Որքանո՞վ է ռիսկային Արամ MP3-ի երգը

Որքանո՞վ է ռիսկային Արամ MP3-ի երգը

Եվրատեսիլ-2014-ին Հայաստանը ներկայացնող մասնակից Արամ MP3-ն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով և պատասխանեց լրագրողների հարցերին։



 



Արամը, խոսելով երգի մասին, որը կոչվում է Not Alone ( Դու մենակ չես) ասաց, որ երգն ունի սկիզբ, զարգացում, զարգացման լուծում և ավարտ։ Նշենք, որ երգի խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է, իսկ երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Արամ MP3-ն։



 



«Մի քիչ ֆիլմի նման է, և ավելի շատ մարդու հոգեկան աշխարհին է դիպչում»,-ասաց նա և ավելացրեց, որ այն արձագանքները, որ ստանում են Եվրոպայից, դեռևս միայն դրական են։



 



Hraparak.am-ի դիտարկմանը, թե երգը յուրահատուկ է իր՝ կրկներգ չունենալու և ոչ ստանդարտ կառուցվածքով, սակայն արդյոք այս իմաստով ռիսկայի՞ն չէ այսպիսի երգ ներկայացնելը,  Արամ MP3-ն ասաց․ «Ճիշտն ասած՝ մենք առաջինը չենք, որ նման ոճի երգ ենք ստեղծում, խոսքը կառուցվածքի մասին է, աշխարհում կան բազմաթիվ համաշխարհային հիթեր, որոնք ունեն հենց այդպիսի կառուցվածք, եթե խոսքը գնար պարային երգի մասին, միգուցե ես Ձեզ հետ համաձայն լինեի, որովհետև պարային երգում միշտ ստանդարտ գրվում է տուն-կրկներգ, տուն-կրկներգ, երրորդ ձև, այնուհետև գործիքավորման մի փոքր հատված, որից հետո կրկներգ, կրկներգ, իսկ մեր դեպքում մենք ավելի շատ կպնում ենք մարդու հոգեկան աշխարհին, իսկ հոգեկան աշխարհը, գիտեք, կամաց-կամաց զարգանում, բռնկվում է, և ամենավերջում ունենում ենք հանգստություն, ինչը փորձել ենք ցույց տալ մեր տեսահոլովակում»։



 



Մեր մյուս հարցին, թե միշտ փորձել ենք Եվրատեսիլին ներկայանալ մեր հայկական ազգայինը ներկայացնող որևէ երգով, որում կհնչի անպայման դհոլ, զուռնա, դուդուկ և այլն, ինչը՞ ստիպեց այս անգամ լրիվ այլ ոճում՝ առանց հայկական տարրերի երգով ներկայանալ, Եվրատեսիլ-2014 հայաստանյան մասնակիցն ասաց, որ այս երգի մեջ իսկապես տեղ չկար հայկական գործիքների, որովհետև երգը չէր համապատասխանում դրան․«Բայց երգի սկզբի մասում մենք օգտագործել ենք հայկական մեղեդի, այսինքն՝ երգի սկզբի մասը մոտ է հայկական ժողովրդական լադային տոնացիոն մտածողությանը, որտեղ առկա են մաժոր-մինորային խաղիկներ, այսինքն՝ սկզբի դաշնամուրային հատվածը հայկական երաժշտություն է, որով և փորձել ենք ցույց տալ մի փոքր հայկական էլեմենտ»։



 



Իսկ թե արդյոք այս անգամ երգը կհաղթի՞ քաղաքականությանը, Արամ MP3-ն ասաց, որ նախ սա երգի մրցույթ է, և ինքը դեռ չի մտել Եվրատեսիլի քաղաքական դաշտ, իսկ զուտ արվեստի տեսանկյունից կարող է ասել, որ իր կարծիքով լավ երգն այս տարի կհաղթի։



 



Նա տեղեկացրեց նաև, որ պրոմո տուրն սկսվում է մարտի 27-ից, սկզբում կլինեն Ռուսաստանի քաղաքներում, այնուհետև գնալու են Եվրոպա։ Տուրը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը, որից հետո կվերադառնան Երևան, իսկ ապրիլի վերջում կմեկնեն Դանիա՝ բեմադրության ու նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար:



 



Վահե Մակարյան