Մարդ է՞լ գնա Արագած ու հետ դառնա բարակած

Մարդ է՞լ գնա Արագած ու հետ դառնա բարակած
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում փորձել է մեկ բառով բնութագրել ԲՀԿ բրյուսելյան այցը՝ կասեի, որ դա անհրաժեշտ այցելություն էր: Ի՞նչ ասել է՝ «անհրաժեշտ»: Այսինքն՝ դա մի այց էր, առանց որի ԲՀԿ-ն յոլա գնալ չէ՞ր կարող:



 



Երբ ասում են՝ կենդանի օրգանիզմին անհրաժեշտ են օդ, ջուր, սնունդ, ես հասկանում եմ՝ կա կենսագործունեության խնդիր, եւ խոսքը կենսունակությունն ապահովող բաղադրատոմսի մասին է: Արդյոք Բրյուսել գնալը հայկական կուսակցության համար օդի ու ջրի պես մի բա՞ն էր: Ավելին՝ մի ճոխ հարսանիքի շուխուրո՞վ էր ԲՀԿ-ին անհրաժեշտ գնալ Բրյուսել:



 



«Նախ, անհրաժեշտ էր, որ ԲՀԿ-ն՝ որպես Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժ, ներկայացներ իր տեսակետները երկրի ներկայի եւ ապագայի վերաբերյալ»,- գրում է դիվանագետ Օսկանյանը: Առաջին հայացքից թվում է՝ նա հումոր է անում: Բանն այն է, որ ոչ մի ազդեցիկ քաղաքական ուժ չի գնում սրա-նրա տուն ու ասում, որ ինքն ազդեցիկ ուժ է, իսկ սրանք էլ իր տեսակետներն են երկրի ներկայի եւ ապագայի մասին: Զուտ դիվանագիտորեն դա ճիշտ չէ: Պատկերացրեք՝ ԱՄՆ պատվիրակությունն Օբամայի գլխավորությամբ գա Փարիզ եւ Հոլանդին ասի, որ ԱՄՆ-ն արեւմտյան կիսագնդի ազդեցիկ երկրներից մեկն է եւ երկրագնդի այդ հատվածի ներկայի ու ապագայի մասին ունի այս-այս պատկերացումները: Հա, դրանից հետո էլ պետքարտուղար Քլինթոնն իր ֆեյսբուքյան էջում գրի, որ դա ԱՄՆ-ի համար անհրաժեշտ այցելություն էր:



 



Գաղտնիք չէ, որ ազդեցիկ ուժերին ու մարդկանց այդ նույն բրյուսելների ղեկավարները պեղում-գտնում են տեղում, փորձում նրանց հետ կապ հաստատել, հարաբերություններ ստեղծել, հասկանալ նրանց նպատակներն ու տեսակետները առկա խնդիրների եւ ապագա զարգացումների վերաբերյալ: Այս տեսանկյունից Հայաստանն ընդհանրապես եվրակառույցների եւ միջազգային կազմակերպությունների մոնիթորինգի տակ է, եւ վաղուց Հայաստանում տեղի չի ունենում մի չնչին շարժում անգամ, որ նրանց ուշադրությունից վրիպի: Հետեւաբար, գնալ Եվրոպա եւ եվրոպացիներին պատմել հայաստանյան իրողությունները, որոնց այդ եվրոպացիներն ավելի քաջածանոթ են երբեմն, քան մենք, նման է, ոնց ասենք, սեփական քեռուն կանանց հետ հարաբերվել սովորեցնելուն: Թե սրա ինչն է անհրաժեշտ, թողնենք Օսկանյանի եւ ԲՀԿ-ի դատին:



 



Հետաքրքիր է, որ Օսկանյանը հետագայում հաստատում է մեր այս դիտարկման ճշմարտացիությունը: Նա գրում է. «Եվրոպական կողմին հիմնականում հետաքրքրում էր, թե էությամբ ինչպիսի կուսակցություն է «Բարգավաճ Հայաստանը» եւ ինչ ծրագրեր ունի երկրի ապագայի վերաբերյալ»: Այսինքն՝ մինչ այս այցը եվրոպական ազդեցիկ կառույցները նույնիսկ չգիտեի՞ն, թե ինչ կուսակցություն է ԲՀԿ-ն, որը մյուս կողմից էլ հայաստանյան քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից թերեւս երկրորդն է:



 



Եթե Օսկանյանի գրածներն ընդունենք որպես հալած ճշմարտություն, ապա պետք է ընդունենք նաեւ, որ ԲՀԿ-ին հաջողվել է եվրոպացիներին հասկացնել, որ այդ ազդեցիկ կուսակցությունը միակողմանի ուղղվածություն ունեցող ուժ չէ: Ի դեպ, արդեն քանի տարի է՝ նույն բանը եվրոպացիներին փորձում են հասկացնել նաեւ ՀՀ իշխանություններն ու անձամբ Սերժ Սարգսյանը, բայց, ինչպես տեսնում ենք, սայլը տեղից չի շարժվում: Խնդիրն այն է, որ ինչքան էլ ԵԺԿ համագումարներ անես ու խոստումներ տաս, որ դավանում ես եվրոպական արժեքները, միեւնույն է՝ եվրոպացին չի կարողանում հասկանալ, թե այդ ինչպես ենք մենք հիսուն տարի շարունակ իրենց արժեքները պահպանելու Հայաստանում՝ ռուսական զենքով ու զորքով:



 



Բայց ահա, Օսկանյանը մեզ ասում է, որ եվրոպացիներին հետաքրքրել է, հանկարծ, թե որքանով ԲՀԿ-ն կկարողանա աջակցել՝ ավարտին հասցնելու Հայաստան-ԵՄ ասոցացման եւ Ազատ առեւտրի մասին համաձայնագրերի ու բանակցությունների փուլը եւ անցնել դրանց գործնական կիրառմանը: Շատ ներողություն, բայց պարոն Օսկանյանն այստեղ նույնիսկ մեծ ծառայություններ է մատուցում ՀՀ իշխանություններին՝ ընթերցողին հասկացնելով, թե իբր ՀՀ իշխանությունները Հայաստան-ԵՄ ասոցացման ինչ-որ փուլում են, ու ԲՀԿ-ն էլ, ահա, գալիս է շարունակելու այդ փուլը եւ Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու: Հարգելի Օսկանյանը մեզնից հազար անգամ լավ գիտի, որ Հայաստանը դարերով հեռու է ԵՄ անդամ դառնալու հեռանկարից, եւ մեր իշխանությունների շեփորահարումները, թե մեկ տարով առաջ ենք գցել Շենգենում ազատ ֆռֆռալու մեր քաղաքացիների իրավունքը, ընդամենը նախընտրական հերյուրանք է:



 



Ավարտելով ԲՀԿ բրյուսելյան այցի մասին իր գնահատականների շարքը՝ Օսկանյանը նաեւ խոսել է ԲՀԿ-ի եվրոպական հետաքրքրությունների մասին: Որպես ազդեցիկ ուժ՝ ԲՀԿ-ն էլ հետաքրքրվել է, թե որքանով են անկեղծ եվրոպական կառույցները Հայաստանի հանդեպ իրենց վերաբերմունքի եւ գնահատականների մեջ, ինչ են մտածում Հայաստանում ընթացող գործընթացների, բարեփոխումների, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ ծրագրերի մասին: Մեզ չի թվում, որ ազդեցիկ որեւէ ուժ պիտի աղմուկ-աղաղակով Բրյուսել գնա՝ այսպիսի հասարակ հարցի պատասխան ստանալու համար: Նախ, ազդեցիկ ուժն իր վերլուծական կենտրոնը կունենար եւ, ապա, եվրոպական կառույցից չէր հետաքրքրվի վերջինիս անկեղծության չափի մասին: Ազդեցիկ ուժը եվրոպական կառույցի առջեւ փաստեր կդներ ու կասեր՝ հարգելի կառույց, մենք տեսնում ենք, որ այս-այս հարցերում դու անկեղծ չես, իսկ այն եւ մյուս հարցերում էլ կիսաանկեղծ ես:



 



Ամենավերջում մեր տասնամյա արտգործնախարարը ԲՀԿ բրյուսելյան այցի մասին հայտարարում է. «Կարծում եմ՝ երկուստեք ստացանք մեր հարցերի պատասխանները»: Եվ ի՞նչ ասացին եվրոպացիները: Այնքանը գիտենք միայն, որ Գագիկ Ծառուկյանի մասին ասել են, որ նա շատ հետաքրքիր եւ համակրելի թեկնածու է: Ի՞նչ կարող ենք ավելացնել այս գնահատականին: Երեւի ոչինչ: Պարզապես նկատենք, որ մի բառով սա կարող է կոչվել «դաբրո» կամ՝ OK, բայց ասենք նաեւ, որ անհետաքրքիր մարդ առհասարակ դժվար է գտնել քաղաքականության մեջ: Եվ պատկերացրեք, որ եթե էպոսագետը գնար Բրյուսել, հետաքրքրությունը նրա հանդեպ կարող էր նույնիսկ ավելին լինել: Դյուցազներգությունները հիմա շատ մոդա են ամբողջ աշխարհում, եւ իզուր չէ, որ մեր «Սասնա ծռերը» ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանության տակ է արդեն:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ