Մտանք նախընտրական փուլ

Մտանք նախընտրական փուլ
Սկսվեց: Մեկն Արմեն Աշոտյանից է զզվում, մյուսը «մաղթում» է, որ Տարոն Մարգարյանը կուրանա, երրորդը խմբագիրների կյանքի մեջ է «խորանում», չորրորդը Վահագն Խաչատրյանին «մեռել» է անվանում: Սա մի բան է նշանակում՝ մտել ենք ընտրական փուլ, եւ «միջոցներն արդարացնում են նպատակը»:



 



«Տո լի եշչյո բուդետ»,- ասում է քաղաքականությունից հեռու ընկերս ու հստակ որոշում առաջիկա մեկ ամսվա ընթացքում թերթ չկարդալ, ինտերնետ չմտնել: Թեեւ վստահ չեմ, որ այդ «աղբը» չի մտնելու յուրաքանչյուր տուն: Արժե՞ ավագանու մի քանի մանդատի համար այս կենաց-մահու պայքարը, այս կրկեսային շոուն, ամեն մաքուր բան կեղտոտելու կուսակցական այս մրցավազքը: Իսկ իրենք՝ այս մթնոլորտը ստեղծողները, գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնողները, ինչպե՞ս են իրենց զգում: Բավականությո՞ւն են ստանում հակառակորդին «ոչնչացնելուց», համարում են, որ դրանով իրենց ձայների քանա՞կն են ավելացնում, կարծում են, որ կուսակցական պայքարը «զոհե՞ր» է պահանջում:



 



Բայց սա չէ խնդիրը, այլ այն, թե ինչպես անել, որ լրատվամիջոցներս չդառնանք այդ աղբը տարածողները, չդառնանք կեղծ լուրեր կրողներ եւ ակամայից ծառայություններ չմատուցենք այս կեղտոտ խաղերի բոլոր մասնակիցներին: Մեր անելիքն այս դեպքում պետք է լինի միայն բացահայտողի, լուսաբանողի դերը: Պետք է փորձենք այնպես անել, որ հասարակությանը տեսանելի դարձնենք իրար կոկորդ կրծողների իրական դեմքը: Որ քաղաքացին հասկանա՝  սրանց ձայն տալ չի կարելի, սրանք վտանգավոր են հանրության առողջության համար: Հասկանա ու ձայնը տա բացառապես նրանց, ովքեր նոր են, թարմ են, ապականված չեն, ապականող չեն: Ովքեր փողի ու իշխանության լծակներ չունեն: Ովքեր ընտրությունները չեն դիտում որպես ավելի շատ փող եւ իշխանություն ձեռք բերելու միջոց: