Խոզերի անկման պատճառը պարզվել է

Խոզերի անկման պատճառը պարզվել է
2013 թվականի հունիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Հագվի համայնքում տեղի է ունեցել 11 գլուխ խոզի անկում: Անկած խոզերից վերցված ախտաբանաանատոմիական նմուշը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից ուղարկվել է լաբորատոր փորձաքննության:Փորձաքննության նախնական արդյունքներով նմուշում ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդություն: Նշված հիվանդությունը վայրի և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդություն է, որը մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների շարքին չի դասվում: Պաստերելյոզը հնարավոր է կանխարգելել և բուժել: Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով Ծառայության կողմից տրվել է հրահանգ՝ իրականացնելու անհրաժեշտ անասնահամաճարակային միջոցառումները. այս պահին հիվանդության մեջ կասկածվող 5 խոճկորներն առանձնացվել են՝ բուժում իրականացնելու նպատակով, կատարվել են ախտահանության աշխատանքներ:



Փորձաքննությունը շարունակվում է, և վերջնական արդյունքները պատրաստ կլինեն ս.թ. հունիսի 20-ին:



Ծառայության մասնագետների կողմից Հագվի համայնքում իրականացվում է ամենօրյա հսկողություն համայնքում առկա գլխաքանակի նկատմամբ:



Անկած կենդանիների մսեղիքը չի շուկայահանվել:



Ինչպես Հագվի համայնքում, այնպես էլ ՀՀ մյուս համայնքներում խոզերի անկման նոր դեպքեր չեն գրանցվել: