Կապիտալիզմի ամենածանր հետեւանքը Հայաստանում

Կապիտալիզմի ամենածանր հետեւանքը Հայաստանում
Թե Խորհրդային Միության փլուզումից հետո ՙկապիտալիզմն՚ ինչ ավերածություններ է գործել Հայաստանում, տեղյակ են բոլոր այն մարդիկ, ովքեր այդ ժամանակ շատ փոքր չեն եղել եւ հիշում են Խորհրդային Հայաստանը:



 



Սակայն, ես ուզում եմ խոսել այդ ավերածություններից մեկի` մարդկային հարաբերությունների մասին: Իհարկե, այդ հարաբերությունները համեմատած բոլոր այլ տիպի հարաբերությունների հետ, ամենակարեւորն ու ամենաառաջնայինն են: Եվ քանի որ այդ հարաբերությունների դաշտը շատ ընդարձակ է եւ տարողունակ, ապա ստիպված կլինեմ խոսել ավելի նեղ շերտի` հարազատ-բարեկամ անձանց հարաբերությունների մասին: Թող ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, որ այն, ինչ ներկայացնելու եմ, հիմնականում հիմնված է իմ հարազատ-բարեկամների օրինակների վրա, քանի որ դրանք համարյա ամենուրեք նույնն են: Ես բավականին ժամանակ ուսումնասիրել եմ այդ դաշտը, որպես բազա դիտարկելով ընկերների, հարազատների, բարեկամների, հարեւանների մտերմիկ շրջապատները եւ այնտեղ առկա մարդկային, բարեկամական, հարազատական փոխհարաբերությունները: Կփորձեմ ներկայացնել այն իրողությունները, որոնք ընդհանուր են ուսումնասիրված բոլոր դեպքերի համար: Եվ այսպես, այն մարդկային հարաբերություններն, ինչ գոյություն ունեին Խորհրդային ժամանակներում, դրանք այսօր` միմիայն հուշեր են: Այդ ժամանակահատվածում` մարդկանց իրար հետ կապում էր մաքրությունը, անկեղծությունը, հարգանքը, ամոթը, հպարտությունը, իրարով անհանգստանալը, հետաքրքրվելը, իրար օգնելը, մաքուր զգացմունքների դաշտը, արժանապատվությունը, մարդկային անկախությունը եւ նմանատիպ շատ այլ բաներ:



 



Այդ մաքրեմաքուր, բացարձակ բարոյական հարաբերությունները հիմնականում պայմանավորված էին պետական սեփականության մոնոպոլ կարգավիճակով, մարդկանց կյանքի համար անհրաժեշտ` նվազագույն պայմաններով ապահովվածության երաշխավորվածությամբ,  հաստատուն վիճակով,  կայունությամբ, մարդկանց` վաղվա օրվա նկատմամբ ունեցած վստահությամբ, աշխատատեղերի առատությյամբ, իրար հաջողություններով ապրելով, չնախանձելով, մարդկանց տրվող անվճար, ֆունդամենտալ կրթությամբ ու անվճար առողջապահությամբ, օրենքի եւ օրինականության գերակայությամբ, գիտության, կրթության եւ բազմաթիվ այլ բնագավառներում մարդկանց համար ստեղծված նպաստավոր պայմանների առկայությամբ: Վայրի կապիտալիզմի ներխուժումից հետո  այդ ամենը լրիվ վերացավ եւ փոխարինվեց հիմնականում կապիտալիզմի դաժան եւ անմարդկային գործոններով: Կապիտալիզմն ընդհանրապես եւ մասնավորապես այսօր, մի այնպիսի հասարակարգ է, որտեղ միայն մի սրբության-սրբոց կա, դա փողն է, իսկ մնացած ամեն ինչը, սկսած մարդուց` ապրանք են: Այլ խոսքով, հենց հայտվում է այդ հրեշը, ապա դրան հաջորդում է մի վիճակ, երբ կյանքում գոյություն ունեցող ամեն ինչ ստանում է երկու անուն` փող եւ ապրանք: Մարդիկ սկսում են ամեն ինչ կառուցել այդ երկու հասկացությունների վրա: Մարդկային շերտը տրոհվում է երկու մասի. փողատերեր եւ չունեւորներ, որոնք առաջինների համար դառնում են ապրանք:



 



Չնայած այն բանին, որ Հայաստանում եւս գործում է կապիտալիզմի հանրահայտ` փող-ապրանք-փող բանաձեւը, այնուամենայնիվ, այսօր Հայաստանում առկա  տնտեսական կացութաձեւը վայրի կապիտալիզմն է, քանի որ լիովին խախտված են այդ բանաձեւի բաղադրիչների բալային մեծությունները եւ նրանց փոխհարաբերությունների դինամիկան: Դասական կապիտալիզմի ժամանակ այդ բանաձեւի բաղադրիչները ենթարկվում են որոշակի օրինաչափությունների եւ սահմանափակումների, իսկ Հայաստանում առկա այսօրվա կապիտալիզմի ոչ մի բաղադրիչ որեւէ օրինաչափության կամ սահմանափակման չի ենթարկվում: Բնականաբար, այս ամենն անմիջականորեն եւ ուղղակիորեն ազդում է նաեւ  մարդկային հարաբերությունների վրա: Մեր օրերում այդ եռյակի բաղադրիչներն այնքան վայրի եւ սանձարձակ են, որ ջնջում են ցանկացած սրբություն, ցանկացած հարաբերություն, քանզի ամենավերեւում հպարտորեն բազմած է սրբության-սրբոց փողը, որի արքայական հրամաններին պարտավոր են ենթարկվել բոլորը: Փողն այնպես է կուրացրել բոլորին եւ ջնջել կյանքում գոյություն ունեցող բոլոր դաշտերը, որ մարդիկ վախեցած եւ զգուշորեն են կատարում իրենց բոլոր քայլերը, քանի որ մթնոլորտն ամբողջովին պատված է փողի մշուշով, որը հսկիչ-պահապանի դեր է կատարում  բոլորի  համար: Այլ խոսքով, կարծես օդը լցված է փողատերերի աչքերով ու ականջներով, որոնք օր ու գիշեր հսկում եւ ուղղորդում են երկրի վրա ընթացող բոլոր փողային շարժերը:



 



Ակնհայտ է, որ նման վիճակը չի կարող նորմալ ազդեցություն ունենալ նաեւ մարդկային հարաբերությունների վրա, թեկուզ այդ մարդիկ լինեն բարեկամներ կամ հարազատներ: Փողն անխնա կերպով ջնջել է մարդկային հարաբերությունների բոլոր բարոյական ելեւեջները, թողնելով միայն անհոգի եւ անզգացմունք սառը հարաբերությունները: Փաստորեն, այսօր փողը եւ բոլոր տիպի մարդկային հարաբերությունները դարձել են այնքան  փոխհակացուցված, որ չհաշված բացառությունները, փողի անբնական չափը չի հանդուրժում եւ փորձում է ամեն կերպ ստվերել մարդկային հարաբերությունները,  որպեսզի մշտապես կախվածության մեջ պահի մարդուն: Եվ այսպես, մարդիկ հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ բարեկամ, հարազատ հասկացությունները եւս կորցրել են իրենց երբեմնի նշանակությունը եւ այդ ամենի մեջ իր մեծագույն դերն ունի ՙմեծն՚ փողը, որը մարդկանց մեջ ջնջել եւ շարունակում է ջնջել խիղճը, զգացմունքը, սերը դեպի բարեկամը, հարազատը եւ նրանց հարաբերությունները տանում-հասցնում է զուտ ռոբոտային, զուտ շահերի դաշտ: Այդ դաշտում բարեկամ-հարազատների միջեւ (նույնիսկ` քույր-եղբայր) բովադակային կապերը հիմնականում վերանում են, մնում են միայն գործի, շահի, օգուտի, հեռանկարի եւ այլ հարաբերությունները:



 



Այսպիսով, փող կոչվածի բոլոր բացասական հետեւանքների կողքին, սա թերեւս  ամենամեծ վնասն է, որ մեր երկրին ու ժողովրդին հասցրել է վայրի կապիտալիզմ կոչվածը, եւ որի հետեւանքներն անդառնալի կորուստներ են պարգեւում ու դեռ երկար ժամանակ պարգեւելու են տասնյակ սերունդների: Եվ որպեսզի, գոնե ի հնարավորին փոքր կորուստներով դուրս գանք մեր ազգին անհարիր այս խայտառակությունից, պետք է հենց այսօր, առանց վայրկյան կորցնելու, գիտակցենք, որ փողի` որպես այսօրվա կապիտալիզմի ամենահրեշավոր հետեւանքի, գործած ամենածանր հանցագործությունն այն է, որ այն լափելով վերացնում է բոլոր տիպի մարդկային հարաբեությունները, այդ թվում նաեւ բարեկամական եւ հարազատական: Ուստի եւ, պետք է փորձենք զսպել փող կոչվածի չափազանց վայրի եւ սանձարձակ շարժերը ու նրան բերենք չափավորության  դաշտ, այլապես կարձանագրվի ամենաահավորը, աստիճանաբար` կվերանա նաեւ մարդը:



 



Ամենավերջում. միթե կյանքն այնքան է կորցրել իր խորհուրդը, որ մարդիկ ամեն ինչ հանգեցնում են փողի, որի ամենաթարմ առհավատչյան մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններն էին:



 



Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ



 Քաղաքագետ, ՙԺողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ՚ միջազգային կենտրոն ՀԿ նախագահ