Երազում ցավը ու Հիսուսը՝ 72 համարի ավտոբուսի մեջ

Երազում ցավը ու Հիսուսը՝ 72 համարի ավտոբուսի մեջ

Նա՝ փողոցով քայլելիս, լապտերի լույսի տակ, հուզիչ առեղծված: Մորուքի տակ դեռ բաբախող դիմագծեր: Քո հայրենիքը ջազն է, թող պարի հոգիդ ռիթմերի սրտում, ես գիտեմ՝ մի օր ցավը մահից հետո առաջ քայլ չի դնելու, իսկ մինչ այդ, խնդրում եմ, թափ տուր թեւերդ, սուզվիր Քոլթրեյնի սաքսոֆոնի մեջ, թող փչի քեզ իսկական գժի սիրով, մինչեւ հեռավոր աստղերը:



 



Քանի քնած ես, քայլիր երազանքիդ ետեւից, մտիր ու դուրս արի, ճանաչիր ու ճզմիր քաղաքի նրբանցքները, փնտրիր ու տիրիր մոլորակի պես կլոր սկավառակները, որոնց մակերեսին անմարդաբնակ կղզիների սահմաններ են գծում: Ես տեսա զգացական ճանապարհիդ հավատարիմ ուղեկիցներին, որ հանգիստ ննջում են մահճակալիդ հենված, երբեք չդավաճանելով մենակությանդ: Տագնապից կնճռոտված սավան: Նստել եմ կողքդ, մաշկս հպվում է մաշկիդ, թավ խոտի պես ծփուն աղվամազերն իմ դավաճանում են հուզմունքս:



 



Զզվում եմ իմ ջահել, ցանցված սրտից: Տիրոջս մերը, չեմ ուզում մեռնես: Նույն օղուց մեր ամառանոցում էլ կա. կծկված անկողնու վրա, առանց կոշիկները հանելու` պառկել է վերջին Աստծո պես, որ մոտենամ նստեմ կողքը վախեցած քայլերով` չկարողանալով փրկել ոչ նրան, ոչ ինձ: Ես Հիսուսի հոգին չունեմ, բայց շատ եմ ուզում ունենալ: Ես ունեմ մի բան` օղի, ում կարող եմ 72 համարի ավտոբուսով ուղարկել քեզ մոտ, որ  հպվեք իրար: Նույն հոտն արդեն 28 տարի ապրում է ռունգերիս մեջ: Սիրում եմ կյանքին ապստամբող հոտը թմրության, ինչպես քո Մայլսի  շեփորը, որ հրճվում է ինքն իր համար, ինքն իր կյանքով: Քո տված սկավառակները լսում եմ հորս հետ, երբ խնդում ենք մենք մեր վրա` քնի մեջ երազ տեսնող երեխայի պես: Մորուքի տակ թաղված դեռ ապրող դիմագծեր, որոնք թրթռում են աստղերի համբույրներից: Եվ ուրեմն, քանի երազ ես տեսնում, վայելիր  հարազատ  աշխարհիդ լավագույն տղերքի կատարումները, թավալ արի ճղրտված սավանի մեջ, մաշվիր սավանին քսվելով: «Եվ մեծ սեր` դեպի վեր ու դեպի վար: Ահա վերջին խոստովանությունը, կարճ աղոթքը եւ հրաժեշտի տեւական հնչյունը նուրբ թրթռալով մարում է` համբառնելով, կամաց-կամաց տարրալուծվելով Լույսի մեջ: Առաքելությունն ավարտված է-հանճարը ետ է վերցվում»: Հիմա բառերդ են նվագում մեղեդին, բառերով նվագելու արվեստը քո վերջին իրականությունն է, որ տրված է որպես պարգեւ հավատարիմ զինվորին: Իսկ ես քնում եմ հյուրասենյակում, գետնի վրա` ամեն օր մեջքս կոփելով ապագա դագաղիս համար, ու լուսաբացին վազում եմ ներքեւ, որ ուսերս հենեմ պապիս ճոճվող ոտքերի տակ: Թեթեւ ոտքեր՝ ալիքվող բարի քամուց: Երկու ձեռքով պինդ սեղմել եմ ուսերիս:



 



Վերադառնում եմ տուն: Լավ, մի նեղվի: Մի բան դիր լսենք Խանջյանի ջազից: Ծխախոտ վառի ու պառկի: Տեղերդ դեռ տաք են: Ականջ մի դիր տնեցիների սրտաճմլիկ ողբոցներին: Ես կհենվեմ ուսերիդ, որ երազդ լսեմ, կնստեմ կողքդ, մինչեւ հանգիստ կհանգչես:



 



Արամ ՊԱՉՅԱՆ