընդդիմություն թեկնածուն կամ խայտառակ պարտություն է կրելու, կամ սիմվոլիկ ձայներ է տանելու՝ այնքան, որ ոմանք ենթադրում են, որ այդ թեկնածուի առաջադրվելը բխում է հենց իշխանության շահերից եւ անգամ կարող է իշխանական սցենարով է տեղի ունենում:



 



Սակայն ամբողջ հարցն այն է, որ հնարավոր է այնքան էլ սիմվոլիկ չլինեն այդ ձայները, եւ այլընտրանքային թեկնածուն շոշափելի արդյունք ապահովի: Եթե անգամ այդ ձայները չլինեն անցողիկ քանակի, չի բացառվում, որ հնարավոր լինի դժգոհ զանգվածը փողոց հանել: Ապա կաճեն ընդդիմության եւ ընդդիմադիր թեկնածուի հավակնությունները, իրավիճակը հանրապետությունում կփոխվի, եւ իշխանության համար լրացուցիչ դժվարություններ կստեղծվեն: