Մանկավարժական համալսարանը` քաղաքական քարոզչությամբ զբաղվելու մասին

Մանկավարժական համալսարանը` քաղաքական քարոզչությամբ զբաղվելու մասին
Համահայկական երիտասարդական ընդվզումը երեկ հայտնել էր, որ մանկավարժական համալսարանի շենքը օգտագործվում է նախընտրական քարոզչության համար, այնինչ ԲՈՒՀ-երը պետք է ապաքաղաքականացված լինեն: 

Հայկական պետական մանկավարժական համալսարանը եւ ԿԸՀ-ն  այս առիթով տարածել են պարզաբանումներ, որը ներկայացնում ենք ստորեւ:



«Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենտրոնական մասնաշենքի պատին երեկ, ոչ աշխատանքային օրը, առանց համալսարանի ղեկավարության գիտության, տեղադրվել է ցուցատախտակ, որի վրա փակցված են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառները:



Մանկավարժական համալսարանը որեւէ կապ չունի տեղադրված ցուցատախտակի հետ: Ըստ օրենքի, դրանց տեղադրման վայրը որոշում են ԿԸՀ-ն եւ Երեւանի քաղաքապետարանը:



Մանկավարժական համալսարանը երբեք քաղաքական քարոզչությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում, իսկ տեսանյութի հերոսները համալսարանի հետ որեւէ կապ չունեն:



Մանկավարժական համալսարանի հարցմանն ի պատասխան՝ ԿԸՀ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ Համալսարանը որեւէ պատասխանատվություն չի կրում այդ ցուցատախտակի փակցման համար, եւ իրենք համապատասխան պարզաբանմամբ հանդես կգան:



ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն



ԿԸՀ-ն իր հերթին հայտարարում է. «Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Համահայկական երիտասարդական ընդվզում նախաձեռնության հաղորդագրությունը` կապված Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի արտաքին պատին քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղի առանձնացման փաստի հետ՝ համապատասխան տեսանյութով։



ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է՝



ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Ընտրություններ նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը պարտավոր է ընդունել որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես)։ Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար համարվում է պարտադիր լիազորություն»։



Նշված վայրերը, այդ թվում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի արտաքին պատը, որոշված են Երևանի քաղաքապետի 05.03.2013թ. թիվ 923-Ա որոշմամբ։ Հիշյալ որոշումը հանդիսանում է իրավաչափ վարչական ակտ. որևէ մեկի կողմից որոշման իրավաչափությունը վիճարկված չէ։



Ինչ վերաբերում է որոշմամբ սահմանված առաձնացված վայրի վերաբերյալ դատողություններին, ապա նշված վայրի, այսպես կոչված, անթույլատրելիության վերաբերյալ ենթադրություններն սուբյեկտիվ են, կամայական, մերկապարանոց՝ չունենալով որևէ առնչություն իրավունքի հետ ընդհանրապես։ Նշված վայրը որպես քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղ սահմանելը որևէ օրենքով կամ իրավական այլ ակտով արգելված չէ։

Նկատի ունենալով, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, նախընտրական քարոզչության իրականացման համար oրենքով նախատեuված ժամանակահատվածում քարոզչական պաuտառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաuտառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը հանդիսանում է վարչական զանցանք և առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիuնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ պաuտառները դիտավորյալ պոկելուց, պատռելուց կամ դրանց վրա գրառումներ կատարելուց։



Միաժամանակ տեղեկացնում ենք ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, որ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները Երևանի քաղաքապետարանի հետ պարբերաբար կատարում են շրջայցեր, և օրենքի խախտմամբ փակցված փաստառներ հայտնաբերվելու դեպքում դրանք անմիջապես հեռացվում են»: