350 մտավորականներ դիմել են ՀՀ և ԼՂՀ նախագահներին

350 մտավորականներ դիմել են ՀՀ և ԼՂՀ նախագահներին
Գանձասարի վանքային համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքների հետ կապված՝ նախօրեին մի շարք մտավորականներ բաց նամակ են հղել ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին, որտեղ խնդրում են. «Անհապաղ միջոցներ ձեռնարկել` օրենքով սահմանված կարգով կտրականապես արգելել համալիրի պարսպի երեսպատումը, սահմանելով վերահսկողություն եւ պատասխանատվություն` այն չշարունակելու համար»: Բացի այդ, նախաձեռնող խումբը պահանջում է պարտավորեցնել կառավարությանը` անմիջապես հրավիրել մասնագետ հնագետների, վերականգնող ճարտարապետների, որպեսզի մասնագիտորեն կազմակերպվեն շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկների հեռացման աշխատանքները, ապահովելով մասնագիտական խիստ հսկողություն, որից հետո վերացնել համալիրում գոյություն ունեցող թերությունները, կատարել վերանորոգման ենթակա աշխատանքներ եւ հուշարձանին վերադարձնել իր պատմական անաղարտ տեսքն ու խորհուրդը: Բաց նամակի տակ ստորագրել են 350 մտավորականներ` գրողներ, ճարտարապետներ, պատմաբաններ, հնագետներ, նկարիչներ, դերասաններ: Նախաձեռնությանը միացած ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կտա այդ նամակը, երբ 2011-ից Գանձասարի պարիսպների սալիկապատման աշխատանքներն սկսված են, եւ մի մեծ մաս արդեն սալիկապատված է. «Մարդ եթե ուզենա, ցանկացած ժամանակ կկարողանա իր սխալներն ուղղել, բայց եթե ցանկություն չկա, ուզում է առաջին օրը լինի, թե տասը տարի հետո, ոչ մի նշանակություն չունի: Դա կախված է մարդու ցանկությունից, ինքը գիտակցո՞ւմ է ինչ է անում, թե՞ ոչ, սա է խնդիրը»: Իսկ ինչո՞ւ այս ընթացքում շոշափելի քայլեր չեղան, գիտակցողներ չկան, թե ինչ է կատարվում Գանձասարի պատմական արժեքի հետ: «Ով որ անում է, նա չի գիտակցում, իրեն թվում է, թե ինքն ավելի լավ բան է անում, քան թե պետք է լինի, առանց մտածելու, որ այն, ինչ փայլում է, դեռ ոսկի չի, այստեղ խնդիրն այն է, որ պարիսպը պետք է վերականգնվի, իր նախկին տեսքին բերվի, վերջիվերջո, դա հնություն է»: Նախաձեռնությանը միացած դերասանուհի Ժասմեն Ասրյանը, ով զբաղվում է հուշարձանների պահպանության խնդիրներով, միաժամանակ հանդիսանալով Գանձասարը կառուցողների տոհմի ժառանգներից, ընդամենը մեկ շաբաթ առաջ է վերադարձել Գանձասարից եւ լիահույս է, որ եթե այդքան մարդ ստորագրել է նամակը, ուրեմն հնարավոր է Գանձասարն իր նախկին տեսքին վերադարձնելը, հատկապես, որ ստորագրողների մեջ կան մի քանի տասնյակ ճարտարապետներ. «Դուք եթե տեսնեք, թե ոնց են քանդել պատը, կսարսափեք, բայց քանի որ պատի հիմքը եւ որոշ մասը կա, ուրեմն հնարավոր է վերականգնել»: Ժասմեն Ասրյանը նշեց, որ հարցուփորձ է արել, եւ տեղացիներն ասել են, որ մոտավորապես երկու ամիս է, ինչ դադարեցվել են աշխատանքները, բայց, ըստ Ասրյանի, դա դեռ որեւէ երաշխիք չէ, որովհետեւ անցած տարի նույնպես ժամանակավորապես դադարեցրել էին, բայց հետո նորից վերսկսեցին սալիկապատման աշխատանքները: Իսկ 2011-ից մինչ օրս իրագործվել է պարսպի արեւմտյան եւ հյուսիս-արեւմտյան պատի մի մասի երեսպատումը, այսինքն՝ պարսպի մոտավորապես կեսը պատվել է սրբատաշ քարե սալիկներով: Հետաքրքրվեցինք, թե նախագահներին ուղղված նամակն ինչու, օրինակ, մեկ տարի առաջ չէր գրվում. «Որովհետեւ այլեւս ելք չկար, դրա դեմն առնելու համար ելք ենք փնտրում, որը կարող է դադարեցնել Գանձասարի սալիկապատումը»: Իսկ մի՞թե ՀՀ եւ ԼՂՀ նախագահները տեղյակ չէին այս ընթացքում Գանձասարի սալիկապատումից եւ եթե ցանկանային, արդյո՞ք վաղուց արդեն այն դադարեցրած չէին լինի: «Եթե ասենք, որ տեղյակ չէին, դա ոչ թե միամտություն կլիներ, այլ հիմարություն, բայց թե ինչու, այ, դա արդեն ես չեմ կարող պատասխանել»: Այնուամենայնիվ, Գանձասարը կառուցողների տոհմի ներկայացուցիչը լիահույս է, որ նախագահները, չլինելով ճարտարապետներ, սակայն լինելով հայրենասեր, հաշվի կառնեն մի խումբ մասնագետների խոսքը եւ ի վերջո պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերեն գործին: