Աշտարակի քաղաքապետը փորձում էր լավություն անել ԵԿՄ-ին

Աշտարակի քաղաքապետը փորձում էր լավություն անել ԵԿՄ-ին

Երեկ Աշտարակի քաղաքապետարանում քաղաքի ավագանու հերթական նիստն էր, որը վարում էր քաղաքապետ Արմեն Անտոնյանը։ Նիստում մի շարք որոշումներ ընդունվեցին, որոնք հիմնականում վերաբերում էին հողահատկացումներին, սակայն եղան նաեւ որոշումներ, որոնք չընդունվեցին, ու դա, մեղմ ասած, այնքան էլ դուր չեկավ քաղաքապետին։ Ուշագրավ էր հատկապես Երկրապահ կամավորականների միության Աշտարակի տարածքային բաժանմունքին, որտեղ գործում է պատանի երկրապահների ակումբը, ամսական 40 հազար դրամ համայնքային բյուջեից հատկացնելու հարցը: Նիստին ավագանու 15 անդամներից ներկա էր 14-ը, ուղիղ կեսը՝ 7 հոգի, դեմ արտահայտվեց որոշմանը, թե «ինչու ենք մենք ամսական 40 հազար դրամ գումար ուզում տրամադրել ԵԿՄ-ին, երբ ԵԿՄ-ն ինքը կարող է իր միջոցներից իր կառույցներին գումար տրամադրել, ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը հոգա ԵԿՄ-ի կարիքները… պետք չէ ԵԿՄ-ին լավություն անել ու գեներալների աչքը մտնել»։ «Էդ 40 հազարը կարող ենք բաշխել սոցիալապես անապահով ընտանիքներին, դա միանվագ չի, որ մի անգամ տրամադրենք ու վերջ, ամսական ա, ու ես խնդրում եմ չքվեարկել այս որոշման օգտին»,-կոչ արեց ավագանու անդամ Սարիբեկը։ Արմեն Անտոնյանը զայրացավ. «Մի հատ խնդրում եմ ուշադիր որոշումը կարդացեք։ Ուրեմն խոսքը վերաբերում ա պատանի երկրապահների ակումբին, ոչ թե ընդեղ ինչ-որ մարդու, ակումբին՝ ռազմահայրենասիրական աշխատանքների կազմակերպման համար… սա զուտ ազնիվ մղումներով հայրենանվեր ու ռազմահայրենասիրական մի փոքրիկ օգնություն է»։ Բայց ապարդյուն, քաղաքապետն ստիպված էր հաշտվել ավագանու որոշման հետ։ Նիստից հետո մեզ հետ զրույցում նա ասաց. «Ես գտնում եմ, որ այդ խնդրանքը՝ մեր տեղական երկրապահների միության, մենք պիտի կատարենք»։




- Իսկ ո՞ւմ կողմից է եղել խնդրանքը, անձամբ Մանվել Գրիգորյանի՞, թե՞ ԵԿՄ վարչության։






- Ոչ՝ տեղական, Աշտարակի տարածաշրջանի երկրապահների միության կողմից։



 



- Ըստ Ձեզ՝ արդարացի չէ՞ր ավագանու որոշումը, որ դա կարող էր հենց ԵԿՄ-ն տրամադրել։






- Ես չեմ կարող ասել նրանց հզորության մասին, բայց ես, ընդհանրապես, կողմնակից եմ, որ հարցին նայենք շատ ավելի ոչ անձնավորված, թե ստեղ, օրինակ, ԵԿՄ-ի Նհոն ա մեր, թե Պողոսը, թե Պետրոսը, այլ ուզում եմ, որ խնդրին լայն նայենք, այսինքն՝ անկախ նրանց ղեկավարությունից, գումարով աջակցել անհրաժե՞շտ ա, թե՞ ոչ։



 



- Բայց որեւէ մեկը չէր էլ անձնավորում, խնդիրն այն է, որ ԵԿՄ-ն խոշոր կառույց է ու ինքը կարող է ֆինանսավորել իր ակումբներին։






- Համաձայն եմ, իրենք պարտավոր են, մենք էլ պարտավոր ենք մեր կողմից աջակցելու, այսինքն՝ համայնքի, համայնքապետի լիազորությունների մեջ մտնում ա նաեւ նման կառույցներին աջակցելը… համայնքի համար գործ անող, մանավանդ ռազմահայրենասիրական գործի հետ կապված որեւէ կառույց եթե դիմի, նորից էլի նմանատիպ ձեւով պիտի դրվի քննարկվի եւ հնարավորության դեպքում պիտի աջակցվի։



 



- Այս որոշման պատճառով Մանվել Գրիգորյանը կնեղանա՞ Ձեզնից։






- Ես էդ հարցին միանշանակ չեմ կարող պատասխանել, բայց չէի ուզի, որ… մենք անձնապես ծանոթ չենք, ես անձնական ուղիղ կապ իր հետ չունեմ, ես ընդամենը մտածում էի ստեղի տարածքային կառույցին աջակցելու մասին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ