«Ինչպե՞ս է բժիշկ- մանկավաճառը խուսափել պատժից»

«Ինչպե՞ս է բժիշկ- մանկավաճառը խուսափել պատժից»
«Ոչ երեխաների վաճառքին» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նամակը ներկայացնում ենք ստորեւ:



«Հարգելի՛պարոն նախագահ,

Հարգելի՛պարոն նախարար,


ՀՀ ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ երկրի կառավարության վարած քաղաքականության առաջնահերթություններից է համարվում կաշառակերության դեմ պայքարն ու այդ արատավոր երևույթն արմատախիլ անելը: Իսկ վերջերս էլ, Դուք պարո՛ն նախագահ, շեշտադրեցիք արդարադատության ոլորտում հաշվետվողականության, անաչառության ու թափանցիկ աշխատաոճի կարևորությունը հանրային վստահության ապահովման համար: Մենք հավատում են բարեփոխումների  Ձեր նպատակամղվածությանը, սակայն արդարադատության ոլորտի տարբեր օղակներում առկա կամայական ու անհասկանալի որոշումները հանրության շրջանում կասկած են առաջացնում, որ արդարադատության համակարգը գործում է իրապես մարդու իրավունքների պատշաճ ապահովման ու պաշտպանության նկատառումներով, և որ հրապարակային տրված Ձեր հանձնարականներն իրականությունն են դառնում:


Մասնավորապես,  ինչպե՞ս է պատահում, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչված բժիշկ- մանկավաճառին հաջողվում է խուսափել պատժի կրումից, իսկ նրա գործն ընդհանրապես անհետանում է datalex.am  կայքից: Դեռ 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ բժշկուհի Նաիրա Բալայանը Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին կետով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման առնվազն 2 նորածինների վաճառքի համար, սակայն պատժի կրումը հետաձգվել էր իր մանկահասակ երեխային խնամելու պատրվակով: Այս տարվա`2012-ի դեկտեմբերի 12-ին լրանում էր հետաձգված ժամկետը, սակայն նա շարունակում է մնալ ազատության մեջ. պարզվում է, որ նա ինչ-որ անհասկանալի ճանապարհով պատիժը պայմանական է կրելու: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում կա ավելի բարձր մարմին, որ կարող է ՀՀ վճռաբեկ դատարանի բողոքարկման ոչ ենթակա որոշումն առանց դատական կարգի փոխել ու որոշում կայացնե՞լ: Սա այն պարագայում, երբ, ըստ ՀՀ օրենսդրության, դատապարտյալի գործը կարող է վերանայվել պատժի կրումից որոշակի ժամանակ հետո նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում: Այս ողջ գործընթացի ոչ թափանցիկությունն ու գաղտնիությունը մեզ հիմքեր է տալիս ենթադրել, որ որոշ պաշտոնյաների համար Վճռաբեկ դատարանի որոշումը շրջանցելու ու արհամարհելու համար «նոր» ու «առավել ծանրակշիռ»  հանգամանքն են դարձել համապատասխան ֆինանսական հոսքերը կամ առավել կոնկրետ՝ որոշ մարդկանց համար միակ սրբությունը փողն է: Հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչպես է երկու երեխաների ճակատագրի հետ խաղ խաղացած ու իրեն բժիշկ հորջորջող շարքային հանցագործին հաջողվել խուսափել իրեն արժանի պատիժը կրելուց, երբ հստակ ապացուցվել է նրա մեղքը երեք դատական ատյաններում:


Այդ պարագայում ի՞նչ առողջ հասարակության մասին կարող ենք խոսել, եթե նույնիսկ իրենց պաշտպանելու հնարավորություն չունեցող մանուկների ճակատագիրը կարելի է խեղել ու շարունակել հանգիստ ապրել: Մենք խնդրում ենք ձեզ լինել հետևողական, խիստ ու պահանջատեր,  որպեսզի հաղթի արդարությունը.հանցագործները կրեն իրեն պատիժը, իսկ պաշտոնյաներն էլ իրենց դիրքը չօգտագործեն սեփական գրպանը լցնելու նպատակով: Եթե մենք այսօր չկարողացանք պաշտպանել մեր երեխաներին, ապա ի՞նչ է լինելու վաղը»: