Մեծ գրողը հեռանում է

Մեծ գրողը հեռանում է
Ամերիկյան արձակի ամենաերեւելի դեմքերից մեկը՝ Ֆիլիպ Ռոտը, ով 31 վեպի (որոնցից մի քանիսը գլուխգործոցներ են համարվում), բազմաթիվ էսսեների, պատմվածքների հեղինակ է, ֆրանսիական մի ամսագրի տված հարցազրույցում հայտնել է, որ վերջնականապես թողնում է վիպասանության արվեստը:



 



Մարտի 19-ին կլրանա Ռոտի 80 ամյակը: Գրողի կյանքը ոչ մի օր չի անցել առանց տողի: Նրա բեղուն գրիչը զարմացնում ու հիացնում էր ինչպես ընթերցողներին, այնպես էլ գրականության աշխարհի մարդկանց: Հարոլդ Բլումի կարծիքով, Ռոտի գեղագիտական մասշտաբների մասին շատերը դեռեւս գաղափար չունեն: Գրելը թողնելու որոշումը նա կայացրել է դեռ 2010 թվականին, իր վերջին վեպի՝ «Նեմեզիդայի» լույսընծայումից հետո: Վերջին տարիներին վերընթերցելով Դոստոեւսկու, Տուրգենեւի, Քոնրադի, Ֆոլկների, Հեմինգուեյի եւ դասական գրականության այլ ներկայացուցիչների գործեր, գրողն անդրադարձել է սեփական գրքերին եւ կարծում է, որ որոշ բաներ ստացվել են:



 



«Գործն արված է: Ես արեցի այն, ինչ կարող էի»,- իր վեպերից մի քանիսն ընթերցելուց եւ մյուսները վերանայելուց հետո նման եզրահանգման է եկել Ռոտը: Այժմ նա ունի բավական ժամանակ նոր վեպի մասին այլեւս չմտածելու եւ ընթերցելու իր նախընտրած գրականությունը:  Նա ձեռք է բերել iPhone ու հիմա փորձում է տիրապետել դրա բոլոր հնարավորություններին: «Ես գիտեմ, որ հիմա չեմ կարող գրել ինչպես այն ժամանակ: Ես կորցրել եմ հիասթափությանը դիմադրելու կամքը: Գրելը հիասթափություն է, ամենօրյա հիասթափություն, էլ չասեմ՝ ստորացում: Ես այլեւս ի վիճակի չեմ  ապրել օրեր, երբ գրում եմ հինգ էջ ու ստիպված լինում դեն նետել դրանք: Կյանքից կտրված՝ ես ստեղծագործել չեմ կարող: Ես ֆանտազյոր չեմ: Գրելիս իմ ոտքերի տակ պիտի միշտ պինդ հող լինի»:



 



Ֆիլիպ Ռոտը մի քանի տարի առաջ վեպի ժանրի ապագայի վերաբերյալ տագնապ էր հայտնել: «Ես չեմ ասել, թե վեպը մեռնում է: Ոչ, ընթերցողներն են մեռում: Հեռուստաէկրանը սպանեց ընթերցողին, իսկ հիմա նրան սպանում է համակարգչի էկրանը: Այնուամենայնիվ, հիացմունքի արժանի գրողներ կան եւ մոտ 20 երիտասարդ տաղանդավոր անուններ, որոնք իրոք շատ լավն են»: