Վարդանիկի աղջկան ազատել են տնօրենի պաշտոնից

Վարդանիկի աղջկան ազատել են տնօրենի պաշտոնից

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկան՝ Մանյա Ղուկասյանին, որը Գյումրիի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն էր, օրերս առաջարկվել է ազատման դիմում գրել: Մանյա Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի ավագ դուստրն է, 2012 թվականի ապրիլին սպանված Կարեն Եսայանի հարսնացուն, որին ավելի ուշ առաջարկվեց դիմում գրել, քան Վարդանիկի մյուս մտերիմներին եւ ազգականներին` հարգելով նրա վիշտը: Մանյա Ղուկասյանն իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով քաղաքապետ Սամվել Բալասանյանին դիմել է փետրվարի 6-ին:



Նրա դիմումը նման չէ այդօրինակ մյուս փաստաթղթերին. «Հաշվի առնելով այն փաստը, որ մի տարի շարունակ Ձեր աշխատաոճին բնորոշ բանսարկությամբ տասնյակ մարդկանց միջոցով փոխանցում էիք Ձեր ցանկությունը՝ ինձ ազատել իմ զբաղեցրած պաշտոնից, իսկ 05.02.14 թ. քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի տեղակալը, կատարելով Ձեր խիստ հանձնարարությունը,  հերթական անգամ հայտնեց ինձ, որ Ձեր հրամանի համաձայն պետք է ներկայացնեմ աշխատանքից ազատման դիմումս, եւ, ելնելով այն հանգամանքից, որ չեմ կարող ընկնել դատական քաշքշուկների մեջ, իջնել Ձեր մակարդակին, որոշեցի ներկայացնել այն: Այդ իսկ պատճառով խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից»:



Մանյա Ղուկասյանն իր դիմումում հիշեցրել է քաղաքապետին, որ արվեստի դպրոցը Հայաստանի լավագույն կրթօջախներից է, որտեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն նաեւ միջոցներ են տնտեսվել, իսկ իր աշխատավարձը, որը Մանյա Ղուկասյանը, ինչպես եւ նրա հայրը՝ քաղաքապետ եղած ժամանակ, չի ստացել, ծառայեցրել է դպրոցի կարիքներին եւ կարիքավորներին օգնելուն: «Բայց այդ ամենը Ձեզ չի հուզում:



Թող աստված Ձեզ իմաստություն տա, որ չարությունը դուրս գա Ձեր միջից»,- հորդորել է Մանյա Վարդանի Ղուկասյանը քաղաքապետ Սամվել Բալասանյանին, իսկ վերջինս էլ ստորագրել է դիմումը, այսպիսով, պաշտոնապես ընդունել է փաստաթղթում թվարկված փաստերը: Ի դեպ, Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի նոր տնօրենի պաշտոնում Սամվել Բալասանյանը նշանակել է իր քրոջ աղջկան՝ Լուսինե Սանոյանին: Իսկ Լուսինե Սանոյանի հայրը փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն է: