Սորոսի հարսանիքին մասնակցելը Էստոնիայի նախագահի քթից է դուրս եկել

Սորոսի հարսանիքին մասնակցելը Էստոնիայի նախագահի քթից է դուրս եկել

Կայքերից տեղեկացել էինք, որ սեպտեմբերի 22-ին կայանալու է 83 ամյա ներդրող Ջորջ Սորոսի պսակադրության արարողությունը՝ իրենից գրեթե ոչ պակաս կարողությունների տեր 42 ամյա մի կնոջ հետ: Ընդ որում՝ դա Սորոսի երրորդ ամուսնությունն է:



Ահա և այդ իրադարձություններից աշխարհագրորեն բավական հեռու վայրում՝ Էստոնիայում գրեթե քաղաքական սկանդալ է հասունանում: Երկրի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին մեղադրել են Ջորջ Սորոսի հարսանիքին որպես պետական այր ներկա գտնվելու համար, ինչի մասին նա ոչ ոքի ոչինչ չի տեղեկացրել:



Իլվեսն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Սեպտեմբերի 25-ին նա պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նիստում, այնուհետ պետք է մասնակցի մի շարք այլ միջոցառումների։



Թեև նախագահի մամուլի ծառայությունը մանրամասն ներկայացրել է Էստոնիայի ղեկավարի՝ ԱՄՆ-ում գտնվելու ծրագիրը, այնուամենայնիվ, հարսանիքին ներկա գտնվելու մասին, ուր նա հրավիրված է եղել ոչ որպես անհատ, այլ որպես Էստոնիայի նախագահ, ոչինչ չի ասվել։



Դրան ի պատասխան՝ նախագահի մամուլի ծառայությունը նշել է, որ «իրենք հիմնվել են նրա վրա, որ Սորոսի ընտանիքն ամուսնությունն ընկալում է որպես անձնական միջոցառում»։ «Ցանկացած նախնական հրապարակում այս դեպքում պետք է լիներ Սորոսի ընտանիքի կողմից»,- հայտնել են ծառայությունից։



Մինչդեռ, դեռևս հայտնի չէ, թե ով է վճարել հարսանեկան նվերի համար, որը էստոնացի նկարչուհի Մալլ Նուկեսի կտավն էր, նախագահը՝ որպես անհատ, թե պետությունը, որի անունից նա ներկա է գտնվել հարսանիքին, սակայն ոչինչ չի պատմել իր քաղաքացիներին: