Պատրանքների դաշտում

Պատրանքների դաշտում

Մի քանի օր է, ինչ հայաստանյան հասարակությունը բաժանվել է երկու ճամբարի՝ մեկը ցնծում է Մաքսային միություն մտնելու առիթով, մյուսը՝ սգում: Ցնծացողների ճամբարն ավելի նոսր է ու պակաս համակրելի անձանցով համալրված, քան արեւմտամետներինը: Ցնծացողներից մեկը, օրինակ, երեկ ասում էր՝ տեսա՞ք փոքրիկ ու իբր անկարեւոր Հայաստանն ինչ իրարանցում առաջացրեց իր այս որոշմամբ. եվրոպացիք խառնվել են իրար, Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստվում է հետեւել մեր օրինակին, անգամ Իվանիշվիլին է արդեն դիտարկում Մաքսային միություն մտնելու հավանականությունը: Ուզում եք ասել՝ Հայաստանն իր «սեւ գործն» արե՞ց, հարցնում եմ ես ու զարմանում, թե ինչից է զրուցակիցս այդքան ոգեւորված: «Լավ չի՞, որ այդպիսի ազդեցություն ունենք, լավ չի՞, որ հավասարը հավասարի պես Ռուսաստանի հետ մտնում ենք Միություն, Եվրոպայում մենք վեցերորդ սորտի անդամ էինք լինելու, իսկ Ռուսաստանի հետ «թամադա» կլինենք»,- հպարտանում է անջուր բոբիկացած բարեկամս: Իսկ ես մտածում եմ՝ ինչո՞ւ են այս որոշման կողմնակիցները կարծում, որ Ռուսաստանն այնքան վստահելի է, այնքան ազնիվ ու պարկեշտ, որ կատարելու է իր բոլոր խոստումները, լինելու է հուսալի գործընկեր: Որ կարողանալու է այնպիսի միություն ստեղծել, որն էականորեն տարբերվելու է մեռելածին ԱՊՀ-ից: Որ երբ գա շահույթ ստանալու պահը, ոչ միայն ժամանակակից զենք չի վաճառելու մեր հակառակորդին, այլեւ չի անցնելու նրա կողմն ընդհանրապես: Վերջապես. սեփական տարածքում բազում անլուծելի խնդիրներ ունեցող, կոնֆլիկտների կծիկ, տոտալիտար Ռուսաստանն ինչո՞վ է օգտակար լինելու մեզ՝ բացի ընտրություններ կեղծելու, քաղաքական հակառակորդներին բանտերում փտեցնելու, ընդդիմությանն իսպառ ոչնչացնելու ավանդույթների փոխանցումից:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ