Սիսիանում չեն հավատում, որ Գայանե Դավթյանն ազատազրկվել է հանուն Հայաստանի եւ սպասում են ՀՀ նախագահի միջամտությա

Սիսիանում չեն հավատում, որ Գայանե Դավթյանն ազատազրկվել է հանուն Հայաստանի  եւ սպասում են ՀՀ նախագահի միջամտությա
Հայաստանի Հանրապետության  նախագահ Սերժ Սարգսյանին



 



ԴԻՄՈՒՄ



 



Մեծարգո՛ պարոն նախագահՍիսիանում տեղի է ունեցել արտառոց, համայնքի դարերի պատմության մեջ նախադեպը չունեցող, սրտամորմոք մի իրադարձություն. 28-ամյա Գայանե Դավթյանը, ով երկու մանկահասակ երեխայի մայր է ու սիրված մանկավարժ, ով օրինակելի քաղաքացի է ու Սիսիան համայնքում համընդհանուր հարգանք ու պատկառանք վայելող անձնավորություն, հանգամանքների բերումով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ուժի մեջ են թողել դատական բարձր ատյանները:



Մենք այսօր չենք ուզում Ձեզ ներկայացնել (արդեն ուշ է) գործին առնչվող մանրամասները, որոնք ոչ միշտ են օբյեկտիվ գործընթացի տպավորություն թողել: Մենք չենք ուզում վիճարկել (դատապարտել) Հայաստանի դատական ատյանների որոշումները, չնայած զարմացած ենք հանգամանքով, որ որեւէ մեղմացուցիչ գործոն այդպես էլ նկատի չի առնվել ամբողջ պրոցեսի ընթացքում եւ փորձ չի արվել պատիժը պայմանականորեն չկիրառելու համար: Անգամ նկատի չի առնվել փոքրահասակ երկու երեխայի գոյությունն ու այն հանգամանքը, որ նա պատրաստ է վերականգնել տուժող կողմին պատճառված վնասը (դեռևս տուժողին պատճառված վնասը մասամբ վերականգնել է  նախքան տուժողի կողմից իրավապահներին տեղեկացնելը ) :



Մենք մտահոգված ենք երիտասարդ կնոջ ու նրա երկու երեխայի ճակատագրով:

Գայանե Դավթյանին ազատությունից զրկելով՝ ավելի մեծ մեղք (եթե ոչ հանցանք) գործած կլինենք, քան գործել է ինքը՝ Գայանե Դավթյանը:



Փաստը, որ երկու երեխան պետք է իրենց վրա կրեն որբության աներեւակայելի ծանր բեռը, արդարացում չի կարող ունենալ: Դատարանի վճիռն ի կատար ածելով, փաստորեն, կորցնում ենք մի առաքինի ու պարկեշտ կնոջ, մի հարգված մանկավարժի ու դաստիարակի, ով կարող է մեր հանրությանը դեռ շատ նպաստ բերել:



Դատարանի վճիռն ի կատար ածելով, փաստորեն, մենք առնվազն երկու երեխայի կմղենք սեփական հայրենիքն ատելու հուն, քանզի նրանց համար (նաեւ մեզ համար) երբեք հասկանալի չի լինի, թե ինչու իրենց մայրն արժանի չեղավ հայրենի պետության բարեգթությանն ու ներողամտությանը:



Սիսիանում մեծ վերապահում կա (եթե ոչ հիմնավոր տարակուսանք), որ նրա ազատազրկմամբ հանրությունը կշահի, որ դատական ատյանների որոշումներն ընդունվել են հանուն Հայաստանի Հանրապետության:



Մեծարգո՛ նախագահ



 



Որպես մեր երկրի ու ազգի առաջնորդ, համոզված ենք, տեղի ունեցածն ու դրա հնարավոր հետեւանքները Ձեզ մտահոգություն կպատճառեն:



Դուք քանիցս ապացուցել եք հումանիզմի ու քրիստոնեական արժեքների հանդեպ Ձեր ջատագովությունը: Եվ, ուրեմն, երիցս վստահ ենք, որ Գայանե Դավթյանի ու նրա մանկահասակ երեխաների ճակատագիրը Ձեզ անտարբեր չի թողնի:



Պարո՛ն նախագահ Հայաստանի Հանրապետության



 



Ամբողջ Սիսիանն է Ձեզ խնդրում՝ օգտագործեք ՀՀ սահմանադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները եւ Գայանե Դավթյանին ներում շնորհեք կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորություն տվեք, մանավանդ որ նա մանավանդ նախկինում երբեք որեւէ զանցանք եւ հանցանք չի գործել, մանավանդ որ (ինչպես նշեցինք) արդեն իսկ վերականգնում է տուժող կողմին պատճառված վնասը: Հավատացեք, դա դաստիարակչական, իրավական ավելի մեծ նշանակություն եւ ազդեցություն կունենա, քան 5 եւ 7 տարեկան երեխաներին մորից զրկելն ու որբության մատնելը:



Սույն նամակը ստորագրել են 3000-ից ավելի սիսիանցիներ, որոնց թվում են Մեծ հայրենականի վետերաններ, Արցախյան ազատամարտում զոհված զինվորների կանայք եւ մայրեր, Արցախյան ազատամարտի վետերաններ, մտավորականության ներկայացուցիչներ, ՀԿ-ների ղեկավարներ…



Նամակը ստորագրվել եւ ՀՀ նախագահին է ուղարկվել 2013թ. մայիսի 31-ին: