Տարաբախտ Ռոբինզոնը կամ քաղաքական դիմանկարի փորձ

Տարաբախտ Ռոբինզոնը կամ քաղաքական դիմանկարի փորձ

Երբ Հայաստանի ողջ քաղաքական ու չգիտեմ էլի ինչպիսի միտքը պտտվում է Ռոբերտ Քոչարյան- Տիգրան Սարգսյան այսպես կոչված «հեռակա բանավեճի» շուրջ, երբ դեռ հայտնի չէ, թե ինչքան կձգվի այս բանա-վեճը, եթե գործող կառավարությունը ուղղակի հրաժարական չտա կամ իշխանությունը չգնա կտրուկ փոփոխությունների, ասել, որ սա ներթայֆայական ռազբորկա է, ճիշտ չէ: Խուսափել այս ամենի խորքը նայելուց՝ նշանակում է լինել վախկոտ: Չհասկանալ այս ամենի պատճառահետևանքային ընթացքը՝ նշանակում է լինել տգետ: Շեղել հանրության ուշադրությունը բանա-վեճի մեջ բարձրացվող խնդիրներից՝ նշանակում է մարդուց խլել վերջին հույսը, թե մի բան, այնուամենայնիվ կարող է փոխվել:



 



Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերայի մասին իմ բոլոր հիշողություններով հանդերձ կարող եմ հավաստել, որ նա այս պահին իր մեջ ներառում է այն բոլոր քաղաքական որակները, որ թվարկեցինք վերևում՝ վախկոտ է, տգետ և ապակողմնորոշող: Լուրջ քաղաքական գործիչը չի կարող լինել մի վարչապետի վասալը, որ այս ամենի մեղավորը լինելով հանդերձ, տակավին, ձեռքը գցած փրփուրներին, դեռ փորձում է արդարանալ երկիրը դատարկելու, ժողովրդին մինչև վերջ հարստահարելու, տնտեսությունը անապատացնելու իր «հերոսությունների» համար:



 



Լսած կլինեք այս արտահայտությունը՝ «քաղաքական գործչի տեսակ»: Արդ ուրեմն իմացեք՝  Նիկոլի տեսակը բավականին բարդ է: Մեզ ոչ օվացիաներ են պետք, ոչ էլ առավել ևս տափակ հակաճառություններ: Բարի եղեք համբերատար սպասել, և, գուցե, կկարողանանք միասին հասկանալ, թե «Մեզ պետք է ինստիտուցիոնալ ընդդիմություն» ասող քաղաքական գործիչը ինչու է կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահի և գործող իշխանության միջև ծավալված «սիրատոչոր և կարոտակեզ նամակագրությունը» ներթայֆայական ռազբորկա է և ուրիշ ոչինչ:



 



Ոշադրություն դարձրեք, խնդրեմ, Փաշինյան Նիկոլի հետևյալ անխոցելի մտքին. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչ է նշանակում երկրորդ եւ երրորդ նախագահ։ Հայաստանը երկրորդ եւ երրորդ նախագահ չի ունեցել։ Եթե նկատի ունենք 2008թ. մարտի 1-ին գործող առաջին եւ երկրորդ գլխավոր մեղավորներին, ինձ համար անընդունելի է նրանց դեպքում երկրորդ եւ երրորդ նախագահ հասկացության կիրառումը։ Հայաստանը դեռ պետք է ընտրի իր երկրորդ եւ երրրորդ նախագահներին»:



 



Այսքան լեզվանի լինելու համար մարդ պետք է վերջնականապես մոռացած լինի, թե ով էր նույն մարտի 1-ի երրորդ հիմնական մեղավոը և ով էր այդ երրորդ մարդու գործերի հիմնական սպասավորը: Տեսնես այն ո՞ւմ ձայնն էր խռպոտել բարձրախոսներով անկապ ճղճղալուց: Տեսնես այն ովքե՞ր ժողովրդական հսկա ալիքը վախճանեցին պատգամավորական փափուկ բազկաթոռների մեջ:



 



2008 թվականի մարտի 1-ը դեռևս անհիշելի ժամանակների խորքը չի գնացել, կարծում ենք: Ու եթե մի քիչ փորփրենք, կտեսնենք, որ ոմանց տրամաբանությամբ այս «թայֆայական ռազբորչիկներից» «ամենամաքուրը» Տիգրան Սարգսյանն է, ով վարչապետ է նշանակվել մարտի 1-ի դեպքերից մեկ ամիս հետո՝ 2008 թվականի ապրիլի 9-ին: Այս պահը խիստ էական է Նիկոլի համար, բայց նա մոլորյալ է:



 



Եկեք ձեռքներս դնենք խղճներիս. Լևոն Տեր-Պետրոսյանի (նաև Նիկոլ Փաշինյանի)՝ պայքարի մեջ մտնելու օրվանից, ՀԱԿ-ի կողմից, հռետորական հայտարարություններից բացի, որևէ նորմալ տնտեսական վերլուծություն ներկայացվե՞լ է ֆորումին: Մի բառ էին գտել՝ «ավազակապետություն», և այդ բառով էին բնորոշում ամեն ինչ՝ սկսած ներքաղաքական գործընթացներից, վերջացրած տնտեսական թալանով, որի մեջ արդեն Տիգրան Սարգսյանն անուրանալի ներդրումներ ուներ: Բայց այդ հանգամանքը, ինչպես տեսնում ենք, հատկապես Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի հուզում: Ավելի շուտ նրան հուզում է վարչապետին այս ջրից չոր դուրս բերելու խնդիրը, բայց, քանի որ այդ մասին չի կարող բացահայտ խոսել, դիմում է խորամանկության՝ «Սա ներթայֆայական անկարևոր վեճ է, մենք պետք է ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորենք»: Պիտի ասեմ՝ կեղծ մտահոգություն: Կեղծ, որովհետև ավելի լավ ինստիտուցիոնալ ընդդիմություն քան ԱԺ-ում երեք առանցքային ընդդիմադիր կուսակցությունով ներկայացված լինելն է, չէր էլ կարելի ունենալ:



 



Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը և որոշ խելացիներ պառակտեցին ընդդիմադիր ուժերից երկուսը՝ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: Պիտի կարծել, որ ՀԱԿ-ը դեմ էր ինստիտուցիոնալ ընդդիմություն ունենալուն, և Նիկոլը պատժեց ՀԱԿ-ին: Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը պետք է խոստովանի, որ ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորած ՀԱԿ-ը (այդ մասին ՀԱԿ-ն ու Նիկոլը հայտարարել են 2008 թվականից սկսած), ԱԺ մտնելուց հետո հրաժարվել էր այդ գաղափարից և ինքը, միայն ինքը ընդվզեց դրա դեմ՝ մնալով ազնիվ, մաքուր և թափանցիկ: Իսկ սա արդեն աբսուրդ կլինի:



 



2008 թվականից այսկողմ խորհրդարանական ընդդիմությունը չի դադարում խոսել Տիգրան Սարգսյանի կառավարության թույլ տված սխալների, չպատճառաբանված ու չարդարացված օրինաստեղծ գործունեության մասին: Այդ ընթացքում քանիցս հարց է բարձրացվել անգամ՝ այդ կառավարությանը թոշակի ուղարկել: Տիգրան Սարգսյանն այդ ամենին վերաբերվել է առնվազն հումորով, հաճախ արհամարհել դիտողություններն ու քննադատությունները, մերժել ընդդիմության առաջարկները՝ հարկ չհամարելով նույնիսկ բացատրություններ տալ իր քայլերի համար:



 



Այսօր, սակայն, երբ Ռոբերտ Քոչարյանն է մեկ առ մեկ վեր հանում այդ կառավարության սխալները, Տիգրան Սարգսյանը չի կարողանում արհամարհել: Սա էլ մի ուրիշ պատմություն է, բայց, թվում էր,այսօրվա ընդդիմությանն այլ, ավելի զորեղ ազդակ պետք չէր Քոչարյանի և գարծող կառավարության յոթն ու քառասունքը մեկ տեղ անելու համար: Բայց, ալե... հոպ, և հրապարակ է գալիս ՀԱԿ-ի հայտարարությունը Քոչարյանի գործողությունների մեջ քաղաքական շարժառիթներ չտեսնելու մասին և Նիկոլ Փաշինյանի խոհափիլիսոփայական պատասխանը, որ ինքը չէր ցանկանա իր բարձունքից քաղաքական գնահատական տալ այդ «ներթայֆայական ռազբորկային», այլ խոսքով՝ երկու ավազակապետությունների «խոսքակռվին»: Իսկ ինչո՞ւ չմիջամտել և չփորձել ազատվել գոնե այն կառավարությունից, որի գործունեությունը, հարգելի ՀԱԿ և Նիկոլ, իբր համարում եք կործանարար: Արդյոք թայֆաբազություն չէ՞, ձեր այս պահվածքը:



 



Լևոն Զուրաբյանը հանրահավաքում խոսում է Սերժ և Տիգրան Սարգսյանների ավազակապետությունը կործանելու մասին՝ մոռանալով հիշատակել այդ ավազակապետության հիմնադիր Ռոբերտ Քոչարյանին: ԲՀԿ-ի դերակատարությո՞ւնն է: Անշուշտ: Իսկ Նիկոլը, Տիգրան Սարգսյանից ոչ պակաս նոկաուտ եղած, հարթակ էլ չի բարձրանում խոսելու կուտակային կենսաթոշակի մասին խայտառակ օրենքի հեղինակի քյալլագյոզությունից և միայն վերացական մտքեր է հնչեցնում լայն մասսաների հնարավորությունների մասին, թե չկա մի հարց, որ այդ զանգվածը չկարողանա լուծել: Համամիտ ենք, իհարկե, Նիկոլի հետ, որ մասսան բոլոր հարցերն էլ կլուծի, բայց մասսային դրա համար պետք են առաջնորդներ և ոչ թե հինգերեսանի քաղաքական գործիչներ, որոնք էլ հենց մարտի 1-ի և մնացած ամեն ինչի հիմնական մեղավորներն են հանդիսանում վերջնահաշվարկում:



 



Էդիկ Անդրեասյան