Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Քանաքեռ-Զեյթուն-Արաբկիր վարչական տարածքի մի խումբ բնակիչներ իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են հայտնում Ձեզ՝ ակնկալելով Ձեր գրավոր պատասխանը, «ԵրԱԶ» եւ «Լամպեր» գործարանների հարակից տարածքում գտնվող հանրային լճակի ու կանաչ տարածքի հետագա ճակատագրի առիթով: Ցավոք, բնության այդ գեղեցիկ տարածքը դատապարտված է անհեթեթ ու ինքնանպատակ շինություններով զոհը դառնալու բախտին: Լճակից ու կանաչ գոտուց հիմնականում օգտվում է բնակչության անապահով ու խոցելի խավը, որը հնարավորություն չունի ամռան տապին մեկնել Քոբուլեթի ու ծով, անգամ Սեւանա լիճ կամ քաղաքից դուրս որեւէ տեղ:



Ամռան շրջանում այդ լճակում են լողանում եւ կանաչ գոտում հանգստանում երեխաները, արդարացի չէ երեխաներից խլել նրանց ժամանցն ու մանկական զվարճանքը: Մեր ցանկությունն ու երազանքն է, որ տարածքը ծառայի որպես քաղաքային փոքրիկ լողափ, որտեղ իրենց հանգիստն ու ժամանակը կանցկացնեն եւ փոքրերը, եւ մեծերը, քանի որ նրանք հասարակության այն խավն են, ովքեր այլ տեղերում հանգստանալու եւ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն չունեն:



Խնդրի լուծման համար մենք ակնկալում ենք Ձեր միջամտությունն ու օգնությունը, որպեսզի մարդկանց չզրկեն իրենց պարզունակ հաճույքի վերջին հնարավորությունից: Փրկենք Քանաքեռի մանկության հիշողություն հանդիսացող կանաչ գոտին, որ հանրային սեփականություն է:



Արամ ԱՐՂԱՄԱՆՅԱՆ