Մեղքն ընդունել է, բայց հրաժարվում է ցուցմունք տալ

Մեղքն ընդունել է, բայց հրաժարվում է ցուցմունք տալ
Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդուն սպանած բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանը, շաբաթ օրը վերադառնալով Վրաստանից,  Բագրատաշենի անցակետում հանձնվել է Հայաստանի ոստիկաններին:



 



Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ուշ երեկոյան Վանաձորի Բաղրամյան փողոցում գտնվող «Գանձակ» սուպերմարկետի հարեւանությանբ բնապահպանության տեսուչը դանակահարել էր Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանին եւ անմիջապես դեպքի վայրից դիմել փախուստի` ապաստանելով Վրաստանում: Այնուհետեւ գրեցինք, որ Տիգրանի հայրը գնացել էր՝ համոզելու որդուն, որ վերադառնա եւ հանձնվի ոստիկանությանը: Փաստորեն, հայրական հորդորները տեղ են հասել: Մելիքյանը ներկայում. կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով: Գործը քննող քննիչը մեզ ասաց, որ Մելիքյանը, ճիշտ է, ընդունել է մեղքը, սակայն հրաժարվում է ցուցմունք տալ:  Վիճաբանության ժամանակ մոտակայքում կայանված մեքենայի մեջ են եղել նաեւ Մաթեւոսյանի երկու ընկերները: Քննիչն ասաց, որ նրանք հարցաքննվել են, սակայն հստակ բան չեն ասել դրդապատճառների մասին: «Վեճը եղել է փայտանյութի հետ կապված, եւ հիմա մենք այդ ուղղությամբ քննություն ենք տանում: Հարցաքննվածներն էլ ընդհանուր ձեւով ասում են, որ ինչ-որ խոսակցություն է եղել վիճաբանող կողմերի միջեւ, քանի որ տեսուչն ակտ է գրել: Բայց դեռ հստակ բան չկա: Խորացված քննություն է տարվում»,-ասաց քննիչ Շուշանյանը:



 



ՀԳ - Մեր տեղեկություններով, մեղադրյալի հույսն իր մարմնական վնասվածքներն են, որոնց վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, եւ եթե դրանք հաստատվեն, ապա արարքը փոքր-ինչ կմեղմանա: Թեեւ անգամ ամենամեղմ մոտեցման դեպքում Մելիքյանին սպառնում է 8-9 տարվա ազատազրկում: Սակայն մենք տեղեկացանք, որ մութ ամպեր են կուտակվում ընդհանրապես բնապահպանական տեսչության եւ, մասնավորապես, նրա պետի գլխին, քանի որ սպանության քննության ընթացքում նրանք պատմում են, որ անտառապետերի կողմից միշտ են խախտումներ եղել, եւ իրենք մշտապես վեճեր են ունեցել նրանց հետ, սակայն, չգիտես ինչու, այդ փաստերի մասին լռել են եւ խախտումներ չեն հայտնաբերել: Սա նշանակում է, որ կամ ստում են՝ սպանության գործը մեղմելու համար, կամ ճիշտ են ասում եւ ժամանակին գործարքների են գնացել ու թերացել իրենց աշխատանքում, ինչը նույնպես քրեորեն պատժելի է: