Թմբուկի գաղափարը շրջանցեցին անգամ ստալինյան ժամանակաշրջանում
Ալեքսանդր Թամանյանը մեծ սիրով եւ հոգատարությամբ էր վերաբերվում Հանրապետության հրապարակի կառուցմանը: Նա գտնում էր, որ հրապարակի բոլոր շենքերը պետք է լինեն գեղեցիկ, միեւնույն ոճով սարքված` ընդգծելով, որ եթե նախագծողները դժվարանան լուծել այդ խնդիրները, ինքը հանձն է առնում անվճար անել դա, միայն թե չտուժեն հրապարակի ընդհանուր ոճը եւ տեսքը: Թամանյանի պատգամներից էր, որ հրապարակի ոճը պահպանվի: Ցավոք սրտի, հիմա հնարավորություն չկա կապվելու նրա հետ եւ ուղարկելու այսօրվա մրցութային փաթեթը, իսկ Հայաստանի ճարտարապետների մեջ էլ չկա իր աշակերտներից, առավել եւս իրեն սիրող ու իր նման շնորհալի մի ճարտարապետ, որը կկարողանար լուծել Նարեկ Սարգսյանի` հրապարակին վերագրվող մրցույթի աբսուրդ խնդիրները:
Երեւանի հրապարակը ներառված է աշխարհի լավագույն հրապարակների ցանկում եւ բազմաթիվ մրցանակներ է ստացել, այն արժանի է միջազգային լուրջ մրցույթից հետո վերակառուցվելուն: Բայց այն հրատապ չէ, քանի որ խնդիրները բարձրացված մրցութային փաստաթղթերի մեջ հրատապ չեն: Մեքենաների ստորգետնյա կայանատեղի կառուցելու համար մրցույթ պետք չէ հայտարարել: Բեռնաթափման խնդիրները պետք է լուծվեն գլխավոր հատակագծով, իսկ թմբուկի կառուցման Նարեկ Սարգսյանի մոլուցքը եւ մասշտաբների ներկա աղավաղման խնդիրների բարձրացումը ենթադրում են հարկերի բարձրացում հրապարակի շենքերի վրա:
Ինչ վերաբերում է թմբուկի կառուցմանը, ապա այստեղ առկա են հետեւյալ խնդիրները.
1. Առավելագույնս կենտրոնացնելը կառավարության անդամներին մեկ շենքում` ստրատեգիական տեսակետից կոպիտ սխալ է, հատկապես Հայաստանի պարագայում: 2. Բարձրահարկ կառուցելը կառավարության շենքի ոչ մեծ բակում կստեղծի աշխատանքային վատ պայմաններ: Եվ եթե նույնիսկ դա արվում է հետագայում շենքի վաճառման եւ ֆունկցիան փոխելու նկատառումներով, ապա ստեղծված գետտոյի պայմանները կանդրադառնան շենքի եկամտաբերության վրա: 3. Քաղաքի կենտրոնն էլ ավելի կբեռնավորվի, եւ հնարավոր է, որ հրապարակը եւ նրա շրջակայքը լրիվ պարալիզվեն: 4. Մինչդեռ ուրիշ տեղում այդ նոր շենքի կառուցումը զերծ կպահի նման քաղաքաշինական եւ ճարտարապետական իրավիճակներից եւ, կառուցվելով քաղաքի ուրիշ մասում, կխթանի նոր կենտրոնի ստեղծմանը:
Թամանյանն իր որոշ նախագծեր ներկայացնում էր միայն նկարներով, որ կարողանար նախագիծը, հատկապես Ստալինի ժամանակ, ճարտարապետների լեզվով ասած` անցկացներ, կամ էլ մերժվեր, եթե Թամանյանն ինքը դա չէր ուզում կառուցել: Դրանից հետո նա անում էր այն, ինչ գտնում էր ճիշտ, եւ Սովետական Հայաստանի կառավարությունը դրա մասին տեղյակ էր: Այդպիսի նախագծերից էր Օպերայի 1930թ. «վերամշակված» նախագիծը, որն այժմյան շենքի վրա ուներ եւս 2 հարկ, եւ որը վերջանում էր Լենինի արձանով: Բայց շենքի կառուցման ժամանակ շինարարական հաշվարկներն արվել են այն շենքի հատվածի համար, որն այժմյան Օպերան է: Ժամանակին այդ փաստը մեծ աղմուկ էր բարձրացրել, բայց Հայաստանի իշխանությունը կարողացավ այն հանդարտեցնել: Նույնն էլ թմբուկի պատմությունն էր. կառավարության շենքի կառուցումն սկսվել է 1920-ի վերջին եւ չի ունեցել դոմինանտ մաս, այսինքն` այդ թմբուկը, բայց 1930-ականներին Թամանյանը, ճարահատյալ, «վերամշակել» է իր սկզբնական նախագիծը, որ ստեղծվի ծավալատարածական մի նոր շինություն: Համաձայն այդ նախագծի, կենտրոնական մասում` բակում` շենքի մյուս մասերին կից, նախագծված էր մի գլանաձեւ բարձր ծավալ` թմբուկ: Այդ թմբուկը ֆունկցիոնալ տեսակետից միայն ուներ կազմակերպման գործ` կապում էր կառավարական տան հարկաբաժինների բոլոր մասերը: Ծավալային տեսակետից տանում էր նշանակալից իր դերը` բավարարելով այդ ժամանակի ռեժիմի պահանջները: Այսինքն` նախագիծն ապահովում էր հանդիսավոր ու մոնումենտալ ձեւերը, համապատասխանում կառավարության շենքի նշանակությանը ստալինյան ժամանակաշրջանում:
Ինչպես երեւում է, ֆունկցիոնալ տեսակետից այդ շենքի կառուցումը նշանակալից չէր, եւ 1930-ականների վերջին իսկույն եւեթ, Մարկ Գրիգորյանի ասելով, վերացվում է ոչ ուտիլիտար լինելու պատճառով: Չէր կարող այդ կարգի մեծ շենքը միայն այդպիսի փոքր ֆունկցիա ունենալ, եթե Թամանյանն ուզենար այն կառուցել: Թամանյանի քաղաքաշինական սկզբունքներից էր` պողոտաներն սկիզբ են առնում, բացվում կամ էլ վերջանում են դոմինանտ հանդիսացող մեծ շենքերի վրա: Այդ սկզբունքը մենք տեսնում ենք Երեւան քաղաքում, բայց թմբուկի վրա ոչ մի պողոտա կամ փողոց դուրս չի գալիս ու չի վերջանում: Կառավարության շենքը, թմբուկի տարբերակով, ունի միայն մեկ պողոտա, որը դուրս է գալիս այդ թմբուկի վրա, այն գտնվում է կառավարության շենքի ետնամասում: Այդ պողոտան ուներ 40 մ լայնություն: Այդ պողոտան միայն առկա է հրապարակի մանրամասն հատակագծի մեջ, այն տարբերակում, երբ կառավարության շենքն ունի այդ թմբուկը: Բայց այդ պողոտան, որպես այդպիսին, չէր գրանցվել Թամանյանի ստեղծած գլխավոր հատակագծերում կամ դրանց էսքիզներում: Քաղաքի գլխավոր հատակագծերում այդ պողոտան նեղ փողոց էր եւ չէր հասնում Մելիք Ադամյան փողոց: Քաղաքաշինորեն այդպիսի բան չի կարող լինել, հատկապես, երբ դա կառուցվում է 20-րդ դարի սկզբին, երբ այդ խնդիրներին շատ մեծ ուշադրություն էին դարձնում, առավել եւս Թամանյանի կողմից, որի փողոցների կենսունակությունը 80 տարի անց, առանց փոփոխությունների, ապշեցնում է մեծաթիվ օտարազգի քաղաքաշինարարների:
Թամանյանի Երեւան քաղաքի գլխավոր հատակագծում` այն տարբերակում, որ կառավարության շենքը թմբուկ ունի, Հյուսիսային պողոտան շատ նեղ է, ասել է թե Թամանյանը չէր ցանկանում, որ Հյուսիսային պողոտայից այդ գմբեթը եւս երեւար: Կառավարության շենքի բակում այդ թմբուկը դնելիս Թամանյանը բակը բաժանում է 2 մասի եւ ստեղծում 2 բակ, որից մեկը` 600-630 քմ, ինչը դարասկզբի եվրոպական նորմերով անթույլատրելի էր:
Նշված թերությունները չէին կարող լինել Թամանյանի մոտ: Եթե դա Նարեկ Սարգսյանը գծած լիներ, ով քաղաքաշինական սխալներով եւ նորմերի կոպիտ խախտումներով է աշխատում, գուցեեւ դա հնարավոր լիներ, բայց Թամանյանի մոտ ոչ մի քաղաքաշինական նորմերի խախտում մինչ օրս ոչ մեկը չի հայտնաբերել: Էլ չեմ ասում նրա անթերի քաղաքային հեռանկարների կազմակերպումը, որի մասին Ռուսաստանով մեկ լեգենդներ էին շրջում: Իսկ Նարեկ Սարգսյանը թող Թամանյանին իր որդիներից եւ աշակերտներից ավելի շատ սիրող չձեւանա. նրանք այն մարդիկ էին, որոնք անչափ սիրով էին կյանքի կոչում Թամանյանի ամեն մի գաղափարը եւ չէին կարող թմբուկի գաղափարն անտեսել: Բայց անգամ ստալինյան ժամանակաշրջանում այն կարողացան շրջանցել եւ չկառուցել՝ Հանրապետության հրապարակը ձեւավորելով Թամանյանի պատգամների համաձայն:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր
Կարծիքներ