Ահա թե որն է հողը պահելու ուժը

Ահա թե որն է հողը պահելու ուժը

Ճանապարհի վրա  քերծեր են կախված  ու ամեն անգամ այդ ճանապարհի մոտով անցնելուց սարսափ էի զգում՝ չփլվեն՞ հանկարծ: Դիրքն այնպիսին է, ասես ինքնասպանություն են ուզում գործել՝ թեքվել են առաջ, մեկնել ձեռքերը… Բայց չէ, նրանք ընդառաջ գալու մտադրություն չունեն, տարիներն անցնում, իսկ քերծերըը նույն դիրքով անցող- դարձողին սարսափեցնում են: Եվ մի օր էլ անցնելուց, կամեցա, որ մոտիկից հանդիպեմ քերծերին, իմանամ՝ ի՞նչն է նրանց պահում: Իջա մեքենայից ու ինչպես մարդուն կհանդիպեն,  մոտեցա, ձեռք տվի  ու նստեցի կողքներին: Անկեղծ ասած, երևի դա տարիների վախս փարատելու քայլ էր՝ մի տեսնեմ դրանք ի՞նչ են իրենցից ներկայացնում, որ այդպես մանկությունից ի վեր ահաբեկել է ինձ ու շատերին: Եվ ո՜վ զարմանք, երբ մոտեցա, հասկացա, որ ոչ մի բան չի խաթարի նրանց ամրությունը և հողը առաջ չի գա: Նրանց մեջ բույն դրած արմատները ծառի արմատի խորություն ունեին ու հնարավոր չէր, հենց այնպես մի քոլ պոկել: Արմատներն այնպես էին գրկել ու մտել հողի մեջ, ամրացրել հիմքը, որ ոչ մի շինարար նման ամրություն չէր կարող տալ: Իսկ փոքրիկ ծառերը, որ հողային մասերի վրա էին բուսնել ու թվում էր, որ ձգես, կպոկվեն, այնպիսի խորացող արմատներ ունեին, որ երբ փորձեցի ձգել, նրանք ինձ ներքև քաշեցին: Ահա թե որն է հողը պահելու ուժը. դա այնքան իրական զգացի, որ մարմնովս սարսուռ անցավ: Իսկ հայը պոկվում, հեռանում է հողից, սարը, քերծը թուլացնում ու օտար ափերից գոռում՝ ամուր պահեցեք հողը, իշխանափոխություն արեք. դա է փրկության միակ ճանապարհը: Այո, հեշտ է հեռվից կոչեր անել, որովհետև անողն արդեն դու չես, դիմացողը դու չես, սարը պահողը դու չես:  Հայաստանից հեռացած յուրաքանչյուր հայ, ավելի քան համոզված եմ, իր սրտի մի անկյունում իրեն մեղավոր է զգում:  Հենց այն զգացումը, որ իր նմաններին մենակ է թողնում, հանգիստ չի կարող տալ նրան, հենց այն զգացումը, որ յուրաքանչյուրի հեռանալով թուլանում է քաղաքացիական պայքարը, բավ է…



Ու ես մտովի պատկերացնում եմ՝ ինչ կլիներ ճանապարհի եզրին ցցված այս հողանյութ շինվածքների հետ, եթե բույսերն իրենց արմատներով, մագիլներով, ժանիքներով չպահեին հողը: Մի րոպեում կփլվեին: Ու հիմա բոլորով զարմանում ենք, թե ինչու՞ Հայաստանում հեղափոխություն չի լինում, թե ինչու՞ Հայաստանում իշխանությունը չի վախենում, տեղի չի տալիս: Թե ինչու՞ ժողովուրդը չի հաղթում, թե ինչու՞ թույլ ենք ու ամեն տեղ, ամեն ինչի մեջ մեղավոր փնտրում ենք, բայց ոչ մեր մեջ: Բոլորս գոռում, իշխանափոխություն ենք ուզում, մոռանալով, որ թույլ արմատներով ծառը հող չի կարող պահել, մոռանալով, որ մեր միասնության ծառի տակով արտագաղթի գետն է հոսում, որն ամեն օր լվանում ու անուժ է դարձնում ծառը, երկիրը, սարը, քերծը…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ