Զարուհի Փոստանջյանին կհեռացնեն ԵԽԽՎ պատվիրակությունից

Զարուհի Փոստանջյանին կհեռացնեն ԵԽԽՎ պատվիրակությունից

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:



 



«Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:



 



Նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք:



 



Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի է ենթակետը` հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»: