Ինչո՞ւ են հեռանում Հայաստանից․ հոգեբան

Ինչո՞ւ են հեռանում Հայաստանից․ հոգեբան

Երբ եվրոպացի հյուրեր ենք ունենում, նրանք զարմանում են․ «Հայաստանն այդքան էլ աղքատ երկիր չէ։ Ինչո՞ւ են բոլորը փախնում»։ Վերջերս էլ Եվրոպայի հետ ռեադմիսիայի պայմանագիր ենք կնքել․ նրանք եկել են, ուսումնասիրել Հայաստանը և եկել այն եզրակացության, որ Հայաստանն այն «վատ երկիրը» չէ, որտեղ բոլորն աղքատ են և անվերադարձ հեռանալու կարիք կա։ Ի՞նչն է այդ դեպքում պատճառը, որ ամեն տարի Հայաստանից հեռանում են հազարավոր մարդիկ, ինչո՞ւ են մեր հայրենակիցները հեռանում կամ հնարավորության դեպքում ցանկանում հեռանալ։



 



Հոգեբան Կարինե Նալչաջյանն օրինակ է բերում Վահան Տերյանի ստեղծագործությունից մի հատված․ «Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ։ Բայց մեր պարագայում առաջնային դերը հմայքը չէ, որովհետև մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր հեռանում են՝ արցունքն աչքերին։ Ինչո՞ւ են գնում մարդիկ։ Իհարկե, սոցիալ տնտեսական պայմաններն են, աղքատության խնդիրները, որոնք չեն հաղթահարվում»։ Մասնագետի կարծիքով, սակայն, դա միակ պատճառը չէ, քանի որ կան մարդիկ, ովքեր ֆինանսապես ապահովված են, սակայն նորից հեռանում են․ «Կան մարդկային որոշակի պահանջմունքներ, մարդը պետք է նաև հոգեբանորեն նորմալ պայմաններում լինի։ Եթե ինչ-որ տեղ մենք մեզ հարմար չենք զգում, առաջին գործողությունը փախուստն է, դա նորմալ է, մարդկային է։ Հոգեբանորեն սեփական ազգից, սեփական երկրից օտարված լինելու զգացումն է։ Հեռանում են սեփական ազգից, էթնոսից օտարվածները»։



 



Կարինե Նալչաջյանը չհամաձայնվեց այն մտքի հետ, որ հայերը քոչվորի հոգեբանություն ունեն, նա ավելի շատ հակված է հոգեբանական այդ հակումն անվանել պանդխտություն։