Նրանք պատասխան կտան բազմաթիվ հայորդիների զոհվելու պատճառ դարձած հանցավոր անգործության համար. Ժիրայր Սեֆիլյան

Նրանք  պատասխան կտան բազմաթիվ հայորդիների զոհվելու պատճառ դարձած հանցավոր անգործության համար. Ժիրայր Սեֆիլյան
«Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքի էջում գրել է.


 


Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի դիվերսիոն հարձակմանը դիմակայելիս քաջաբար զոհված Արմեն Լևոնի Հովհաննիսյանի հարազատներին ու մտերիմներին: 

Հրադադար կոչվող այս ծխացող պատերազմի քսան տարիների ընթացքում բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքի գնով պաշտպանել են Հայրենիքի սրբազան սահմանը: 
Եթե ժամանակին ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակի անձնակազմի հանդեպ սրտացավ լիներ և փոքր ինչ հեռատեսություն ունենար, ապա հրադադարի համաձայնագիրը կնքելիս կարող էր նախատեսել այնպիսի պայմաններ և մեխանիզմներ, որոնց շնորհիվ էապես կնվազեին հրադադարի խախտման հավանականությունն ու ողբերգական հետևանքները:
Միևնույն ժամանակ՝ նույնիսկ այս պայմաններում զոհերի մեծ մասից հնարավոր կլիներ խուսափել, եթե ռազմաքաղաքական ղեկավարությունն ընդուներ հրադադարից հետո դաշտային հրամանատարների կողմից մի քանի անգամ ներկայացված ծրագիրը, որի շնորհիվ շատ ավելի փոքր ուժերով ու միջոցներով և, բնականաբար` շատ ավելի նվազ կորուստների գնով կարելի էր ապահովել շփման գծի արդյունավետ ու անվտանգ պաշտպանությունը:

Մինչ օրս այդ ծրագիրն անտեսված է և այսուհետ ևս անտեսվելու է, քանի դեռ պետության ու բանակի ղեկին են ներկայիս ապազգային, հակահայ և մարդու կյանքը արժեք չհամարող անհոգի պաշտոնյաները:

Սակայն հեռու չէ այն օրը, երբ նրանք պատասխան կտան իրենց հանցավոր անգործությամբ բազմաթիվ հայորդիների զոհվելու պատճառ դառնալու համար: