Պատգամավորնե՞ր, թե՞ սադրիչներ

Պատգամավորնե՞ր, թե՞ սադրիչներ

ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների մասնավոր այցը Սիրիա այնքան քննադատության  արժանացավ, որ թվում է թեման պետք է փակել: Մանավանդ, հանրային վարկաբեկումն ու ծաղրանքը նման դեպքերում դեռ ծաղիկներն են, բուն դատափետումը կուլիսների ետեւում է լինում: Ի միջի այլոց հանգամանքը, որ պատգամավորները Սիրիա կատարած իրենց այցի մասին մարտին 31-ին տարածած պաշտոնական ամփոփագրում, ի հակադրություն ԱԺ-ի մարտի 29-ի հաղորդագրության, չէին համարձակվել Սիրիայի նախագահի, վարչապետի, խոսնակի հետ հանդիպումներ նշել, ամորֆ ու անորոշ փաստահավաքության եւ առաջարկությունների մասին էին խոսել, վերջում էլ շնորհակալություն հայտնել իրենցից մեկին` այցի հովանավորման համար, հստակ նշան է, որ իշխանական կուլիսներում այդ այցով զբաղվում են:



 



            Բայց Սիրիայից ու Լիբանանից հետո, այժմ էլ Երեւանում են այս պատգամավորները շոուներ տալիս: Մասնավորապես` այցի հովանավոր Արման Սահակյանը երեկ սոցիալական ցանցերում մի երկարաշունչ տեքստ է հրապարակել` ծայրեծայր ցաքուցրիվ զեղումներով եւ արեւելահայերեն, բայց իր ստորագրության փոխարեն, տեքստը վերագրել է Լաթաքիայում ապաստանած Քեսաբի հայ բնակչուհիներին: Հայաստանյան լրատվամիջոցներն էլ տեքստից մեջբերումներ են տարածել: Ի սեր Աստծո, Քեսաբը Լոս Անջելես չէ, Քեսաբի կամ Սիրիայի որեւէ հայ չի կարող արեւելահայերեն գրել: Նրանք ապրում են, մտածում են, խոսում են, գրում են արեւմտահայերեն: Այդքան անմտորեն չարժե ստել, չասելով այլեւս, որ ընդհանրապես պետք չէ ստել:



 



            Ավելին, ՀՀ պատգամավորների սիրիական այցում հետզհետե սադրանք է ուրվագծվում: Ինչո՞վ է բացատրվում, որ երեկ, երբ սոցիալական ցանցերում հիստերիա էր բարձրացել, իբր Սիրիայի ծայրահեղականները Քեսաբում հայեր են սպանում, Լաթաքիա այցելած եւ քեսաբցիներին հանդիպած մեր պատգամավորները լռել էին: Մինչդեռ իբրեւ դեպքերի վայրից վերադարձած անձինք, իրենք պետք է որ առաջինը փութային գրավոր եւ համատեղ հայտարարել, որ Քեսաբից բոլոր հայերը ֆիզիկապես անվնաս հեռացել են, չկա որեւէ հայ զոհ: Նույնիսկ Քեսաբում մնացած շուրջ երեսուն ծերունիները ծայրահեղականների մուտքից հետո անվնաս տարհանվել են: Ինչո՞ւ չարեցին: Հնարավո՞ր է, Սիրիա կատարած իրենց այցի միակ նպատակը սադրանքն էր, որ չգիտես ում խմբավարությամբ եւ կազմակերպմամբ Ասադի ռեժիմի հետ հանդիպումներ ունենան, հետո դրանց մասին բարձրաձայնեն, Սիրիայում հայերի չեզոք դիրքորոշումը վիզուալ խարխլեն եւ սիրիահայության համար խնդիրներ ստեղծեն: 



 



            Հուսանք, այդպես չէ, բայց այդ դեպքում կմնա հարցը, ինչո՞ւ էին երեկ իրենք լռել եւ Քեսաբի քաղաքապետը` Վազգեն Չափարյանն էր հեռախոսազանգերով ու լրատվամիջոցներով հերքում հայ զոհերի մասին տարածվող ապատեղեկատվությունը:



 



Լուսինե Պետրոսյան