Լիներ Երեւանի կրկեսը, թե ոչ, շրջիկ կրկեսը լինելու էր

Լիներ Երեւանի կրկեսը, թե ոչ, շրջիկ կրկեսը լինելու էր
Հայաստանում շապիտո-շրջիկ կրկեսի կուլտուրա է ձեւավորվում՝ 10-15 տարի ընդմիջումից հետո Հայաստանում հայտնվել է շրջիկ կրկես, որը երկու-երեք ամիս Երեւանում գործունեություն ծավալելուց հետո շրջագայություններով կմեկնի մարզեր:



 



«Շրջիկ» կրկեսի վրանը տեղադրել են նախկին Դելֆինարիումի տեղում: Մենք զրուցեցինք  «Շրջիկ կրկես» ընկերության ներկայացուցիչ, շապիտոյի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Գրիգորյանի` ծաղրածու Գոշայի հետ: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ շրջիկ կրկեսը հնարավորություն է ընձեռում մարզերում ապրող երեխաներին ներկա գտնվելու կրկեսային ներկայացումների.  «Կապ չունի, թե երեխան Հայաստանի որ ծայրում է ապրում, արդեն ժամանակն է, որ մարզի երեխաները հենց իրենց մարզերում դիտեն կրկեսային ներկայացումներ»:



 



Երեւանյան շրջիկ կրկեսի պրեմիերան կայացել է հունիսի 9-ին. «Երեխաներին տեսնելով հասկացա, որ Երեւանում կրկեսը պահանջված է, պատկերացնում եմ, թե Հայաստանի հեռավոր մարզկենտրոններում, գյուղերում ինչպես մեզ կընդունեն»:  Տոմսերի արժեքը 2000 դրամ է, իսկ մինչեւ 3 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է։ Ներկայացումներն անցկացվում են հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Ընդհանուր առմամբ, շրջիկ այս կրկեսն ունի 3 արջ, 3 կապիկ, 8 շնիկ եւ 15 օձ: «Շրջիկ կրկեսն իտալական է: Հրավիրված են իտալացի դերասաններ, ինչպես նաեւ հրավիրել եմ արջեր ու կապիկներ վարժեցնողների Ուկրաինայից, Ռուսաստանից: Հայաստանից ընդամենը մեկ դերասան ունենք, մյուսները դրսից են»,-ասաց ծաղրածու Գոշան: Շրջիկ կրկեսներն աշխատում են գրեթե կլոր տարի՝ մարտից մինչեւ հունվարի վերջ։ Այս մեկն էլ բացառություն չէ։ «Աշխատում ենք բոլոր մարզերում, քաղաքներում լինել թեկուզ 2-3 օրով։ Իհարկե, կուզեինք բացել կրկեսն ու 1 ամիս մնալ մի քաղաքում, բայց մեր քաղաքները փոքր են, բնակչությունը՝ քիչ»,- բացատրեց Գոշան: Կարծիք կա, որ շրջիկ կրկեսը հետին պլան է մղում  Երեւանի կրկեսին. «Մենք ոչ օգնության ձեռք ենք մեկնում, ոչ էլ խանգարում Երեւանի կրկեսի գործունեությանը: Լիներ Երեւանի կրկեսը, թե ոչ, շրջիկ կրկեսը լինելու էր»: 



 



«Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր տնօրեն Սոս Պետրոսյանը մեզ հետ զրույցում իր հերթին նշեց, որ Հայաստանը շրջիկ կրկեսի փորձ ունի. «Դեռ 5 տարի առաջ, մեր նախաձեռնությամբ, շրջիկ կրկեսն այցելեց Արարատյան դաշտավայրի գրեթե բոլոր քաղաքներ, այնուհետեւ շրջիկ կրկեսի հետ միասին շրջագայության  մեկնեցինք  Շիրակի մարզ»: Քանի դեռ Երեւանի կրկեսի շենքը պատրաստ չէ, կրկեսի աշխատակազմը կանոնավոր արտագնա ելույթներ է կազմակերպում։ Մասնավորապես, կրկեսային կոլեկտիվը շրջում է տարբեր քաղաքներում, իսկ մոտ ապագայում էլ շրջագայության են մեկնելու Ղարաբաղ: «Շատ լավ է, որ շապիտոն մեզանում եւս զարգացում է ապրում, կարեւորը միայն այն է, որ այդ ամենն արվի բարձր մակարդակով»:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ