Գոնե գերեզմանը սարքեմ

Գոնե գերեզմանը սարքեմ
Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի կողմից 2011-2012 թվականներին Աֆրիկայի Սիեռա-Լեոնե Հանրապետություն՝ ոսկու եւ ադամանդի հանքերում երկրաբանահետախուզական եւ հանքարդյունահանման աշխատանքներ կատարելու համար գործուղված քաղաքացիներից մեկը, ինչպես հայտնի է, այնտեղ մահացել էր: Նրա դին մեծ դժվարությամբ Հայաստան բերվեց ու թաղվեց, սակայն ընտանիքին խոստացված աշխատավարձը մինչ օրս չեն տվել:



 



Օրերս խմբագրություն էր զանգահարել Արմեն Կարապետյանի կինը՝ Հասմիկ Վարդանյանը, եւ թերթի միջոցով Սուքիասյանից պահանջում էր ամուսնուն չվճարված աշխատավարձը: «Ճիշտ է, ամուսինս չկա այլեւս, բայց ինձ խոստացավ, որ նրա աշխատավարձը կտան: Թաղումից հետո խոստացան, որ գոնե 5 հազար դոլար կտան, բայց մինչ օրս ոչ մի կոպեկ չեմ ստացել: Գրասենյակը փակեցին, անհետացան, ու ոչ մի նորություն: Գոնե այդ գումարը տան՝ ամուսնուս գերեզմանը սարքեմ»,-լացակումած դժգոհեց տիկին Հասմիկը: Վերջինիս խոսքով, Սուքիասյանն իր ամուսնուն պարտք է եղել 10 հազար դոլարի չափ գումար: Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ արդեն իսկ հետախուզում է հայտարարվել, եւ նա հարուցված քրեական գործում ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանից «քցված» քաղաքացիները հույս են կապում, որ նրա հայտնաբերվելուց հետո կկարողանան ստանալ իրենց հասանելիքը: