Վրեժ Իսրայելյան. Հետո՞ ինչ, որ 60 տարեկան եմ

Վրեժ Իսրայելյան. Հետո՞ ինչ, որ 60 տարեկան եմ
Այս հարափոփոխ ու խայտաբղետ աշխարհում ոչ ոք ոչ մեկին եւ ոչնչով չի կարող զարմացնել, առավել եւս՝ գրականությամբ: Դոն Քիշոտ եւ Սանչո Պանսա տեսած մարդկանց գրավելու համար տաղանդն ու երեւակայությունը քիչ են:



 



Թե ի՞նչ է պետք՝ չգիտեմ, բայց ուզում եմ իմանալ: 60 տարին ապրելու համար շատ է, բայց ամենահասարակ բաները հասկանալու համար՝ քիչ: Ամբողջ կյանքում փորձեցի ըմբռնել «հայ» կոչվող հանելուկը. ո՞վ է նա, ինչո՞ւ ենք փշաքաղվում մեր ազգությունը հիշելիս, ինչո՞ւ է մեր զայրույթն ատելության վերածվում, երբ մեկը մեզ ասում է. «Դու հա՛յ չես» եւ ինչո՞ւ է մեկը խոցվում, երբ նրան ասում են. «Դու հա՛յ ես»: Տարօրինակ է, չէ՞, նույն հատկանիշը մարդու մի տեսակին մեծարում է, մյուսին՝ ստորացնում: Մարդկային այդ երկու տեսակի արանքում կարո՞ղ է երեւակայություն խցկվել: Կարո՞ղ է գրականություն ստեղծել այն մարդը, ով այբուբենից առաջ իր ցավն է յուրացրել: Եվ ընդհանրապես՝ ցավը կարո՞ղ է արժեք դառնալ: Մինչեւ հասկացա, որ «հայ» կոչվող արարածը նա է, ով անխնա ինքն իրեն լցնում է ցավով եւ կյանքի մյուս հատվածում փորձում ազատագրվել դրանից, արդեն 50 տարեկան էի: Աշխարհի քաղաքացի դառնալուն միտված իմ ջանքերն իզուր անցան: Օգնության կանչեցի Շերվուդ Անդերսոնին եւ Հեմինգուեյին՝ չստացվեց: Փորձեցի զինվորականի համազգեստի մեջ նորոգել իմ էությունը՝ դարձյալ ապարդյուն:



 



Շուշիի հաղթանակից հետո մի պահ սկսեցի մեր թշնամուն էլ խղճալ ու մտածեցի՝ վերջ, արդեն մսխել եմ իմ ստացած ժառանգությունը եւ ազատ կարող եմ մոդեռն ինչ-որ բան գրել եւ հավակնել Նոբելյան մրցանակի. դա նույնպես ինքնախաբեություն էր. մարդու եւ գրողի իմ տեսակի մեջքին ճակատագիրը խարան էր դրել, եւ ես դատապարտված եմ այն կրել մինչեւ վերջ: Ինչո՞ւ գրողի զբաղմունքն ընտրեցի: Այն որպես մասնագիտություն ինձ համար ընկալելի չէ՝ կոչում է, կիրք է, սեր է, անհնազանդություն է, կամակորություն է… Ամեն ինչ է: Խորհրդային հասարակարգում, ուր օրն ու տարին դարի դանդաղկոտությամբ էին անցնում, ազատությունն ավելի ապահով ապաստարան չուներ: Գրելն ինձ մի պտղունց ազատություն էր երաշխավորում: Գրողները, ինչպես նաեւ մյուս ստեղծագործողները, մի քիչ երես առնելու իրավունք էին փրցրել: Չարաշահողների քթից, իհարկե, բերում էին, սակայն այդ մի քիչն էլ բավարար էր, որ գրականության եւ արվեստի վիթխարի գործեր ստեղծվեին: «Ազատություն» ասածի արժեքն այն ժամանակ մենք ավելի լավ էինք գիտակցում. սիրում եւ փայփայում էինք այդ շնորհը, տիրություն անում նրան: Ցավոք սրտի, այսօր ազատությունը տեր չունի, անտեր ջրի պես հոսում է փողոցներով, հաճախ վերածվելով ցեխաջրի:



 



Ինչի՞ եմ հասել այս 60 տարիների ընթացքում: Շատ բան էի ուզում գրել, բայց, բարեբախտաբար, այդ ամենն արդեն գրել էր Վիլյամ Սարոյանը: Լավ թե վատ՝ ինչ գրել եմ, սրտով եմ գրել, դրանք իմն են, դրանցով ես կարողացել եմ պահպանել իմ ազատությունը, դրանց մեջ ապրում է մարդու այն տեսակը, որի անունը Վրեժ Իսրայելյան է: Նա ձեզ ոչինչ չի պարտադրել, ձեզնից փառք ու դափնի չի խնդրել. ընդամենը կարճ պատմվածքների միջոցով ուզել է զրուցել ձեզ հետ: Նա, ինչպես եւ դուք, այս աշխարհում ապրելու իրավունք ունի, այս աշխարհին ասելու բան ունի: Գրածներիս համար ամաչելու բան չունեմ, չգրածներիս համար՝ ամաչում եմ: Ինչ արած, հենց էլ 60 տարեկան եմ:



 



Վրեժ  ԻՍՐԱՅԵԼՅԱՆ