Կճոյանն ու Մուրադ Մուրադյանը՝ Իսրայելի բարեկամնե՞ր

Կճոյանն ու Մուրադ Մուրադյանը՝ Իսրայելի բարեկամնե՞ր
Անցնող շաբաթը Հայաստանի համար կարող է համարվել «պյոտրյան»` «դեպի Արեւմուտք նայող պատուհանի» տեսանկյունից. Հայաստանում էր ոչ միայն անգլո-սաքսոնական «վեկտորը»` Ուելսի արքայազն Չարլզը, այլեւ «Իսրայելը»` Հայաստանում բացված իր պատվո հյուպատոսության ողջ հմայքով: Բանն այն է, որ հայոց քաղաքական իսթեբլիշմենտում տեղի ունեցող սերնդափոխության տեղաշարժերը հասել են դիվանագիտական-արեւմտյան «կորպուսներ». արքայազնին դիմավորում, նրա անբաժան ուղեկիցն էր բրիտանական շրջանավարտների «բլոկի» ներկայացուցիչ, ՄԻԱԿ-ի «հայր» Լեւոն Մարտիրոսյանը, ով ուսանել է Մեծ Բրիտանիայում: Ի դեպ, հիշենք, որ ՄԻԱԿ-ի ստեղծումը կապվում է նաեւ Արմեն Սարգսյանի անվան հետ: Հիշեցնենք նաեւ՝ Իսրայելի պատվո հյուպատոս է նշանակվել երիտսերնդի ներկայացուցիչ Աշոտ Շահմուրադյանը: Նախորդ օրը` նույն ժամին, երբ ճաշ եւ ընդունելություն էր արքայազնի պատվին, Աշոտ Շահմուրադյանն էլ ընդունելություն էր կազմակերպել Իսրայել պետության 55-ամյակի կապակցությամբ, որին մասնակցում էին ոչ միայն Հայաստանում հավատարմագրված արեւմտյան դեսպանական կորպուսի, Չինաստանի ներկայացուցիչները, այլեւ ՀՀԿ երիտթեւը` ի դեմս Արմեն Աշոտյանի եւ Էդուարդ Շարմազանովի: Այլ քաղաքական ուժեր եւ հայտնի դեմքեր, մասնավորապես ընդդիմությունից եւ ԲՀԿ-ից, չեն եղել: Ամենաէկզոտիկը եղել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի եւ Մասիսի անչափ էկզոտիկ պատգամավոր Մուրադ Մուրադյանի ներկայությունը, որն էլ ներկաների զարմանքն է շարժել: Վերջիններս միմյանց են նայել «ի՞նքն ինչ է անում այստեղ» հայացքով: