Վարդանը մեր որդին է. Սոս Սարգսյան

Վարդանը մեր որդին է. Սոս Սարգսյան

Սոս Սարգսյանը, ինչպես Վարդանն է իր հարցազրույցներում  պատմում, գալիս  էր իր բոլոր ներկայացումներին, վերջում բարձրանում էր բեմ ու ասում դերասանի համար ամենաջերմ բառը՝ Վարդանը մեր որդին է: Դրանից վեհ կոչում կա՞… Այսօր ես ուզում եմ  համարձակություն հավաքել ու մեր նահապետի խոսքը բարձրաձայնել ժողովրդիս անունից՝ Վարդանը մեր որդին է: Նա դրա համար ամեն ինչ արել է, որ արժանանա այդ կոչմանը: Սոս Սարգսյանը հաճախ էր ասում. . «Մենք մի երգ չունենք, որի բառերը բոլորս իմանանք. մի էրկու բառ գիտենք սկզբից, մի էրկու բառ էլ վերջից: Այ եթե գա էն օրը, որ մենք՝ հայերս, ձեռք-ձեռքի բռնած երգենք, մեզ էլ ոչ ոք չի հաղթի»: Դրանք դարձան Վարդանի ներկայացման բառերը, դերասանը հաճախ էր մտորում՝ մարդկանց մտքում, կարծես, այդ բանը կա. ինչո՞ւ մենք իրար հետ չենք երգում, ինչու՞ չենք վստահում, սիրում միմյանց: Ու ինքն էլ տալիս էր պատասխանը. «Մարդուն, կարծես, փորձում են դարձնել կռվող շուն: Մարդուն, կարծես, դիտմամբ կատաղեցնում են: Մարդկանց, կարծես, զինում են իրար դեմ, մարդկանց սնում են ատելությամբ»: Վարդանն իր ներկայացումներով ամեն ինչ անում էր՝ մարդու մեջ արթնացնելու մարդը, մարդու մեջ արժևորելու իր եսը: Կարևոր չէ՝ ով է այդ մարդը, բարձրաստիճան պաշտոնյա, ոստիկան, թե շարքային քաղաքացի, ովքեր շատ հաճախ մոռանում են, որ Վարդանը միայն նրանցը չէ, ովքեր աղաղակում, հանդես են գալիս ի պաշտպանություն նրա մարդկային տարրական իրավունքների: Վարդանը նաև ոստիկանինն ու բարձրաստիճան պաշտոնյայինն է, ինքը ազգինն է, բոլորինը: Ինքը մեր որդին է,- հիշեցնում է ազգի նահապետը: Քչերն են արժանանում այդ պատվին:  Վարդանին չշփոթենք, այն «որդիների հետ», ովքեր վայելում են իշխանության բարեհաճությունը: Դրանք ժամանակավոր են, փոփոխական: Իշխանության և ժողովրդի որդիները տարբեր բաներ են: Ժողովրդի որդու հետ այդպես չեն վարվում: Որովհետև կգա պահը, երբ, ինչպես նահապետն է ասում, բոլորս  միասին կերգենք ու նու՛յն երգը:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ