Բոլոր բուհերը պետք է փակել ու կցել պարոն Միրզախանյանին, որ կշտանա

Բոլոր բուհերը պետք է փակել ու կցել պարոն Միրզախանյանին, որ կշտանա
Ավարտվեցին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ընդունելության քննությունները: Մենք ռեկտոր Արմեն Մազմանյանին հանդիպեցինք ընդունելության քննությունների շնչակտուր վազքի մեջ: Այդ պահին նա լսում էր ապագա դերասաններին:



 



Միջանցքում իրենց գնահատականներին սպասող դիմորդների էմոցիաները, մասնագիտական առանձնահատկությամբ պայմանավորված, ավելի բուռն ու էմոցիոնալ էին, քան, թերեւս, մյուս բոլոր բուհերում:



 



- Պարոն Մազմանյան, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունն այս տարվա դիմորդներից:



 



- Շատ հուսադրող, շատ ուրախացնող, որովհետեւ տարեցտարի (սա երրորդ հավաքն է արդեն, որ ես որպես ռեկտոր մասնակցում եմ քննություններին), երկրորդ տարին առաջին տարվա հետ համեմատած էր որակապես ավելի բարձր, այս տարի ուղղակի հիանում ենք, հրաշալի երեխաներ կան, բանիմաց, շնորհալի… դե իհարկե՝ ոչ բոլորը: Ինձ շատ է ուրախացնում, որ այլեւս պատահական մարդիկ բուհ չեն մտնում, որոնք սերիալ են նայել, իրենց հարեւան Գուգոյին սերիալում տեսել եւ կարծում են, թե դեռասան («ռ» տառով) լինելն այդքան հեշտ է: Կարծում եմ, բուհի վարկը, չափորոշիչները մի քիչ փոխվել են հանրության մեջ, եւ դրա հաշվին մարդիկ մի փոքր ավելի լուրջ են վերաբերվում այս մասնագիտությանը,  լուրջ են վերաբերվում քննություններին:



 



- Ուսանողներն ավարտելուց հետո, կարծում եք, կկարողանա՞ն գտնել համապատասխան աշխատանք:



 



- Հաճախ հարցնում են՝ արդյո՞ք տարեկան 40-50 դերասանը շատ չի մեր շուկայի համար: Երբ ես ռեկտոր չէի, ես կարծում էի, որ շատ է:  Այնուհանդերձ, շատ չի: Պահանջարկ կա (թատրոն, կինո, հեռուստատեսություն), եւ այս դաշտը լցվում է դիլետանտներով, անշնորհք մարդկանցով: Տարեցտարի, քայլ առ քայլ սկսում ենք նկատել, որ ասենք, թեկուզ սերիալում, այդ դիլետանտի փոխարեն ավելի կոմպետենտ դերասան, ավելի գրագետ խոսող դերասան է հայտնվում: Եթե մենք պրոֆեսիոնալ դերասաններ, սցենարիստներ, ռեժիսորներ լցնենք դաշտ, հույս ունեմ, որ մեր մշակութային դաշտը մի քանի տարուց, եթե ոչ հանճարեղ, ապա գոնե պրոֆեսիոնալ եւ մեր ազգին հարիր որակ կունենա:



 



- Կարելի է ասել, որ այս տարի դեռասաններ քիչ կունենանք:



 



- Չկան: Բացառվում են: Այնքան շատ շնորհալի երեխաներ կան, որ պետք է դիմեմ նախարարություն՝ խնդրանքով, որ պետպատվերների տեղն ավելի շատ լինի: Որովհետեւ զգում ես, որ երեխան տաղանդավոր է, սակայն չի կարողանում սովորել գումարի պատճառով, սիրտդ ցավում է: Կարծում եմ՝ ընթացիկ, լուծելի խնդիրներ են: Ես, իհարկե, զարմանում եմ, փոխանակ մեզ արվեստի քոլեջ տան, տալիս են մանկավարժականին. մեր որոշ իշխանավորների տրամաբանությունը չեմ հասկանում: Մենք էլ ենք վաղուց դիմել, որ մեզ տան քոլեջ, որ մենք հիմնավոր բազա ունենանք, 10-րդ դասարանի երեխան մտնի հոգեւոր, մշակութային, հումանիտար ոլորտ, որպեսզի միանգամից գա ու ընդունվի բուհ: …Երեւի Հայաստանի բոլոր բուհերը պետք է փակել ու կցել պարոն Միրզախանյանին, (Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորն է). երեւի այդպես ինքը գոհանա, կշտանա: Կարծում եմ, որ պետությունն իզուր ժամանակ եւ գումար է ծախսում: