Հայոց բանակի օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ

Հայոց բանակի օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ

Հունվարի 26-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ:



 



Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ անդամներ:



 



Ս. Պատարագի ընթացքում իր քարոզում Վրթանես Սրբազանը անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում հայոց բանակի ունեցած կարևոր դերին ու նշանակությանը:



 



 Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանք` ի շինություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի: Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել ներկաներին՝ մեկ անգամ ևս ամենքին շնորհավորելով Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առիթով:



 



Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ Հայոց բանակն իր զինվորների ու զորականների անձնվեր ծառայության շնորհիվ այսօր ապահովում է երկրի խաղաղությունը` անվրդով կյանք ստեղծելով մեր ժողովրդի ու Հայրենիքի համար: Վեհափառ Հայրապետը ՀՀ Զինված ուժերի սպասավորներին մաղթել է Տիրոջ օրհնության ներքո երկար տարիների քաջառողջ կյանք, արդյունավոր ծառայություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի սեր Մայր Հայրենիքի և ի փառս մեր ժողովրդի:



 



Այնուհետև տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ Հայ Եկեղեցու «Սբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով է պարգևատրել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, տիար Գառնիկ Հայրապետյանին, գնդապետ Դանիել Բալայանին և գնդապետ Օնիկ Գասպարյանին:



 



Շքանշանակիրներին շնորհված Հայրապետական սրբատառ կոնդակն ընթերցել է Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: