Եթե լավ համոզող հովիվներ լինեն, ոչխարներ միշտ էլ կգտնվեն

Եթե լավ համոզող հովիվներ լինեն, ոչխարներ միշտ էլ կգտնվեն

Եկեղեցին հերթական  ահազանգն է հնչեցնում Հայաստան «Քրիստոնեական միջազգային ընտանիք» աղանդի թափանցելու մտահոգությամբ: Ամերիկյան ծագմամբ այս կազմակերպությունը, որի հիմնադիրը Դեյվիդ Բերգ անունով մեկն է եղել, հիմնականում տարածում է ունեցել հիպպիական շարժման ժամանակաշրջանում: Ըստ եկեղեցու, նպատակը մեկն է` քայքայել ու վերացնել ընտանիք հասկացությունը: Շարժումը Հայաստան է թափանցել վերջերս` Ուկրաինայից: Եկեղեցին հայտարարում է, որ Քրիստոնեության անվան տակ քարոզում են միասեռականություն, ինցեստ` մերձավոր ազգականների միջեւ սեռական կապեր: «Նաեւ մանկապղծություն` պեդոֆիլիա  է քարոզում եւ, զարմանալիորեն, խրախուսում է ինքնասպանությունը: Ես կարծում եմ` այս շարժումը քրիստոնեության անվան տակ մարդու մեջ սպանում է մարդուն, աղճատում նրա բարոյական կերպարը»,- մեզ ասաց Մայր Աթոռի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:



Հոգեւորականն այդ խմբի մասին տեղեկություններ է ստացել այն մարդկանցից, որոնք անմիջական շփում են ունեցել Ուկրաինայից եկածների հետ: Ըստ այդմ` Հայաստանում դեռեւս 2 գրասենյակ ունեն` Երեւանում եւ Արտաշատում: «Բայց դեռ նոր են. համախոհներ են փնտրում»,- ասաց հայր սուրբը: Վերջինիս փոխանցմամբ` խումբը տիրապետում է համակիրներ գրավելու ձեւերին: «Իրենց հետ եկած աղջիկներ ունեն, որոնք գայթակղում են հայ տղաներին այն ակնկալիքով, որ նրանք էլ հետագայում այդ կառույցի մեջ կներքաշեն իրենց մորը, քրոջը, կանանց եւ այդկերպ կտարածեն շարժումը»:



Հիշատակելով ավետարանական դարձվածքը, ըստ որի` երբ կա իմաստուն հովիվ, կգտնվեն նաեւ այդ հովվի հետեւից գնացող ոչխարներ, հոգեւորականն ասում է. «Իրենց պարագայում, կարծում եմ` այդ տրամաբանությունն է գործում. եթե լավ համոզող հովիվներ լինեն, կգտնվեն ոչխարներ դրանց ետեւից գնացող: Ուրեմն պետք է մեր երեխաներին դաստիարակենք ոչ թե ոչխարային մտածողությամբ, այլ մարդկային տրամաբանությամբ, վերլուծելու կարողությամբ, ի վերջո` Սուրբ գիրք քարոզելով»: Կոմիտաս վարդապետը չի բացառում վտանգավոր այս աղանդի եւ գենդերային օրենքի միջեւ կապը, մանավանդ որ սեռի արհեստական փոփոխության հարց է բարձրացվում, նա ասում է. «Այդ բոլորը հող է պատրաստում վաղվա ամեն տեսակ  այլասերումների ու այլանդակումների համար»:



26 տարի Եվրոպայում հովվապետական առաքելություն իրականացրած հոգեւորականին զայրացնում է հոռի բարքերի ասոցացումը Եվրոպայի հետ: «Եթե Եվրոպա ասելով մենք միայն սեքս, սեռական հարաբերություն ու անասնական կարգավիճակ ենք հասկանում, ապա այդ Եվրոպան ինձ համար անընդունելի է: Ես Եվրոպան ընկալում եմ որպես գիտական մտածելակերպի եւ հոգեբարոյական արժեքների համակարգ»: Եվ նկատում է. «Շահադիտորեն գայթակղելն աղանդների մոտ լավ է ստացվում: Տեսահոլովակներ նկարահանելու խոստումներով նրանք կարողացան նաեւ մեր աստղերից շատերին գայթակղել: Այնպես որ` փորձը կա»: Հոգեւորականի համոզմամբ` միամիտ կլինի կարծել, թե աղանդավորական շարժումներն ընդամենը կրոնական իմաստ ու դիմագիծ ունեն: «Ամեն տարի կես միլիարդ դոլար օգնություն են ստանում դրսից: Պարզ չէ՞, որ այդ գումարները զուտ կրոնական նպատակներով չեն ուղղորդվում այստեղ: Դրանց նպատակը քաղաքական է եւ շատ հեռահար»:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ