Դավիթ Հարությունյանն ի՞ր մասով լքեց դահլիճը, թե՞ 82-ի

Դավիթ Հարությունյանն ի՞ր մասով լքեց դահլիճը, թե՞ 82-ի
Հայաստանում եթե որեւէ մեկը մասնագիտական առումով տիրապետում է իրավական կամ օրենքի դաշտի որոշակի շրջանակի, ապա դա ոչ թե ի շահ օրենքի, ի շահ մարդու է բանեցնում, այլ չմուշկներն առնում ու վարժ  «սղում» է: Կարեւոր չէ՝ ասածի մեջ ճշմարտություն կա, թե չկա, կարեւորը իրավական տերմիններով «չմշկելն» է ու ստանձնած գործը պարտաճանաչությամբ կատարելը:



 



Երեկվանից մամուլն արձագանքում է իբր «սկանդալային» մի դեպքի. Դավիթ Հարությունյանը լքել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը եւ դուրս եկել դահլիճից, որովհետեւ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը փոխնախագահ Դավիթ Հարությունյանին արգելել է նիստի ժամանակ արտահայտվել: Իսկը իրավական պաշարով զինված փոխնախագահի համար «չմշկելու» տեղ: Զինանոցը գործի է դրել եւ հայտարարությամբ փոխհրաձգության տակ առել Փաշինյանին: Նշեմ, որ էթիկայի հանձնաժողովում լսվում էր նոյեմբերի 21-ին ԱԺ 48 պատգամավորի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը տապալած 83 պատգամավորների վարքագծի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության դիմումը: Փաշինյանը տեղեկացնում է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն` պատգամավորն իրավունք չունի մասնակցել իրեն վերաբերող հարցի քննարկմանը: Իսկ Հարությունյանն օրենքի սառցի վրայով փորձում է վարժ «չմշկել», ասում է. «...Որ ես, որպես էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, կմասնակցեմ Ա. Ռուստամյանի դիմումի քննարկմանը միայն մյուս 82 պատգամավորների մասով, իսկ իմ մասով հարցի քննարկմանը չեմ մասնակցի»:



 



Զավեշտալի իրավիճակ է: Փորձեմ պարզեցնել. պատկերացնենք մի դասարան, որի 30 աշակերտը դասից փախել է: Տնօրենը ողջ դասարանին խիստ նկատողություն է հայտարարում: Աշակերտներից մեկը Դավիթ Հարությունյանի նման ասում է. «Նկատողությունը տարածեք 29-ի մասով, իմ մասով նկատողությունը հանեք»: Մի՞թե 82-ի մասով քննարկվող հարցը նույն իրեն՝ Դավիթ Հարությունյանի հարցը չէ: Մի՞թե 82-ն այլ, Դավիթ Հարությունյանն այլ պատճառաբանությամբ է բոյկոտել ԱԺ արտահերթ նիստը: Երբ գործողությունը կատարվում է խմբակային, դա ի՞նչ է նշանակում. կարող ես խոսել բոլորի մասով, բայց ո՞չ քո մասով... Վերջում հարգարժան Հարությունյանը գաղտնազերծում է իր մտադրությունը. «Օրենքի նման կոպիտ ոտնահարումը ստիպեց ինձ լքել նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այդպիսի նիստն ապօրինի է»: Դե ասա էլի՜... Չհասկացա՝ Դավիթ Հարությունյանն ի՞ր մասով լքեց դահլիճը, թե՞ 82-ի մասով:



 



ՀԳ - Մի անգամ Դավիթ Հարությունյանին թույլ չեն տվել խոսել, ապօրինի է ճանաչում նիստը, բայց ի՞նչ անի հայ ժողովուրդը, որին 20 տարի թույլ չեն տալիս տեր կանգնելու իր ձայնին...



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ