Մաքսային միությունը ոգևորել է ռեկտորին

Մաքսային միությունը ոգևորել է ռեկտորին

Հայաստանի` Եվրասիական միությանն անդամագրվելու որոշումը հատկապես ավագ սերնդի համար նոստալգիկ զգացումներ է առաջացրել: Երբ Ռուսաստանի գոտում վերստին հայտնվելու վտանգի մասին հարց է հնչում,  նրանք արձագանքում են լայն ժպիտով ու անսահման գոհունակությամբ: Այսպիսի էմոցիաներ դրսեւորեց նաեւ  Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ով Ռուսաստանի դեսպանատնից վերջերս մեդալ ստացավ: Նա նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ ֆրակցիայի անդամ է: Երբ որպես  մտավորականի հետաքրքրվեցինք Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, ասաց. «Իմ դիրքորոշումը միշտ եղել է հստակ՝ առաջին հերթին հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության անվտանգության խնդիրներն են, որ էսօր առանց Ռուսաստանի հետ սերտ համագործակցության չես տեսնում ճանապարհը»: Հարցին, թե որոշ քաղաքագետներ, անգամ արտաքին գործերի փոխնախարարն ավելի վաղ հայտարարել էին, թե այդպիսով վտանգվում է Հայաստանի անկախությունը, Թոքմաջյանը պատասխանեց՝ ավելի «գլոբալ վտանգ» մատնանշելով. «Մեր գոյությունը կարող է վտանգվել, եթե  մենք Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ չունենանք, քանի որ մենք Ռուսաստանի հետ   ստրատեգիական պարտնյորներ ենք: Իսկ այն վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացներին, այլեւ մեր մյուս հարեւանների հետ գործընթացներին»: Ռեկտորը ճիշտ ՀՀԿ-ական ավագանու  դիրքերից անդրադարձավ նաեւ սոցիալական մի խոցելի հարցի, որը շուտով կարող է կրկին քաղաքացիական ընդվզումներ առաջացնել հանրապետությունում: Խոսքը ուղեվարձի 150 դրամ սակագնի որոշման մասին է, որը կասեցվեց ժամանակավորապես, ու շուտով պետք է այդ որոշման շուրջ հանրային քննարկումներ լինեն: Ընդ որում՝ ոչ թե այն վերանայելու հարցն է քննարկվում, այլ որոշակի սոցիալական խմբերին արտոնություններ տալու կարգը: Բնականաբար, այս խմբերի մեջ չեն կարող լինել Թոքմաջյանի ուսանողներն ու դասախոսները, ովքեր խոցելի խավ չեն համարվում, սակայն տուժում են 50 տոկոսով թանկացումից: «Ուղեվարձը կախված է մի քանի պարամետրերից՝ որակ, ու գումարած մարդկանց համար կոմֆորտային պայմաններ, որն ակնհայտ է, որ այն գնով, որ իրականացվում է, հնարավոր չի այդպես իրականացվել, պետք է քննարկվի, թե ինչ ենք առաջարկում եւ ինչ պայմաններով»,-ասաց Թոքմաջյանն ու ասածի ենթատեքստն ավելի առարկայական  դարձնելու համար հիշեց երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած դեպքերը. «1994 թվականին, երբ ռուբլուց դրամ էր դարձել, առաջին տարին գործարանները գյուղացիներից խնձորը գնում էին 7 դրամով ու բոլորն ուրախանում էին: Ես ասում  էի՝ մի ուրախացեք, դրա ալտերնատիվն այն է, որ հաջորդ տարի խնձոր չեք ունենա, ու մարդիկ սկսեցին ծառերը կտրել ու կարտոֆիլ աճեցնել նախալեռնային գոտիներում ու նաեւ Արարատյան դաշտում: Հիմա նույնը էս խնդիրներն են: Մենք պիտի իմանանք, թե ինչ ենք ուզում, ինչ որակի, ու պիտի հաշվենք, թե ինչ արժե»: Հարցին, թե դեմ կարտահայտվի՞, եթե իր թվարկած առավելությունները չիրականացրած, այնուամենայնիվ, որոշեն 50 տոկոսով թանկացնել սակագինը, կոնկրետ պատասխան չհնչեց: 



 Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ