Չկան ազատագրողներ

Չկան ազատագրողներ

Հարցազրույց գրող Արմեն Օհանյանի հետ



 



«Մեր տան աստված Հովհաննեսը մահվանս լուրը հասցրել է ամբողջ ժողովրդին: Բայց մեր բարի, իմաստուն արարիչն ինձ այդպես էլ ողորմի չտվեց. թե հոգեհացիս գար, հոգիս հանգիստ կլիներ ու չէր ձգտի վերածնվել: Թե ողորմաթաս բարձրացներ ու ասեր` ափսոս, Կիկոս, մարդիկ հետեւից կասեին` հազար ափսոս: Բայց էդպես չեղավ, ու գուցե բարին էլ դա էր:



Իրենից հետո երկար, շատ երկար ման էի գալիս մեկին, որ պատմեմ իրական կյանքիս պատմությունը, ու վերջը գտա: Անունն Արմեն է, էս տողերի հեղինակն է: Բարդ ենք հարաբերվում, լեզու չենք գտնում: Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է. իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված: Նրա հասկանալով` հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ. «Ձախորդ Փանոսը» հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, «Քաջ Նազարը»` ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ «Կիկոսի մահը»` վախն ապագայի նկատմամբ»:



(հատված Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» պատմվածքից)



 



- Արմեն, օրերս քո սերնդակից գրող Արամ Պաչյանը գրեց «Հայ գրականության դատավարությունը» հոդվածը: Մեջբերեմ հոդվածից. «Ժամանակակից գրականությունն այսօր մենակության մեջ է պատին հենված, վիրավոր, արնաքամ, փշրված կողերով ու ատամներով: Նրա թիկունքին ոչ ոք չկա, նրա գլխավերեւում պահապան հրեշտակներ վաղուց չեն ճախրում, նա ձեր արտացոլքն է, ձեր մասին վերջին հիշողությունը ու դրա համար եք դուք կայացրել ձեր մահվան դատավճիռը, որ կախաղան հանեք ինքներդ ձեզ»: Դու կիսո՞ւմ ես այս կարծիքը:






- Հա, Արամն էսօրվա գրականությունը պատկերել է անատամ ու փշրած կողերով, ու գուցե էդ իսանի մի քանի սիրահար ու ծնող վիրավորվել են, բայց բովանդակային առումով ամեն ինչ ճիշտ է ասված` էս պահին մեր ունեցածը թշվառ երկրի խեղճ գրականություն է, իսկ շիտակ խոսքից նեղանալ չկա: Մի վիրավորվեք, շատ սիրուն աղջիկն էլ կարող է ուզող չունենալ, ուրեմն էսօր մենք բոլորս մի քիչ տունը մնացած աղջիկ ենք` գեշ թե սիրուն, արյունլվիկ ու անատամ, թե փարթամ ծծերով ու ժպտերեսիկ` ճաշակի հարց է: Պիտի ելք գտնենք, ասենք, լատինաամերիկյան գրականությունը ներքուստ, ինքն իրեն հեղափոխելով՝ իր խեղճությունը հաղթահարեց, երբ իր ծննդավայրն էլ մի լավ օրի չէր, ու աշխարհով մեկ եղավ: Ուրեմն երկիր եւ մշակույթ հարաբերություններում ինչ ասես կարող է լինել, անգամ աղքատ երկիր` հարուստ մշակույթ եւ հակառակը, բայց հարստահարված, թալանված երկիրը միշտ ունենում է խեղճ կամ խեղճացած մշակույթ: Եթե երկիրն է երկնում իր գիրը, ուրեմն իրավացի են «պտուղը ծառից հեռու չի ընկնի» ասողները, ու էսօրվա Հայաստանում կեղծարվեստից բացի ոչինչ չի ստեղծվի` գոնե պետական հովանավորությամբ, բայց եթե խոսքն ու գիրն է հիմնում երկիր, ուրեմն իրավիճակն այլ է, որովհետեւ մենք ունենք առնվազն մի ճանաչված պետություն, որտեղ հայերենը Սահմանադրությամբ ամրագրված պետական լեզու է: Համոզված չեմ, որ եթե մի հրաշքով մեր երկրում ներկայումս ապրող քարը պայթի-տրաքի, հազար գրողով առավոտից իրիկուն շատ ու որակով գրենք, կարող է Հայաստանը դառնա մեր երազած երկիրը` ալամ աշխարհով ցրված հայությունը տուն դառնա ու ապրի Մասիսի փեշերին գոհ ու երջանիկ, բայց համոզված եմ, եթե Արամի գրածով կիսվեր 10 միլիոն օգտատեր, վաղը մենք կարթնանայինք մեկ այլ` գրական Հայաստանում:



 



- Արմեն, ի՞նչ հունով է այսօր ընթանում գրականությունը: Կարծես համացանցը «գրավել» է նաեւ գրականությունը: Արդյոք գրականության ապագան կախվա՞ծ է համացանցից, մենք այսօր հիմնականում այստեղ ենք ընթերցում, «լայքում», կիսվում…






- Մեր հողաշեն իրականության մեջ մենք հաց էինք կիսում ու չեղած բանը բաժանում էինք ավելի փոքր մասերի, մեզ նեղություն էինք տալիս, որ կայանա եղբայրությունն ու արդարությունը, իսկ ցանցային աշխարհում կիսվելով չես փոքրանում` մեծանում ես: Էս տարածքը շնչում է «կիսվելով», ու դա տարածվելու բնական ճանապարհն է, չնայած երբեմն իր շնչափողն էլ են վիրուսներ ընկնում: Ու էսօր, երբ «Մշակութային Հայաստան» նախագիծը տիրումեր եղավ, «Ցանցային Հայաստանը», որի մասին 10 տարուց ավել խոսում էին մեր ինտելեկտուալները, շարունակում է կայանալ` կարծես ինքնաբուխ, ու դրա ամենավառ դրսեւորումը «100-ների» հեղափոխությունն էր, որ 100 տոկոսով ցանցային իրողություն էր` վիրտուալ տարածքում կայացած եւ ռեալ տարածքում հաջողության հասած: Մարդկության ներկան է մեծապես պայմանավորված ցանցային իրողություններով, գրականությունն էլ ընդամենը մարդու ստեղծած մի աշխարհ է, որ միայն կշահի ներթափանցումներից ու կկորցնի, եթե փակվի մի մութ անկյունում:



 



 



- Գանք քո քաղաքական գործունեությանը, որը բավական ակտիվ է` 2008-ից միացել ես Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժմանը, աշխատել  ես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզչական թիմում, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիրներից ես…






- Հա, ես համամիտ եմ էն ծեծված մտքի հետ, թե քաղաքականությամբ չզբաղվես, ինքը քեզնով կզբաղվի: Մի առիթով ասել էի, որ Հայաստանն ազատաԳրական պայքարի կարիք ունի, որ չկան ազատաԳրողներ, ու գրչընկերներիս սրտին կպել էր, բայց մնում եմ նույն կարծիքին, ասենք՝ Նարեկացին ու Քուչակն ինչքան էլ անհաս գագաթ լինեն, էսօրվա ընթացքը չեն պատկերելու, իրենց խոսքն արդեն կոնյակ է, որ հասկացողը կխմի ու կգնահատի, իսկ մեզ պետք է թույն, թարմ թույն, որ էս իշխանությունները խմեն` սատկեն, կամ գոնե ջուր, մաքուր ջուր, որ նրանց դեմ պայքարող քաղաքացիները խմեն` ծարավը հագեցնեն, ուժ հավաքեն, իսկ չպայքարողներն ուշքի գան:



 



 



- Լինելով պայքարի ներսում, ի՞նչ ես կարծում. մեզ՝ կիկոսներիս, ինչո՞ւ, այնուամենայնիվ, չհաջողվեց հեղափոխությունը… արդյոք մենք վախենում ենք մեր ապագայից, ինչպես դու ասում ես պատմվածքումդ, դրա՞ համար, թե՞ ուղղակի ոչ թե հեղափոխություն անող, այլ թողնող-հեռացող-արտագաղթող ազգ ենք:






- Պետք չի իշխանափոխությունը խառնել հեղափոխության հետ, այո, իշխանափոխության մեզ չի հաջողվել դեռեւս հասնել, բայց հեղափոխություն մենք ամեն օր ենք անում: Հետո՝ չարտագաղթող ազգ չկա, ում գլխին էլ տանենք սրանց դնենք, մի երկու տարուց արտագաղթ կսկսվի: Մենթալիտետ ասվածը ծանրումեծ, ազգի դարդուցավով տապակվողների բերանի ծամոնն է, որ ուղեղներին զոռ տալու փոխարեն բոլոր հարցերին մի պատասխան ունեն` հայեցի է, հայեցի չի: Նրանք, ովքեր մեր մասին շատ վատ կարծիքի են` իբր մենք արտագաղթող, ուտող-ուրացող, իրար քցող, խաբեբա ու ստրուկ ենք, եւ նրանք, ովքեր շատ լավ կարծիքի են` իբր մենք աստվածընտիր, անբախտ, բայց տոկուն, նամուսով, թասիբով, գենետիկորեն թուրքերի հետ անհամատեղելի ժողովուրդ ենք, ըստ էության համակարծիք են, որ մենք աննորմալ ենք, եւ նույն մեդալյոնի երկու երեսն են մեզ ցույց տալիս: Մինչդեռ մենք մի դար է, ինչ հանրապետության ձեւաչափով ենք փորձում մեր ազգային կենսատարածքը վերահաստատել, սա երրորդ փորձն է, որի ձախողումը կամ հաջողությունը կախված է բացառապես մեզնից: Մի խոսքով, մենք հայ ենք, եւ դա նորմալ է, անհանգստանալու բան չի: 



 



 



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ