Ընտանիք կազմիր, տուն կառուցիր, ծառ տնկիր

Ընտանիք կազմիր, տուն կառուցիր, ծառ տնկիր

Բարեբախտաբար, այս իմաստուն խրատի հետնորդները Հայաստանում բազմահազարն են: Այդպիսին է նաև մեր հերոսը՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ Իշխան Եսայանը: Իշխանին գիտեն ողջ մարզում, հանրապետությունում: Նա հմուտ այգեգործ է, տնկիներ է պատրաստում և արդեն 40 տարուց ավելի զբաղվում է այդ գործով: «Մենք սեղանին միրգ դնելով՝ արև ենք բերում տան ներս: Իմ աճեցրած տնկիներն այնքան շատ են, այնքան բազմազան, որ հանրապետությունում գրեթե չկա մարզ ու համայնք, որտեղ դրանք չեն հասել: Դրա համար ես անչափ լավ եմ զգում և առանց դրա կյանքս չեմ պատկերացնում»:



 



Մեծ է Իշխանի գերդաստանը: Նախնիները՝ հայրը, պապը, ապուպապերը, հայտնի ջրաղացպաններ են եղել Կարբիում: Ինքն էլ սիրել է այդ մասնագիտությունը և շատ անքուն գիշերներ անցկացրել Կարբիի ձորում՝ ջրաղացի քարի պտույտներին հետևելով: «Մի անգամ,- պատմում է Իշխանը,- 10-12 տարեկան երեխա էի: Պապս վարպետ էր բերել, որ մեր ծառերը պատվաստի: Մի քանի հատ պատվաստեց, ու գնացին հացի: Ես ուշադիր հետևում էի նրա գործողություններին: Երբ գնացին, սկսեցի նույնը ես շարունակել: Հետո պարզվեց, որ իմ պատվաստած տնկիները կպել են, վարպետինը՝ ոչ»:



 



90-ականների դաժան ձմեռներին, երբ տաքանալու համար համատարած կտրում էին ծառերը, Իշխանը դարձյալ տնկիներ էր պատվաստում ու նվիրում ում պատահի, միայն թե ծառ տնկող լիներ: Այսպես սիրելով իր մասնագիտությունը, որդիներին կապեց հող ու ծառի հետ: Հիմա փոքր որդին առանձին տնկարան է հիմնել շուրջ մեկ հեկտար տարածքի վրա: Իշխանը տարեկան մոտ 30 հազար հատ տնկի է պատվաստում: Ամեն տարի մի նորություն ունի: Կապ է պաշտպանում աշխարհի շատ երկրների հետ ու այնտեղից նոր սորտերով հագեցնում իր տնկարանը:



 



- Այժմ Կարբիում շատերն են զբաղվում այդ գործով,- ասում է Իշխանը,- դրա համար ես ուրախ եմ:



 



- Բա քո բիզնեսի վրա չի՞ ազդում,- հարցնում եմ:



 



- Բոլորովին,- պատասխանում է Իշխանը,- հաճախորդը հաճախորդ է բերում, իսկ ես որակ ապահովել եմ: Դա գաղտնիք չէ:
Էլ ինչ է պետք մարդուն, երբ հնարավոր է սիրած աշխատանքով զբաղվել, եկամուտ ապահովել ու տուն պահել: Մեծ գերդաստանի բոլոր անդամներն էլ կապված են հողին, ծննդավայրին: Գաղթելու մասին չի ուզում լսել, բայց նաև ասում է, որ լավ-վատ, հողից հաց քամելով է ապրում: Ակամա մտածում ես. «Ապահով Հայաստանի» բանալին գուցե այսպիսի մարդկանց ձեռքում է: Այս տնկարանի մոտով ինչքան չինովնիկներ են անցնում՝ սկսած երկրի նախագահից, վարչապետից: Ի՞նչ կլինի, եթե մեկ անգամ կանգնեն ու մարդու կյանքով հետաքրքրվեն: Ինքն էլ գաղտնիքներ կբացահայտի: Ու եթե լսեն նման մարդկանց, իրենց կարգախոսներն իրականություն կդառնան: Չէ՞ որ հողն է կերակրում երկիրը, ոչ թե դատարկ կարգախոսները:



 



Ն.ԳՐԻԳՈՐՅԱՆ