Մուրացիկ երեխաներին տեղափոխել են «Սոս» մանկատուն

Մուրացիկ երեխաներին տեղափոխել են «Սոս» մանկատուն

Մուրացկանությունը մերժելի երեւույթ է հասարակության կողմից, իսկ եթե մուրացիկը երեխա է, սա արդեն լուրջ մտահոգության առարկա է: Ոմանց համար մուրացկանությունը դարձել է  մասնագիտություն, բիզնես, որ բավական շահութաբեր է:



 



«Մուրացկանության դրդապատճառներին անդրադառնալիս կարելի է նշել, որ նյութական հնարավորությունների բացակայությունն է, որ մարդկանց մղում է ծայրահեղության. փողոց դուրս գալ, խնդրել, օրվա հացի խնդիր լուծել, չնայած լինում են դեպքեր, որ այս քայլին են դիմում նաեւ մարդիկ, ովքեր չեն ուզում աշխատել, ջանք թափել եւ վաստակ ունենալ: Անչափահաս մուրացիկներ եթե լինում են, հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են նրանք, ընտանիքներ, որտեղ առկա ռեսուրսները՝ նյութական, հոգեբանական, սոցիալական, բավարար չեն երեխայի խնամքը եւ սոցիալականացումը լիարժեք կազմակերպելու համար, եւ որտեղ երեխան կարող է մնալ անխնամ, լքվել, ունենալ զարգացման խնդիրներ, խոսքը ներքոհիշյալ ընտանիքների մասին է,- ասում է Կոտայքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արտյուշա Պետրոսյանը:



 



- Երեւույթի վերացման կամ գոնե նվազման համար հարկավոր է ոչ միայն ոստիկանության ջանքերը, այլ նաեւ հասարակության, ընտանիքի, դպրոցի, տվյալ միջավայրի վերաբերմունքը՝ միավորվելու եւ կանխարգելելու մուրացկանությունը`  որքան էլ այն խորքային լուծումների կարիք ունենա:



 



Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխա հասկացությունը ներառում է հաշմանդամության, ինքնասպասարկման ունակությունների կորստի, հիվանդության, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության ենթարկվելու, անօգնականության, միայնակության, սոցիալական մեկուսացման, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու իրադրությունը:



 



Կոտայքի մարզում չունենք մուրացիկ երեխաներ»: Իսկ ինչպես են հայտնաբերվում մուրացկանությամբ զբաղվող երեխաները ինչպիսի քայլեր են իրականացվում խնդրի լուծման համար. Արտյուշա Պետրոսյանն ասաց. «Մենք աշխատում ենք տարբեր կառույցների`  ոստիկանության, դպրոցների, համայնքի ղեկավարների հետ:



 



Եթե   դեպք է նկատվում, որ երեխան զբաղվում է մուրացկանությամբ, հաճախ մեզ ահազանգում են,  մեր  բաժնում աշխատող բազմամաս-նագիտական խմբի անդամների (սոցիալական մանկավարժ, բժիշկ, հոգեբան  իրավաբան)  միջոցներով փորձում ենք խնդրին լուծում տալ: Այցելում ենք ընտանիքներ, երեխային հաշվառում եւ մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահում  այնքան ժամանակ, մինչեւ հարցը վերջնականապես լուծվի:   Հիմա  մարզում մուրացիկ երեխաներ չկան»:



 



Մենք անդրադարձել ենք Աբովյանի թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցի 3 երեխաներին: Հիշեցնենք, որ նրանք մոր հետ միասին զբաղվում էին մուրացկանությամբ: Հարուցվել էր քրեական գործ երեխաների մոր՝ Աղավնի Ներսիսյանի դեմ ՀՀ քրօրենսգրքի 166.1 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաեւ մորեղբոր` Արամ Ներսիսյանի դեմ` զարմիկներին մուրացկանության մեջ ներքաշելու համար: Արամ Ներսիսյանի գործով դատական լսումները շարունակվում են, իսկ Աղավնի Ներսիսյանը որին դատարանը վճռեց դատապարտել 3 տարվա ազատազրկման, համաներումով ազատ է արձակվել:



 



Աբովյանի հատուկ դպրոցի տնօրեն  Լ. Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ երեխաներին` 14-ամյա Ռուզաննային, 12-ամյա Սիրանուշին, 11-ամյա Իսպիրին եւ 4-ամյա Արսենին, տեղափոխել են Իջեւանի «ՍՈՍ» մանկատուն:



 



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ