Ժողովրդի պայքարը՝ ընդդեմ մնացածի…

Ժողովրդի պայքարը՝ ընդդեմ մնացածի…
Լոս Անջելեսից իրավաբան Անժելա Բարսեղյանը գրում է. «Գիտեմ, որ ամեն օր գրում եմ Հայաստանի քաղաքացիական պետքերի մասին, որպիսզի ունենանք օրինակելի երկիր...ու մեկը կարող է ասել, հեյ, արի, ինքդ արա, մի թելադրիր...այն էլ հեռվից....հասկանում եմ, ինքս, մենակս ոչինչ չեմ կարող անել, սակայն եթե կան հարյուրավոր, հազարավոր, տաս հազարավոր հայեր, որ նույնն ենք մտածում, ուրեմն կկարողանանք միասին իրագործել ՀԻՄՆԱԴՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ մտքերը....Առայժմ աշխատում եմ՝  անձնական քարոզչությունս տարածել, որ իմ մեկ ձայնը հազարապատկվի...»:



 



Քաղացիական հասարակություն ձեւավորելու գործընթացը սա է, յուրաքանչյուրը պետք է կարեւորի իր մեկ հատիկ ձայնը, յուրաքանչյուրը իր ձայնի ետեւից պետք է կարողանա տանել եթե ոչ հազարավոր, գոնե հարյուրավոր մարդկանց... Անժելան այդպես էլ անում է՝ իր կոչով. «Հիմնադրենք Հայաստան, փակենք դռները աղքատության, որդեգրենք մեր ժողովրդին: Բավ է ունենանք որբանոցներ, բավ է ունենանք աղքատանոցներ, բավ է ունենանք ողորմող խոպանավորներ, բավ է ունենանք ողորմող հասարակություն, բավ է ունենանք աղքատներ: Վեր կացեք ու փակեք բոլոր դռները նման աղքատանոցների: Հայը հպարտ է, հայը որբ չունի, միայն հարազատ զավակներ ու հարազատ ժողովուրդ: Հայ ժողովուրդ, տեր կանգնիր մեր երկրին, գրավենք մեր արժանապատիվ տեղն այս աշխարհում»:



 



ՀՀԿ-ն Սփյուռքում համարվում է հայ ժողովրդին ստրկացրած կուսակցություն, եւ նա է որոշում ժողովրդի փոխարեն: Ի՞նչ է ասում Անժելան. «Հայաստանի բնակչության 99.9 % -ը Հանրապետական կուսակցության անդամներ են: Որեւէ կոչ ժողովրդի ու երկրի կենցաղի բարելավման ու փոփոխության համար անցնում է բացարձակ լռությամբ... Համրերի երկիր , իմ Հայաստան, ոչ լսում ենք ու ոչ էլ տեսնում... Հանրապետական կուսակցությունը հայ ժողովրդին տժվժիկ է կերակրում ահավասիկ տասնյակ տարիներ.....



 



Նիկողոս աղա. -Տա՛ր, Ներսես աղբար, տա՛ր թող պզտիկներն այսօր տժվժիկ ուտեն:



 



-Ներսես աղբար, սա տժվժիկին փորձանքեն ազատվելու համար, մոմ, մոմ մը վառե՛:



 



-Կը վառեմ, է՜... կը վառեմ: Մեկը չէ՛, տասը կը վառեմ:



 



ՀՀԿ ականների պաշտոնյաները նման են Հակոբ Պարոնյանի Աբիսողոմ աղային....իրենց կովերով ու ագարակներով...



 



-Դո՞ւք եք, Աբիսողոմ աղա, ե՞րբ եկաք, ո՞ր շոգենավով եկաք, ի՞նչպես եք, ձեր եղբայրն ի՞նչպես է, ազգային գործերն ի՞նչպես են Տրապիզոն, հացին գինը քա՞նի է հոն, անձրեւ եկա՞վ այս օրերս ձեր քաղաքը․․․ վայ, Աբիսողոմ աղա, վայ․․․



 



-Ես եմ Աբիսողոմ աղան, հիմա եկա, տաճկի շոգենավով եկա, շատ աղեկ եմ, եղբայրս ալ աղեկ է, ազգային գործերն ալ աղեկ են Տրապիզոն, հացին գինը մեկ դահեկան է, անձրեւ չեկավ այս օրերս մեր քաղաքը,- պատասխանեց փութով թիկնոցաբնակն՝ առանց ճանաչելու այս անձն»:



 



Անժելան նախագահ ընտրելու հետաքրքիր, բայց անիրականանալի լուծում է առաջարկում Հայաստանում, ասելով՝ «Վերացնել է պետք քաղաքացիական ու հասարակական ընտրությունները, քանի որ Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի բոլոր երրորդ ու չորրորդ կարգի երկրներում , արդար ընտրություններ ակնկալելը հիմարություն է, որով իշխանությունը ունի բոլոր ֆինանսական ու կազմակերպչական միջոցները, իրենց քվեները ապահովելու, արդյոք ավելի նպատակահարմար չի՞  լինի, եթե գոյություն ունենա քաղաքացիներից կազմված կոմիսիա, փոփոխվող, ու որոնք երկրի տարբեր շրջաններից են, իրար անծանոթ, ու կարդում են թեկնածուների տվյալները, կրթություն, փորձառություն, ընտանիք... ու հասարակական գովեստի նամակներ: Ամեն ինչ, որ թեկնածուն կարող է իր մասին ներկայացնել Կոմիսիային, ու նա իր հերթին կընտրի ճիշտ ղեկավարին, ճիշտ պաշտոնի համար....

Թե չէ, եթե հայ ժողովուրդը իր հույսը չի կարող դնել ընտրություններին, միեւնույնն է, երբեւէ նրանք ոչ արդար են լինելու, ոչ էլ ճիշտ որոշում՝ ճիշտ գործի համար....սուտից դեմոկրատիա չխաղանք...բոլորը սուտ բաներ են...Մենք մեզ չխաբենք, ոչ հիմա ու ոչ էլ վաղը»:



 



Անժելան երեւի չի պատկերացնում, որ «կոմիսիա», հանձնաժողով ստեղծելու գաղափարը Հայաստանում վաղուց վարկաբեկվել է եւ «կոմիսիա» ստեղծելը գործող իշխանության համար կդառնա մանանա՝ երկնքից իջնող վերարտադրությամբ, որովհետեւ վստահություն չկա նաեւ գրանտներով աշխատող հասարակական կազմակերպությունների վրա: Երկրում ոչ մի մաքուր կետ չի մնացել, որի վրա հենվելով, ինչ որ բան ստեղծվի: Համաձայնենք Արմեն Զատիկյանի հետ՝ ժողովրդի պայքարը՝ ընդդեմ մնացածի: Հայաստանում առանց ներքեւից եկող հեղափոխության հնարավոր չէ հիմնադրել Նոր Հայաստան: Իսկ ընդերքի ժայթքման օրն ու ժամը ոչ ոք չի կարող կանխագուշակել: Ահեղ տարերքները բանակցությունների մեջ չեն մտնում, դրանք խմորվում, խմորվում ու…  Բոլորը գիտեն այդ ճշմարտությունը: Մնացած կոսմետիկ միջոցները երկրին նոր բան չեն կարողանալու տալ:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ