Ուզում եմ հավատալ Նոր Տարվա հրաշքին

Ուզում եմ հավատալ Նոր Տարվա հրաշքին
Եկավ հունձք անելու ժամանակը: Ինչ ցանել ենք, այն էլ հնձելու ենք: Հին, բայց հարազատ խոսք: Ինչքան էլ հիշեցնեն կապվածություններն ու արհավիրքները, ես չեմ ուզում գրել Հայաստանի քաղաքական կյանքի ելեւէջների մասին: Ոնց եղավ այս կամ այն բանը եւ ինչու, ինչ ձեռք բերեցին այս կամ այն կուսակցությունները, եւ ինչ կորցրին մյուսները, որն է ճանապարհի սկիզբն ու վերջը: Այս հարցերի պատասխանները շատուշատ տեղերում կգտնեք: «Ֆեյսբուքը», «Թվիթերը», անձնական բլոգները հեղեղված են վերլուծություններով, քննարկումներով, դիտարկումներով, որտեղ կարելի է նաեւ հրաշալի գաղափարներ գտնել: Ձեզ բարի երթ:



 



Ուզում եմ հավատալ, որ ի վերջո ապագա կունենանք, բայց պիտի ազնիվ լինեմ, չեմ հավատում՝ հոգեբանական ու ֆիզիկական ունակություններս չեն բավարարում: Այնուամենայնիվ, շարունակելու եմ ՈւԶԵԼ: Չնայած գիտակցում եմ` լինելն ու ուզելը միմյանց կապող կամուրջ մի օրում չի կառուցվում, գուցե ողջ կյանքում՝ նույնպես: Բայց պահպանելու եմ «ուզելու» ալեքսիան, ինչպես ապրելու մղումը, որ, անկախ ինձնից, մութ մի տեղում դեռ կա` թրթռում է:



 



Տարվա ընթացքում եղած որեւէ բան չեմ պատրաստվում ճիգով հիշել: Երբ ճիգով ես հիշում,  վերակառուցելիս չեղած ու երեւակայությամբ կերտած անծանոթ սյուներ են հայտնվում: Ինչ գալիս է, դրվագային է, զուրկ խրոնոլոգիկ տեւումից: Երիտասարդների ինքնասպանություններն են պատկերվում, որոնք վերջ չունեն: Կամուրջներից նետվող հրեշտակները թող լքեն տխուր տեղանքի անսրտությունը: Զանգ են տալիս, ասում են՝ ընկերդ մահացել է, ինքնասպան է եղել: Հիմա ինքնասպանությունը մա՞հ է: Չեմ հավատում, ու ոչ ոք չի կարող դրանում ինձ համոզել: Իր կյանքի վրա ձեռք բարձրացնողը բացառում է մանկությունը, Աստծուն, ծնողներին, հայրենիքը, հետեւապես` մահը: Ուրեմն՝ ինքնասպանությամբ հերքվում է մահվան փիլիսոփայությունը: Մի քանի օր առաջ զորամասի մարտական հենակետում զոհվեց մեր ընկերը՝ տաղանդավոր նկարիչ Դավիթ Սարգսյանը: Բանակ գնալիս Դավոյի բարի աչքերում տագնապ կար: Անտարբերության, անիմաստության, կարեկցանքի ու հույսի մասին կասկածների տագնապ էր:



 



Եվ իրականացավ:



 



20-ամյա պատանին ապստամբեց ու հրաժարվեց ապրել առանց մարդկայնության: Իսկ անինքնասերների ոհմակը մինչեւ ոսկորի մաշվելը դեռ քարշ է տալիս գոյությունն ու պարտադրված իրականությունը` ձեռքեր, ոտքեր ու գիտակցություն չունեցող որդի թմրությամբ:



 



Հիմա ամանորյա հրաշքը, ժպիտը, բարությունը, տաքությունը, ընտանեկան, անհատական պատմություններն ու անցյալի կարոտաբաղձությունը փաստորեն ծիծաղ են առաջացնում: Ի՜նչ հին բաներ են, չէ՞: Մարդ նստի, մի շիշ լավ գինի խմի ու հիշի մեր այդ հեռավոր բարեկամներին:



 



Վերջերս վերընթերցում էի Լեւ Տոլստոյի կրոնական ուղղվածությամբ պատմվածքների շարքը, որոնք իրենց ձեւով եւ բովանդակությամբ շարունակում են աստվածաշնչյան առակները: 20-րդ դարավերջի հռչակավոր պոստմոդեռնիստների, ասենք՝ Էկոյի, Բարթլմիի, ուրիշների տեքստերն այդ պատմությունների համեմատ աննշան թվացին՝ իրենց խաղով ու գրոտեսկով հանդերձ: Իսկ Սերվանտեսի ու Ռաբլեի խաղից ու գրոտեսկից հետո դրանք պարզապես շնորհալի վերաշարադրանքներ են: Ինչ էլ լինի` գրականությունը պիտի երջանկացնի ընթերցողին ու լիարժեք կիսի նրա մենակությունը: Մյուս գործառույթներն արդեն իսկ կասկածի տակ են առնված: Անցած տարի գրքառատ էր:



 



Երեք հազարից մեկը կամ կկարդա, կամ կտանի տուն ու կշպրտի մի անկյունում: Երեք հազարից մեկը Հայաստանում դեռ պատմվածք, բանաստեղծություն, վեպ, էսսե սիրում է: Բայց արժե գրել երեք հազարից մեկի համար: Մեզ մոտ ՄԵԿ ընթերցողի համար գրողներ շատ կան, հարցրեք՝ կհամոզվեք ինքներդ: Բայց ինչո՞ւ են տպագրում, կարող են ստեղծագործությունը ֆայլով ուղարկել այդ մեկ ընթերցողին ու վերջ: Ուրեմն դեռ հույս կա ընթերցվելու: Ի տարբերություն գուցե երաժշտության, գրականությունը տիեզերքի ու անապատի հետ երկխոսել չի կարող: Նրա ԲԱՆԸ գրավոր խոսքն է, հանգրվանը` մարդկային գիտակցությունը: Մեր երկիրը լավ ընթերցողների երկիր չէ: Էստեղ գիրք կարդալ չեն սիրում: Ես համոզված եմ: Ու ոչինչ չի կարող փոխել վիճակը, ոչ մի գրքի տոն, ոչ մի լավ վեպ, ոչ մի բանաստեղծություն: Դրանք կմնան որպես հպանցիկ երջանկության ակնթարթներ, որոնք պրոգրեսիվ հատկություններից զուրկ են: Հիմա ընկերակցությունը կիսվում է համակարգչային խաղերով, պոռնո տեսահոլովակներով, համացանցով:



 



Եկել է նոր արտահայտչամիջոցների ժամանակը:



 



Հազար կողմից էդ են ասում:



 



Ժամանակի ներսում` «նոր», «պրագմատիկ» մարդիկ, ովքեր ֆեյսբուքյան իրենց պատերին կիսվում են հույզերով ու զգացողություններով, սփռում են անձնական կյանքը բիծառբիծ: Ուշադրություն են ուզում` ամբարներից հանելով ու սպառելով էներգիայի հսկայական պաշար: Ֆեյսբուքյան մասնագետները բարձր են գնահատում այդօրինակ ակտիվությունը, մտածում են՝ «Ֆեյսբուքը» ահագին բան կլուծի, հնարավոր կլինի նրա միջոցով հեղափոխություններ անել, հասարակարգ փոխել, քաղաքացիական նախաձեռնություններ հիմնել: Երեւի մասնագետները սուր հոտառություն ունեն, լավ են տիրապետում տեղեկատվությանը: Ասում են, չէ՞, եթե մեր օրերում տեղեկատվության ես տիրապետում, ամենապահանջված ու կարեւոր մարդկանցից ես: Բայց ֆեյսբուքյան եռուն ակտիվությունը խաբելու հետ սեր ունի: Երբ պահն է գալիս դրսում գործելու, կշիռ չի ապահովվում: Թվում է՝ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը լոկ մարդկային մենակությունը փարատելու վերջին միջոցն է:



 



Ու, այս ամենով հանդերձ, գուցե խնդիրն ուրիշ տեղում է, այնքան ուրիշ, որ չենք էլ պատկերացնում: Գուցե խոսքուգրին, ժխորին ժամանակավոր դադար է պետք: Գուցե պիտի մի անգամ գոնե հարգենք լռությունը` հասկանալու մեր երկրի տեղն ու նրա ապագան, մեր երկրում մեր տեղն ու մեր ապագան:



 



Հունձք անելու ժամանակ բերքի որակը էլ փոխել չի լինի, քո դաշտի բերքից հրաժարվել ու թափել չես կարող: Ուշ է:



 



Ես ուզում եմ հավատալ, որ սա դեռ վերջը չէ:



 



Ուզում եմ հավատալ նոր տարվա հրաշքին: