ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան

ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան
ՄԵՐԿԵԼ, ԿԱՐՈՂ Ա՞ ԴՈՒ ՄԵԿ ԷԼ...



 



Անգելա Մերկելը, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի իբրեւ Գերմանիայի փաստացի ղեկավար, քանի որ... կին է: Հարցումները ցույց են տվել, որ կանանց 94 տոկոսն իրենց ձայնը տալու են Մերկելին, քանի որ նա իրենց սեռին է պատկանում:



 



ՌՈՒՍՈՖԻԼ ՀՈԼԻՎՈՒԴ



 



Հոլիվուդյան մարտաֆիլմի պարտադիր կանոնները.



Ա. Որեւէ ռուս ստոր սրիկա՝ ցանկալի է զենքի կամ թմրանյութի վաճառքով զբաղվող



Բ. «Ռուսի վերջը»՝ ֆիլմի վերջում:



 



ԲԱ ՌՈՒՍՆԵՐԸ ՍԵՆՑ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ՉԵ՞Ն ԱՆԵԼՈՒ



 



Ամերիկյան Ազգային հետախուզական խորհրդի (հա, փաստորեն, տենց կառույց գոյություն ունի) վերջին զեկույցը սցենարով գրեթե չի տարբերվում հոլիվուդյան մարտաֆիլմից: Ըստ զեկույցի՝ Ռուսաստանի ազդեցությունը կնվազի, ինչպես բոլոր այն երկրներինը, որոնց ազդեցությունը պայմանավորված է նավթի առկայությամբ:



 



ՀՈՒՍԱԴՐԵՑ



 



Վերոբերյալ կառույցի վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ ամերիկյան քաղաքականությունը կիրառում է Աստվածաշնչի մեթոդիկան՝ Հույսը կիրառելով իբրեւ նորագույն քաղաքական կատեգորիա: Մոտակա տասնութ տարիների ընթացքում, պնդում է զեկույցը, ողջ աշխարհի միջին դասը ամրապնդելու է իր դիրքերը եւ ավելացնելու թվաքանակը՝ առաջին անգամ մարդկության պատմության մեջ դառնալով իշխող դաս: Մինչեւ 2030 թվականը Չինաստանը կխլի ԱՄՆ-ից աշխարհի առաջին տնտեսության դափնին, բայց փոխարենը ԱՄՆ-ն կպահպանի քաղաքական առաջատարի գայիսոնը՝ շնորհիվ ինքնաբավ էներգահամակարգի:



 



ՀԱՆՈՒՆ «ՀԱՅԼՈՒՐԻ»



 



ՀԳ -  Քանի որ Ադրբեջանը նավթի հաշվին է հոխորտում, գոնե ուրախանալու բան կլիներ, եթե ամերիկացիքի զեկույցը Գյուլնազ տատի հեքիաթները չհիշեցներ: Փոխարենը կարելի է հայլուրյան հաղորդագրություն տարածել. «Առաջիկա քսան տարիների ընթացքում Ադրբեջանը կկորցնի իր հեղինակությունը,- նշել է ամերիկյան ազգային հետախուզական խորհուրդը»: Ու ջհանդամը, որ էդ ԱԽԽ-ի սկի մտքով չի անցել, որ տենց բան ասի:



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ