Ռուսաստանցիներին քիչ են գրավում հայաստանում ներկայացված ընկերությունները

Ռուսաստանցիներին քիչ են գրավում հայաստանում ներկայացված ընկերությունները
Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) փորձել է պարզել, թե Ռուսաստանի որ ընկերությունը որքան է գրավում բնակիչներին: Ցավալի է, բայց Հայաստանում ներկայացված ռուսական ընկերությունների գրավչությունը վերջին երեք տարում նվազել է: Հարցմանը մասնակցել է Ռուսաստանի 1600 քաղաքացի՝ 138 բնակավայրում:



 



Հարցման ժամանակ մարդկանց առաջարկվել է պատասխանել հետեւյալ հարցին` եթե ձեզ աշխատանք առաջարկվեր, ո՞ր ընկերությունը կընտրեիք առաջին հերթին: Հայաստանում աճել է միայն ռուսական գիգանտ «Գազպրոմի» (Հայաստան բնական գազի միակ մատակարար «ՀայՌուսգազարդ» ընկերության 80 տոկոսի սեփականատեր) գրավչության եւ վստահության աստիճանը. 2009-ին «Գազպրոմը» կընտրեր հարցվածների 33, այսօր` 44 տոկոսը: Մյուս դեպքում հակառակ պատկերն է:



 



«Ռուսական երկաթուղիներ» («Հայկական երկաթուղիների» կառավարիչ) ընկերությունը 2009-ին գրավում էր մարդկանց 14, այսօր` 13 տոկոսին:



 



ՎՏԲ բանկը (Հայաստանում ունի 68 մասնաճյուղ) երեք տարի առաջ գրավիչ էր ռուսաստանցիների 6, հիմա` մոտ վեց տոկոսին:



 



«Ռոսգոսստրախ» ընկերությունը  («Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը Հայաստանում ունի 45 վաճառքի կետ) գրավիչ է ռուսաստանցիների երկու տոկոսի համար, 2009-ին գրավիչ էր չորս տոկոսի համար:



 



ՄՏՍ  («Վիվասել-ՄՏՍ» ընկերության սեփականատեր) բջջային կապի ծառայություն մատուցող ընկերությանը 2009-ին վստահել է հարցվածների 3, այսօր` երկու տոկոսը:



 



«Վիմպելկոմ» («Բիլայն` Beeline», «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերության սեփականատեր) ընկերությունը 2009-ին գրավել է մարդկանց 4, այս տարի`միայն մեկ տոկոսին:



 



«Ռուսալ» («Արմենալ», նախկին ԿԱՆԱԶ, ընկերության սեփականատեր) ընկերության համակիրները 2009-ին հարցվածների երկու տոկոսն էին, հիմա դարձել են մեկ տոկոս:



 



Հարցման հեղինակները քաղաքացիներին ընտրության հնարավորություն են տվել եւ հարցաշարում «Այլ ընկերություն» տողը ներառել: Բացի նշվածներից, Հայաստանում կան ռուսական այլ ընկերություններ: Հարցման համաձայն, 2009-ին այլ ընկերություններին վստահում էր հինգ, հիմա` չորս տոկոսը:



 



Արամ ԶԱՔԱՐՅԱՆ