Սա թվիթերն է, այստեղ դու տանը չես, բայց կտնավորվես

Սա թվիթերն է, այստեղ դու տանը չես, բայց կտնավորվես

Ծագումով նիգերիացի, ամերիկյան հայտնի գրող Թեջու Կոլեն թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրում է. «Աստվածները մեղք չունեն: Տարիներ շարունակ հաջողություն ու խաղաղություն աղերսելով` նիգերիացիներն արժանացան Goodluck (հաջողություն – Ս.Շ.) Jonathan անունով նախագահին և նրա առաջին տիկնոջը` Mama Peace-ին (խաղաղություն - Ս.Շ.)»:



Թվիթերն էլ մեղք չունի, ամիսներ շարունակ ֆեյսբուքից և սոցիալական այլ ցանցերից դեպի թվիթեր միգրացիա խրախուսելով և քարոզելով` սոցիալական մեդիայի մեր փորձագետներն ու առաջադեմներն արժանացան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` արդեն հայտնի դարձած թվիթերյան գրառմանը:



Թվիթերում, որտեղ առաջին գրառմամբ սովորաբար ընդունված է ողջունել սոցիալական ցանցի համայնքին, Արթուր Բաղդասարյանը հանդես եկավ իր հետևյալ առաջին գրառմամբ. «70-ից ավել կուսակցություններից պետք է մնան նրանք, որոնք մասնակցում են քաղաքական բոլոր գործընթացներին, այլապես նրանց գոյությունը անհասկանալի է»:



Բնական է, որ այս քննադատական գրառումն արձագանքների հրահրման մեծ ներուժ ուներ, ինչն իրեն երկար սպասեցնել չտվեց: Թվիթերի բնակիչներն արձագանքեցին կոպիտ ձևով` հիշեցնելով վերոհիշյալ պաշտոնյայի քաղաքական անցյալի ու ներկայի որոշ դրվագներ:



Գործընկերոջ օրինակը միշտ էլ օգևորիչ է, և վերոնշյալ գրառումից երկու օր հետո մեկ այլ պաշտոնյայի` Կրթության և գիտության նախարարի` ֆեյսբուքում տված  այն հարցին, թե որտեղ ինքը շարունակի իր ցանցային շփումները, սոցիալական ցանցի օգտատերերը ոչ միայն կոպիտ չարձագանքեցին, այլև տվեցին համապատասխան խորհուրդներ: Նախարարն ինքը առաջադրել էր երեք տարբերակ.



«Տարբերակ 1. Մնալ ՖԲ-ում:
Տարբերակ 2. Տեղափոխվել Թվիտտեր:
Տարբերակ 3. Փորձել զուգահեռաբար ակտիվ լինել»:



Օգտատերերից մեկն, օրինակ, նախարարին առաջարկել էր մնալ ֆեյսբուքում, բայց դուրս գալ Հանրապետական կուսակցությունից: Թե որոնք էին վերը նշված երկու պաշտոնյաների քաղաքական գործունեության սկզբունքային որակական տարբերությունները, մնաց ցանցային կյանքի անհայտ ցանցերում` ինչ-որ մի տեղ:



Դժվար թե նախարարի ցանցային կյանքը թվիթերում շատ տարբեր լիներ այժմյանից: Թերևս, նախարարն արագ հասկանար, որ թվիթերում այնքան էլ նպատակահարմար չէ կիսվել ռուսական էստրադային երգերով և անցներ զուտ քաղաքական և «ի պաշտոնե» գրառումների:



Իսկ թվիթերով հետաքրքիր բաներ կարելի է անել, փորձեր կան: Հոդվածի սկզբում մեր հիշատակած նիգերիացի գրողը վերջերս էսսե էր գրել ներգաղթի մասին` «Պատի մի կտոր» վերնագրով` հատուկ նախատեսված սոցիալական այս հարթակի համար: Էսսեի յուրաքանչյուր գործող անձ թվիթերում ուներ իր սեփական էջը, և նրանց մեջբերումներն ու թվիթերը ևս ներմուծվում էին էսսեի տարածք: Էսսեն, որ կազմված է 250 թվիթերից և ստեղծվել է յոթ ժամում, հիմա էլ կարելի է գտնել թվիթերում և կարդալ:



Ինքնաիրացման սահմանափակ հնարավորություններով երկրում միգրացիան սոցիալական ցանցերում ոչ միայն առանձին թեմա է, այլև նույնն է, ինչ առօրյայում սրճարանի, ռեստորանի կամ խանութի ընտրությունը: Հիշում եմ, թե ծանոթներիցս շատերն ինչ լրջությամբ և խանդավառությամբ էին վերաբերվում իրենց տեղափոխությանը թվիթեր, այնքան խանդավառ էին, ինչքան Ուկրաինան կլիներ այսօր, եթե պարզ դառնար, որ մտնում է Եվրամիություն:



Ինչևէ, մինչ Ղրիմում հանրաքվե էր հասունանում և պատրաստվում, Հայաստանում մի պաշտոնյայի առջև ծառացել էր սոցիալական մեդիայի և ցանցային կյանքի ընտրության և կողմնորոշման հարցը: Բայց ինչպես նախարարի հարցը սրամտորեն մեկնաբանել էր ֆեյսբուքի օգտատերերից մեկը` «պարոն Աշոտյան, Ձեր ռեֆերենդումի հարցերն ավելի բարդ են, քան Ղրիմինը»:



Սեդա Շեկոյան