Եթե մի տեղ կան ռուսներ, ուրեմն դա արդեն Ռուսաստա՞ն է

Եթե մի տեղ կան ռուսներ, ուրեմն դա արդեն Ռուսաստա՞ն է

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկովշչինա» ընդդիմադիր կուսակցության անդամ, այդ կուսակցության Չեռնովցի մարզի շրջխորհրդի պատգամավոր, մեր հայրենակից Մարգար Մանուկյանը հետաքրքիր կենսագրություն ունի: Նա հեռացել է Հայաստանից 90-ականներին, երբ այստեղ ծանր տնտեսական իրավիճակ էր, եւ ստիպված էր զբաղվել կոշիկի առեւտրով: Երբ հասկացավ, որ կոշկակարության բիզնեսի ճանապարհը փակվեց, եւ հայկական կոշիկն այլեւս ոչ Ուկրաինայում, ոչ էլ Ռուսաստանում լավ «չի գնում», մեկնեց Ռումինիայի սահմանից ոչ հեռու գտնվող Չեռնովցի քաղաք եւ այնտեղ սկսեց զրոյից:



 



- «Բատկովշչինա»՝ նշանակում է հայրենիք: Ես միշտ հավատարիմ եմ եղել այս կուսակցությանը: Այս պահին զբաղվում եմ կահույքի պատրաստմամբ: Նախկին բիզնեսս թողեցի, երբ Յանուկովիչը եկավ իշխանության: Այդ տարիներին փոքր եւ միջին բիզնեսի «օդերը» փակեցին, իսկ խոշոր բիզնեսն իշխանությանը «նալոգ» էր տալիս եւ դրա հաշվին էլ շնչում էր: Ես արդեն երկրորդ անգամ եմ շրջխորհրդի դեպուտատ ընտրվում: 



 



- Այսօր խոսում են բենդերականների ագրեսիայի մասին, ռուսական հեռուստատեսությամբ անընդհատ դա են ցույց տալիս:






- Ֆաշիստներն ու բենդերականներն առասպել են, պուտինյան քարոզչության հորինվածք: Ի դեպ, այդ քարոզչությունը ոչնչով չի զիջում, մասամբ էլ գերազանցում է գեբելսյան քարոզին ֆաշիստական Գերմանիայում:



 



- Ինչպիսի՞ն է իրավիճակը ձեզ մոտ, ձեր շրջանում:






- Արեւմտյան եւ կենտրոնական շրջաններում ամեն ինչ խաղաղ է: Խարկովում, Լուգանսկում, Դոնեցկի մարզում իրավիճակն անկայունացնելու ուղղությամբ աշխատում են մոսկվացի միսիոներները: Մարդկանց տրամադրությունն այնքան էլ լավ չի, բայց նրանք շատ մարտականորեն են տրամադրված: Ժամանակավոր դժվարություններին ըմբռնումով են վերաբերվում:



 



- Ճի՞շտ է, որ պարենային ապրանքների գները բարձրանում են:






- Սննդամթերքն առայժմ թանկանում է, բայց մյուս կողմից վերջին տարվա ընթացքում առաջին անգամ է, որ մարդկանց ժամանակին տվեցին ավանսները եւ կենսաթոշակը: Նոր իշխանությունը ժամանակավոր է, այսպես ասած, տեխնիկական է: Այն կաշխատի, մինչեւ որ երկրում կայանան նախագահական ընտրությունները:



 



- Դուք ներսում եք եղել եւ երեւի թե կարող եք պատասխանել այն հարցին, թե ինչու հեղափոխությունը շարունակվեց նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահ Յանուկովիչն ընդունեց Մայդանի պահանջները:






- Յանուկովիչն ընդունեց պայմաններն ու անմիջապես ծլկեց: Փախուստի հաջորդ օրը նրան կարող էին գտնել, բայց նրան ուղղակի հնարավորություն տվեցին հեռանալու: Կա մի քանի վարկած: Բայց փաստ է, որ Յանուկովիչին հանեց եւ իր մոտ տարավ Պուտինը, իսկ այժմ օգտագործում է նրան որպես մանրադրամ:



 



- Մեզ մոտ ոմանք համարում են, որ Ղրիմի բնակչության մեծամասնությունը, որը ռուսներն են, ինքնորոշման իրավունք ունի, եւ նրանց վերամիավորումը Ռուսաստանի հետ արդար է: Ձեր կարծիքը ո՞րն է: 






- Ոչ ոք չի վիճում, որ Ղրիմի բնակչության հալալ կեսը ռուսներ են, բայց այնտեղ նաեւ այլ ժողովուրդներ են ապրում: Բացի դա, ոչ բոլոր ռուսներն են ուզում առանձնանալ Ուկրաինայից: Սոցհարցումներ կան, որոնց արդյունքներով, Ղրիմի բնակչության 80-85%-ը դեմ է առանձնանալուն: Իսկ հանրաքվեն անցկացվել է ավտոմատների փողի տակ, այլ երկրի զորքերի ներկայությամբ, բոլոր նորմերի խախտմամբ, ինչպես սահմանադրական, միջազգային, այնպես էլ բարոյական: Հանրաքվեն նախապատրաստվել է ընդամենը երկու շաբաթվա ընթացքում: Հնարավո՞ր է արդյոք նախապատրաստել նման գործընթացը երկու շաբաթում: Արդյո՞ք դա իրական է: Ի դեպ, ռուսներն այնտեղ բնակություն են հաստատել այն բանից հետո, երբ Ստալինն արտաքսել է այնտեղից թաթարներին: Ղրիմի տիտղոսակիր ազգը թաթարներն են, դա նրանց հողն է: Եվ հետո, նայեք Ուկրաինայի 1918 թվականի քարտեզը եւ եզրակացություններ արեք: Կուբան, Ղրիմ, Վորոնեժի մարզ, Բրյանսկի մարզի մի մասը. այս ամբողջն Ուկրաինա է եղել:



 



- Բայց այնտեղ մոտ 300 հազար թաթար է ապրում, իսկ ռուսները 1 մլն 200 հազար են:






- Իսկ մյուս միլիոնը դուք արդեն չե՞ք հաշվում: Թե՞ եթե մի տեղ կան ռուսներ, ուրեմն դա արդեն Ռուսաստան է: Ի դեպ, Ռեգիոնների կուսակցության (նախկին նախագահի կուսակցության) անդամները նույնպես համարում են, որ Ղրիմն ուկրաինական տարածք է: Ես գտնում եմ, որ Պուտինն իր գործողություններով միավորեց ամբողջ Ուկրաինան:



 



- Իսկ ինչպե՞ս են հիմա ապրում Ուկրաինայի հայերը, նրանք, ովքեր բիզնեսով էին զբաղվում:






- Չեռնովցի քաղաքում հայերն այնքան էլ շատ չեն: Մոտ 50 ընտանիք: Հիմնականում նրանք միջին կենսակերպ ունեն, ոչնչով լավ կամ վատ չեն միջին վիճակագրական ուկրաինացուց: Այստեղ ոչ ոք ոչ ոքի չի նեղացնում, 100 տոկոս: Մենք գործող եկեղեցի ունենք, որը 1875 թվականին է կառուցվել՝ հայ համայնքի կողմից, իսկ 2012 թվականին Գարեգին կաթողիկոսն է մեզ հյուր եղել: Մեր իրավունքներն այստեղ ոչ ոք չի սահմանափակում:



 



- Ղրիմի հանրաքվեի հետ կապված՝ ի՞նչ տրամադրություն է Ձեզ մոտ:






- Ի՞նչ տրամադրություն պետք է լինի, երբ կույր աղիքդ հեռացնում են: Իհարկե, ցավում է, իհարկե, մարդիկ մեղք են, նրանք չեն պատկերացնում, թե ինչ է իրենց սպասվում: Նրանք Պուտինի հերթական հեքիաթին են հավատացել: Բայց, մյուս կողմից, գուցե լավն էլ դա՞ էր:



 



- Ի՞նչն էր լավը, այսինքն:






- Դե, հիմա էլ թող Ռուսաստանը քարշ տա Ղրիմի «գեմորոյը»: Սա զուտ իմ անձնական կարծիքն է, ոչ թե կուսակցության դիրքորոշումը:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ