ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում դիտորդական առաքելության խումբը ներկայացրել է հերթական հաշվետվությունը

ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում դիտորդական առաքելության խումբը ներկայացրել է հերթական հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ներկայացրել է հերթական՝ 2013 թվականի գործունեության մասին հաշվետվությունը:



 



Փաստաթղթի ներածության մեջ մասնավորապես նշվում է.



 



«Ազատազրկման վայրերը մշտապես հանդիսանում են անհանգստության առարկա, ինչպես փորձագետների համար, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով, այնպես էլ քաղաքացիական հասարակության համար, քանի որ այդ վայրերում մարդու իրավունքների խախտման հավանականությունը մեծ է:



 



Վերջին տարիների ընթացքում ազատազրկման վայրերի մոնիթորինգի գաղափարը և դրա իրականացումը ակնհայտորեն տեսանելի են ՀՀ-ում հասարակական վերահսկողություն իրականացնող երկու Դիտորդական խմբերի գործունեության արդյունքում: Ընդունված է, որ ազատազրկման վայրերում խոշտանգման, վատ վերաբերմունքի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է ազատազրկման վայրերերի թափանցիկության ապահովումը, որն էլ ինքնին ևս մեկ կարևոր երաշխիք է վատ վերաբերմունքի դեմ պայքարի համար:



 



Այս համատեքստում հատկապես կարևորվում է ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանությունը, քանի որ այդ համակարգը երկար ժամանակ փակ է եղել հասարակության համար: Ինչպես իշխանության, այնպես էլ հասարակության գերակշիռ մասի մոտ կարծիք կար, որ նշված համակարգում պահվում են «հանցագործներ», իսկ տվյալ դեպքում մարդու իրավունքների խնդիրները հիմնականում քննարկման ենթակա չեն: Ազատազրկումը ինքնին արդեն պատիժ է և չպետք է ազատազրկման վայրերի պահման պայմանները և ազատազրկվածի նկատմամբ վատ վերաբերմունքը բերեն մարդու արժանապատվության նվաստացմանը:



 



Ազատազրկված անձանց հետ վարվեցողության ՄԱԿ-ի նվազագույն չափորոշիչ կանոնների 55-րդ կանոնի համաձայն` պետությունները պարտավոր են. «ստեղծել այցելությունների կանոնավոր համակարգ, որոնք կիրականացվեն միջազգային կամ տեղական անկախ մարմինների կողմից, այն վայրեր, որտեղ պահվում են ազատազրկված անձինք, որի նպատակը կլինի կանխարգելել խոշտանգումները և այլ դաժան, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը»:



 



06.02.2002թ-ին փետրվարի 6-ին ընդունվեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որի 47-րդ հոդվածով կանոնակարգվեց ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ իրականացվող հասարակական վերահսկողությունը: 2005 թ-ի հունվարի 14-ին հաստատվեց Դիտորդական խմբի ներքին կանոնակարգը, իսկ 2006 թ-ի մարտի 10-ին կազմավորվեց Դիտորդական խումբը, որով էլ Դիտորդական խմբին տրվեց լիազորություն զբաղվելու ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով:



 



Խումբը իր մոնիթորինգային աշխատանքները ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում սկսելէ 2006 թ. ապրիլ ամսից: 2006 թ-ից մինչ օրս խումբը յուրաքանչյուր տարի ներկայացրել է 6 տարեկան հաշվետվություններ` ընդհանուր ՁՊՎ-ների պահման պայմանների, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ: Դիտորդական խումբը 2013թ-ի ընթացքում իրականացրել է 65 նախատեսված և 31 չնախատեսված այցելություններ` ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներ:



 



Դիտորդական խմբի 2013թ-ին կատարած մոնիթորինգների արդյունքում արձանագրած փաստերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` ուսումնասիրելով հաշվետվությունն ամբողջությամբ: