ՀԱԿ, «Ժառանգություն», ո՞ւր են ձեր հանձնաժողովականները

ՀԱԿ, «Ժառանգություն», ո՞ւր են ձեր հանձնաժողովականները
ՀԱԿ-ը գոնե այնքան անպատասխանատու չպետք է լինի, որ չլրացնի տեղամասային ընտրական հանձնաժողովներում իր տեղերը: Բագրատյանին չսատարելը մի բան է, հանձնաժողովից բացակայելն ու Բագրատյանի քվեները ճակատագրի քմահաճույքին թողնելը՝ մեկ այլ բան: Իսկ որ Բագրատյանի քվեների վրա աչք դնող կլինի՝ միանշանակ է: Եթե ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժի ներկայացուցիչը չի ներկայանում տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին երկու նիստերին, ընտրատարածքային հանձնաժողովը նրա փոխարեն նշանակում է նոր անդամի, եւ դրանով հարցը փակվում է: Իսկ թե ում կնշանակեն, պարզ է բոլորին:





 



 



Ընդդիմադիր թեկնածուները, բնական է, կարող են հույս դնել ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, որոշ չափով՝ նաեւ ԲՀԿ ներկայացուցիչների վրա, ովքեր, չնայած թեկնածու չունենալու հանգամանքին, այդուհանդերձ, ներքուստ կհամակրեն ոչ իշխանական թեկնածուներին՝ սկսած էպոսագետից, վերջացրած Րաֆֆի Հովհաննիսյանով: Այդուհանդերձ, ընդդիմադիրներից գոնե նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, պետք է աշխատեն նաեւ հանձնաժողովներն իրենց կուսակիցներով համալրելու ուղղությամբ: Նույնը վերաբերում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն էին բացակայում տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերից: Ընդ որում, հիմնական պատճառաբանություններն են՝ հիվանդությունը, կոտրվածքները, քաղաքում չլինելը եւ այլն: Կարծում ենք՝ երեքի դեկլարացիաներ գրելուց առաջ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը պետք է մտածեն այս ուղղությամբ, Սերժ Սարգսյանին ռեսուրսներ չօգտագործելու նախազգուշացումներ անելու փոխարեն պետք է մտածեն իրենց փաստացի եւ հնարավոր ռեսուրսներն օգտագործելու մասին:



 



Քարոզարշավում, չունենալով իշխանության ներկայացուցչի հնարավորությունները, «այլընտրանքները» զիջում են նրան: Բոլոր առումներով: 4-5 բիձուկի հետ գյուղամիջում զրուցելը կամ վարսավիրանոց հաճախելը դեռ քարոզարշավ չէ: Քարոզարշավը, եթե մի պահ վերանանք բառի բուն նշանակությունից, բազմաթիվ այլ տարրերից է բաղկացած, որոնցից մեկն էլ ընտրությունների վերահսկողությունն է: Այս հարցը կարող է լուծվել միայն մարդուժով, երբեմն էլ՝ մկաններով ու բոլորովին կապ չունի գաղափարների ազատականության կամ պահպանողականության աստիճանի հետ: Քարոզչություն է նաեւ հանձնաժողովներում քո մարդկանց ներկայության փաստի արձանագրումը:



 



Ընտրությունների ընթացքի վերահսկողությունը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամ ունենալով չի սահմանափակվում: Դա մի համալիր աշխատանք է, որ ենթադրում է ընտրացուցակների սանրում, իշխանության «ընդհատակյա» քարոզչաորջերի եւ ընտրակաշառքների շրջանառության հայտնաբերում, ընտրատեղամասում պատշաճ կարգուկանոնի պահպանում, մարդկանց ընտրության բերողների ֆիզիանոմիայի ճշտում եւ բացահայտում: Մի խոսքով՝ բաներ, որոնք միայն տհաճություններ են պատճառում իշխանություններին եւ առաջ բերում կոշտ հակազդեցություն:  Ավելորդ է ասելը, որ թեկնածուները, եթե, իհարկե, իրենք հենց այն են, ինչպիսին ներկայանում են, պետք է նաեւ այս հարցերում դաշնակիցներ փնտրեն, փորձեն միավորել իրենց կղզիացած կուսակիցներին ու համակիրներին, ինչու չէ, նաեւ օգնություն խնդրեն ընտրություններին թեկնածու չառաջադրած, բայց ընտրությունների գնալու կոչեր անող քաղաքական ուժերից:



 



Երբ Գալուստ Սահակյանին հարց էին տվել՝ ի՞նչ է անելու ՀՀԿ-ն այս ընտրություններից հետո, պատասխանել էր՝ պատրաստվելու է հաջորդ ընտրություններին: Այս պատասխանը որքան էլ գալուստսահակյանական թվա, շատ լուրջ խորք ունի: Եկեք նայենք, թե մեր թեկնածուներից ով կամ ովքեր են 2008 թվականից պատրաստվել նախագահական այս ընտրություններին: Թերեւս միայն Սերժ Սարգսյանը եւ մի քիչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը: Խոսքը, ինչպես հասկանում եք՝ միշտ պատրաստների մասին չէ, այլ իսկապես պատրաստվողների: Եթե Հրանտ Բագրատյանին մի քանի ամիս առաջ հարցնեին՝ կառաջադրվե՞ք, ի՞նչ կպատասխաներ: Բայց այսօր նա առաջադրվել է: Նա էլ է լավ հասկանում, որ հնարավոր չէ հընթացս հաղթել նախագահական ընտրություններում: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հաջորդ հնարավորությանը սպասեց 10 տարի, փորձեց, հետո 5 տարի շարունակ մնաց փողոցում եւ ի վերջո որոշեց, որ ծերացել է:



 



Նախագահականում փլավ չեն բաժանում, որ կայտառ երգեր երգելով ու մեծ գդալով մեջտեղ գաս: Հաղթող, համակարգին հաղթելու ունակ թիմ է պետք եւ ոչ թե երեքի կամ յոթի դեկլարացիա, որ պարզ չէ՝ գործող նախագահին հասել է, թե չի հասել: Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլորը, այդ թիմը չունեն: Ստեփան Սաֆարյանի «Ֆեյսբուքի» պատը բավարար չէ պնդելու համար, որ Րաֆֆին թիմ ունի եւ պայքարում է Սերժ Սարգսյանի՝ սնկի պես աճած շտաբների ու ենթաշտաբների դեմ: Եթե «Ժառանգությունն» այդ ապօրինի շտաբների պատուհանները չի կոտրում, իսկ «Ժառանգության» նախագահի թեկնածուն, անհասցե նամակներ գրելու գործընթացի մեջ լինելով, մարդ չունի հանձնաժողովում, ուրեմն շատ քիչ է տարբերվում սովորական անցորդից: Սրա մասին է խոսքը: Նախագահականում այսպես չեն պայքարում, ավելին՝ այսպես չեն հաղթում:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ