Ինչ է ուզում ժողովուրդը

Ինչ է ուզում ժողովուրդը
Շարունակենք լսել Սերժ Սարգսյանին. «Եթե մեր քաղաքացիներն ուզում էին մարդու, ով թուրը վերցրած՝ առավոտյան գործի կգար Բաղրամյան փողոցում արդեն մի քանի մարդու գլուխ թռցնելուց հետո, թող այդպիսի մարդու ընտրեին, գտնեին` ընտրեին: Ես կտրուկ բաների չեմ գնալու, որովհետեւ դրանք հղի են վտանգներով: Ես շտապելու եմ դանդաղ»:



 



Եվ իսկապես՝ մի՞թե մեր ժողովրդին արյունարբու ստալիններ են պետք կամ իրենց հակառակորդներին բանտերում փտեցնող, պատժող, ոչնչացնող սադամներ: Վստահ եմ, որ ոչ: Այո, կա մի խավ, ով ղեկավար պաշտոն զբաղեցնողին պատկերացնում է որպես ռեպրեսիոն գործիք, տեղի-անտեղի նոստալգիկ հառաչում է՝ «մեզ ուժեղ բռունցք է պետք», բայց դա հիմնականում 37 թիվ տեսածների կամ 37 թիվն իր գենետիկ հիշողության մեջ կրողների փոքրիկ խավն է, այլ ոչ լայն հասարակությունը: Մեր ժողովուրդը, կարծում եմ, բոլորովին այլ պահանջներ ունի: Միայն այն փաստը, որ Մարտի 1-ի 10 զոհերին ժողովուրդը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ եւ իշխանություններին ներել, խոսում է դրա մասին: Ժողովուրդը  բացարձակապես չի հասկանում նաեւ ՀԱԿ-ի տաքգլուխ երիտասարդին՝ Տիգրան Առաքելյանին բանտում պահելու քայլը:



 



Չի ընկալում Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի տրամաբանությունը: Չի կարողանում մոռանալ Վահե Ավետյանի մահվան դեպքը եւ այն իրականացրած գործարարին էլ շարունակում է մերժել: Վրդովվում ու զայրանում է, երբ ՀՀԿ-ական պատգամավորը լրագրողին ասում է՝ կտամ, ծնոտդ կպոկեմ: Երբ ՀՀԿ-ական մարզպետը մայրաքաղաքի կենտրոնում հարձակվում է գործարար կնոջ վրա ու խփում: Տարբեր թիկնապահների կողմից իրականացված «սամասուդի» ակցիաները, հարբած «դեբոշները», ծեծուջարդը, անգամ թանկ մեքենաների լկտի երթեւեկն է մեր ժողովուրդը մերժում: Այնպես որ, ժողովրդին պետք չէ մեղադրել: