Ամեն ինչ վոկալի մասին

Ամեն ինչ վոկալի մասին

Հայաստանի կոմպոզիտորների միությունում կատարված բարեփոխումները, հուսանք, խոստումնալից են, քանի որ միությունը, նոր ղեկավար ընտրելուց անմիջապես հետո, երեկ ձեռնամուխ էր եղել միության համերգային  դահլիճը,  սրահն ու հանդերձարանն արագ  կարգի բերելու եւ հանդիսատեսին ժողովրդական, հոգեւոր, այդ թվում` կոմիտասյան նրբաճաշակ երաժշտություն մատուցելու գործին:



 



Օրվա խորհուրդը Երեւանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի շրջանավարտ, ԳԱԱ  արվեստաբան Սոնա Մակարյանի համերգային երեկոն էր, որն ուղեկցվում էր հայկական երգարվեստի փառահեղ գոհարների կատարմամբ՝ ներկաների համար բացահայտելով, թե ինչպիսի ծածուկ գանձեր ունի ազգային, առավելապես կոմիտասյան երգն ու երաժշտությունը: Պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի սանը` Սոնա Մակարյանը, իր վարպետ կատարումներից բացի,  հաճելի անակնկալ մատուցեց երեկոյի մասնակիցներին:



 



Համերգն ուղեկցվեց վերջինիս «Ամեն ինչ վոկալ արվեստի մասին» գրքի շնորհանդեսով: Հեղինակի գնահատմամբ,  վերջապես իրականություն դարձավ իր վաղեմի երազանքը, առաջին անգամ հայերեն լեզվով  հրատարակվեց վոկալ արվեստի վարքականոնների եւ հմտությունների ձեւավորման մասին գիրք, որը   կնպաստի տվյալ բնագավառի ուսանողության    մասնագիտական ունակությունների զարգացմանը: